ԱՆԴՐԱԴԱՐՁ

Չարչրկված հարցի խելամիտ, դիպուկ պատասխանը - «ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆ»


 

Մեր օրերում, ցավոք, քիչ են ստեղծվում նման գրքեր, քիչ կան նման հեղինակներ, և այսօր, եթե կա ճշմարիտ, բարեկիրթ, իր գործի գիտակ և նվիրյալ մտավորականի չորս, հինգ օրինակ, ապա առաջիններից մեկը, անվերապահորեն Ալեքսանդր Թոփչյանն է:

Չի մասնակցում քաղաքական և գրական մրցավազքերին, բայց միշտ հաղթական եզրագծում է: Չի մասնակցում քաղաքական և գրական անդրկուլիսյան կասկածելի դերաբաշխումներին, բայց միշտ իր գլխավոր դերն ունի գրական կյանքում, չի մասնակցում կոչումների, դափնիների, մրցանակների տոնավաճառ-աճուրդներին, բայց իրական դափնեպսակը միշտ իր գլխին է: Ինչո՞ւ... Հարցը մեկն է, պատասխանները` բազում, թեպետ, կարող է պատասխանն էլ մեկը լինել. որովհետև նա իր տեղում է, անում է իր գործը, արարում է այն, ինչին կոչված է: Այսքան բան` պարզ ու հասկանալի...

Ճիգեր, կաշվից դուրս գալ, կուրծք ծեծել, հաճոյանալ. սա թոփչյանական արյուն չէ, թոփչյանական խառնվածք, թոփչյանական ձեռագիր և թոփչյանական նպատակ չէ: Ինձ համար փնտրված անուն է Ալեքսանդր Թոփչյանը` որպես գրաքննադատ, որպես դրամատուրգ, որպես արձակագիր, որպես թարգմանիչ: Նուրբ ճաշակի, նաև բարձր որակի կնիք և ստորագրություն կա այս անուն, ազգանվան մեջ, և վստահ կարող ես ընթերցել այն գործերը, որոնց տակ այս անուն, ազգանունն է:

Այս վստահությամբ էլ ընթերցել և վերընթերցել եմ «Բանկ Օտոման» վեպը: Կառուցվածքով` ոչ ստանդարտ, դասական, ասելիքով` սեղմ, կուռ, բազմաշերտ, խորը, հետևաբար` շատ ավելի դիպուկ, երբեմն` սարկազմի հասնող հումորով, տեղ-տեղ սթափեցնող, տեղին ապտակներով, միամտության և ինքնախաբեության ոչ թե շղարշները, այլ անթափանց, ամուր «բրեզենտները» պատռելով. «ծայրահեղ բարբարոսության դեպքում հավասարապես հանցավոր է ծայրահեղ միամիտ լինելը… Մեկ անձին թույլատրված է Հիսուս լինել, բայց ո´չ մի ամբողջ ազգին»:

Արդար է Թոփչյանի զայրույթը հայերի նկատմամբ.

- Այսքանից հետո դեռ տխմար հարց են տալիս. «Քրիստոնեական աշխարհը ի՞նչ պիտի անի… Ինչ-որ անելու էր, արեց»:

Թոփչյանը նաև այսքան չարչրկված «Հայկական հարցի» պատասխանն է տալիս, որը քաղաքական անհեռատեսության, ինչո՞ւ ոչ` բթության պատճառով նաև այսօրվա քաղաքական վերնախավը չի ցանկանում ընդունել. «Եվրոպական գերտերություններն իրենց մութ նպատակներին հասնելու համար են «հայկական հարցը» հանում մեջտեղ: Եվրոպան երբեք չի ցանկանա, որ «Հայկական հարցը» վերջնականապես լուծվի: Անգլիան և Ֆրանսիան կարծում են, որ այդ հարցի լուծումով պիտի շահի Ռուսաստանը, իսկ Գերմանիան և Ավստրիան կտրականապես դեմ են, քանզի դրանով կթուլանա իրենց դաշնակիցը…»:

Այսքանից հետո ի˜նչ իմաստ ունի ապավինել գերտերությունների խղճին, երբ նրանց համար հողից սկսած, մինչև մարդկային զգացմունքներ առ ու ծախի առարկա են:

Զբոսանավում, ծպտված Կարո Բաբաջանյանին օտարերկրացի պարոնը անտարբեր ասում է. «Դուք` ողջերդ արդարություն եք պահանջում ձեր մեռելների համար, այսինքն` պահանջում եք արժանապատվություն, որը ոչ այլ ինչ Է, քան կյանքի իրավունք, իսկ դրա համար պետք է վճարել: Երբեմն շատ թանկ»: Քիչ է մնում վիրավորանքից ոռնաս. փոքր ազգերի ճակատագիրը, ապրելու իրավունքը, երկրի սահմանները վճռելու և տնօրինելու իրավունքը ո՞վ է տվել այդ «հզորներին»: Կամ ինչո՞ւ այդքան ճկուն լինելով լեզուներ սովորելում, մի կարևոր լեզու չսովորեցինք, հեղինակի բնորոշմամբ. «Գազանի հետ գազանի լեզվով խոսել»: Ընդունել է պետք մի ցավալի փաստ ևս, որը մեր ամենամեծ ողբերգությունն է. ազգի ճակատագիրը իրենց կասկածելի, ոսկու մեջ կորած ձեռքերում աջ ու ձախ տվող, կշտախեղդ, պորտաբույծ ընկեր վարդգեսներն են ազգի թիկունքին առաջին հարվածողները, նրա բախտի անիվը դառնության, կորուստների ձորն ի վար գլորողները...

Վեպն ընթերցելիս, եզրակացնում ես. հայրենասիրությունը անտես, համաչափ տրոփող զարկերակ է, ոչ թե կուրծք ծեծելու, թուրքին հայհոյելու և հային գովաբանելու լեզվական շաղախ: Վերջինը նման է կանգնած տեղում գլխից վեր նետված քարի, որը վայրէջք է կատարելու նետողի գլխին: Ինչո՞ւ է ողջախոհության ձայնն այդքան թույլ, անլսելի: Ինչո՞ւ ենք մեր տունը նախ մենք քանդում` ինքնամեծարման բահն ու անմիաբանության քլունգը մեր թշնամու ձեռքը տալով… Ինչո՞ւ ենք մեր նախկին սխալների և անհեռատեսության հետքերը այսօր փորձում անինքնասիրության, աներեսության գարշ ջրով մաքրել: Կախվել ենք աշխարհի բերանից` ի՞նչ ենք ուզում լսել, կամ ազգային արժանապատվության գնով կորզած քաշած վավերացումներն ու հաստատումները ի՞նչ արժեք ունեն, և պե՞տք են արդյոք:

Բացարձակ ճշմարտություններն ապացուցման կարիք չունեն: Ցեղասպանության հարցը երկդիմի քաղաքականություն վարող Եվրոպայի և ԱՄՆ-ի ձեռքին շահութաբեր մահակ է Թուրքիայի գլխին: Եվ աշխարհն իր շահի ճոճաթոռին նստած, այդ հարգի կրակը թեժ պահելով` իր ձեռք ու ոտքն է տաքացնում: Ամո´թ է...մեկ անգամ էլ եմ ասել, կրկնեմ. բա´վ է ազգի ինքնասիրությունն ու արժանապատվությունը ուղեգորգի նման ամեն Ապրիլի 24-ի նախօրյակին փռենք ԱՄՆ-ի և Եվրոպայի ոտքերի տակ, հետո հուսախաբ եղած հավաքենք` մինչև հաջորդ Ապրիլի 24: Կարծում եք դա ավելի՞ն է, քան «Բանկ Օտոմանի» նման մեկ գիրք գրելը: Բնա˜վ:

Բարեբախտաբար այս վեպը շարունակվում է թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և քայլ առ քայլ, Արդարության և Հատուցման գնացքը այսպես ավելի շուտ կհասնի բաղձալի կայարանին, քան այս կամ այն պետության խղճին և բանականությանը ապավինելը, կամ սադրանք մուրալը… Հնացած է «Նպատակն արդարացնում է միջոցները» դրույթը: Թեպետ, միշտ էլ այս միտքը անընդունելի պիտի լիներ: Նույնն է, մեր օրերում խարդախությամբ փող վաստակես և բարոյականության ու ազնվության մասին գիրք տպես այդ փողով:

Ընդհանրապես, երկկողմանի մեդալ է չհասկանալը. ինչպես ազնիվ մարդու հոգեբանությունն է խարդախի համար անըմբռնելի, այնպես էլ խարդախի հոգեբանությունն է ազնիվ մարդու համար անհասկանալի, ինչպես չարը բարուն չի հասկանում, այնպես էլ բարին` չարին, և այսպես` անվերջ...

Այս վեպում, սակայն, կա ասելիք, որն ըմբռնելի է բոլորին. կա ոճիր` կլինի հատուցում, կա կեղծիք` կլինի արդարության հաղթանակ: Այսօր, թե վաղը. դա Էլ մեր հեռատեսութ յունից, արժանապատվությունից և ողջախոհությունից է կախված: Ես համոզված եմ, եթե երբևէ վեր պարզվի Արդարության և Հատուցման դրոշը, ապա այդ դրոշի մի պատառիկը «Բանկ Օտոման» վեպն է լինելու: Սպասենք… 

Գայանե ԱԹԱՆՅԱՆ