ԵՐԱԽԱՅՐԻՔ

ԵՐԲԵՔ  ՈԻՇ Չէ... 


 

- Տա´տ, էս ի˜նչ սիրուն նախշեր են:

- Սուրբ Մեսրոպի տառերն են, ձա˜գս...

Գոհարին տատը պահեց, մեծացրեց: Որբի ճակատագիրը տատից անցավ թոռնուհուն: Այդպես էլ չտեսավ` տատը ե՞րբ քնեց, ե՞րբ արթնացավ: Միայն նախշուն գորգն ու կարպետներն էր տեսնում տատի ցամաքած ձեռքերով գործած և ներքևում` անպայման սուրբ Մեսրոպի տառերը:

- Տա´տ, որտե՞ղ ես սովորել հայոց գրերը:

- Լիկկայանում, ձա˜գս,- հպարտորեն կրկնում էր տատը:

Իզուր անցան տատի հորդորները, որ աղջիկր արհեստ սովորի. կյանք է, պե´տք կգա: Չէ, Գոհարը երգել էր ուզում:

Կատարվեց երազանքը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, աշխարհի բեմեր... Թվում էր` հեքիաթն անվերջ է լինեյու:

Ծնվեց հրաշք դստրիկը` Հռիփսիմեն: Գոհարի գլուխը պտտվում էր երջանկությունից:

Ամեն ինչ ավարտվեց Նախշուն տատի մահով: Դեռ ուշքի չեկած, մնաց առանց աշխատանքի, կոկորդը դավաճանել էր: Բայց դստրիկը իր մեծ աչքերով նայում էր Գոհարին: Հուսահատվելը Գոհարի համար չէր: Սիրում էր իր երկիրը և շատ-շատերի նման չէր էլ մտածում բախտ որոնել օտար ափերում` չմեղադրելով, անշուշտ, իր այն հայրենակիցներին, ովքեր արդեն հեռացել էին: Ծանր ժամանակներ էին. գոյատևել էր պետք: Հարևանների մոտ էր թողնում դստերն ու շրջում փողոցներով, թակում դռներ` աշխատանք գտնելու ակնկալիքով: Բայց ամեն տեղ պահանջում էին երիտասարդ, բարձրահասակ և բարետես արտաքինով աղջիկներ:

- Գոհա´ր. իրավունք չունես ձեռքերդ ծալելու,- ասում էր ընկերուհին, որ երեք ամիս էր Գոհարի և 5-ամյա Հռիփսիմեի հոգսերը վերցրել էր իր վրա,- շնորհքով աղջիկ ես, կար ու ձև արա, սկսի´ր իմ հագուստից, եթե ինչ-որ բան այն չլինի, հոգ չէ, կսովորես:

Այսպես սկսվեց: Մեկ շաբաթից պատվերներ եղան: Սկզբում մեկ, երկու, հետո ավելի ու ավելի: Մեկ հարևանն էր ինչ-որ բան ձևափոխում, մեկ ընկերուհին, մեկ բարեկամները: Ամեն ինչ լավ էր կարծես, բայց Գոհարը հանգիստ չէր. վերջերս տատիկի կարպետներից էր գտել պահարանի խորքից և ամեն ինչ ներսում տակնուվրա էր եղել: Գոհարը ստեղծագործել էր ուզում: Թերթերում հայտարարություն էր կարդացել` «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպում է դասընթացներ:

Գոհարը արագ էր սովորում: Մատները ավելի ու ավելի ճարպիկ էին շարժվում: Մասնագետները քաջալերում էին նրան: Երգն էլ իր հերթին էր օգնում Գոհարին: Առաջին գորգին, կարպետին հետևեցին նորերը: Պատկերները գալիս էին ու գալիս: Արդեն դստրիկն էլ էր երբեմն օգնում: Վարպետացավ, և եկավ այն օրը, երբ ինքն էլ գորգի ծայրում գրեց իր անունը Նախշուն տատի սովորեցրած Մեսրոպյան տառերով...

Մարիամ ԱՅԴԻՆՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս