Նախընտրական կովամորթ


 

Աշխարհում ամենուր ինչե˜ր միայն չեն կատարվում` նախընտրական կոչվող մրցավազքում: Ախր բոլոր թեկնածուներն ուզում են անպայման ընտրվել, իսկ նրանց մերձավորներն ու հարազատներն էլ անում են ձեռքներից եկածը` նպաստելու իրենց հաղթանակին:

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի հարազատներն, օրինակ, 12 կով են մորթել և զուլուսական ծիսակարգ կատարել, որպեսզի նրան օգնեն` պահպանելու պաշտոնը` 2014-ին կայանալիք ընտրություններում (գրել է The StΖr-ը):

Արարողությունը տեղի է ունեցել Զումայի անձնական նստավայրում: Ինքը` օրվա հերոսը զուլուսական մարտիկի հագուստով մասնակցել է նիզակներով ավանդական պարին: Ծեսին մասնակցել է մի քանի հազար մարդ. հիմնականում` ազգականները: Բոլորն աղոթել են և իրենց նախահայրերին աղերսել` օգնելու պետության առաջնորդին: Հետո բոլորը հյուրասիրվել են զոհաբերված կենդանիների մսով:

Միջոցառման ավարտին նախագահի թիկնապահները լրագրողներին ստիպել են հեռանալ` չմոռանալով նրանցից վերցնել գրառումները:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերին: 70-ամյա Զուման երկիրը կառավարում է 2009 թ. մայիսից: Նա պաշտպանում է զուլուսական ավանդույթները` հատկապես ամուսնության հարցերում: Նա Հարավային Աֆրիկայի առաջին նախագահն է, ով պաշտոնապես հայտարարեց ավանդական բազմակնության հանդեպ իր դրական վերաբերմունքի մասին: Այս տարվա ապրիլին անձնական օրինակով փաստեց իր այդ վերաբերմունքը` ամուսնացավ 6-րդ անգամ: