Նախագահի դուստր, մուսուլմանուհի Գուլնարան 


 

Իր շվայտ վարքագծով նա նորից հարուցել է պահպանողական իր հայրենակիցների զայրույթը: Ուզբեկստանի առաջնորդ Իսլամ Քարիմովի աղջկա դեմ այս անգամ կրքեր են բորբոքել համացանցում հայտնված լուսանկարները:

Չի կարելի ասել` էրոտիկ բնույթի, բայց ոմանք գուցե հենց այդպես էլ ընկալել են: Իրականում 40-ամյա Գուլնարա Քարիմովան իր Twitter-ում տեղադրել է սեփական լուսանկարները` յոգային մարզումներ կատարելիս: Դրանցում կիսավարտիքով ու մարզաշապիկով նա ցուցադրում է «կատու», «շուն» և ասանայի այլ վարժությունները: Այդ բոլորն ասես քիչ է, նա ընդառաջելով թվիթերյան իր բարեկամների խնդրանքներին` նույն էջում տեղադրել է նաև իր ձեռքերի ու ոտքերի լուսանկարները, որոնք մանիկյուր ու պեդիկյուր են ցուցադրում:

Գուլնարան ճանաչված է ոչ միայն սոսկ երկրի նախագահի դուստր, այլև` որպես իսպանիայում Ուզբեկստանի դեսպան, որպես երգչուհի, ձևավորող, ձեռնարկատեր: Ավելին, նա համարվում է նախագահական աթոռի ժառանգորդուհի: Ու հանկարծ` այսքա˜ն «անկեղծ» նկարներ, այն էլ` ի տես ամենքի...

Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը` մահմեդականներն իրենց վիրավորված են զգում այն պատճառով, որ «ուզբեկ արքայադստեր» հագին չափազանց քիչ է հագուստը, և չափազանց ազատական է կեցվածքը: Պետք է նաև նշել, որ ի հակառակ այսպես մտածողների` շատ բլոգերներ, ընդհակառակը` գովաբանել են Քարիմովային` հրաշալի ֆիզիկական տվյալների համար:

Գուլնարան բազմիցս քննադատվել է ուզբեկների կողմից` շքեղամոլության և իրեն արտոնյալ համարելու համար: The DΖily MΖil-ը հիշեցրել է, որ 2012 թ. նա ճանաչվել է «ամենաատելի անձը երկրում»:

Ուզբեկ «արքայադուստրը» հաճախ է հայտնվում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ամենաաղմկահարույց միջադեպերից մեկը Նյու Յորքում նորաձևության շաբաթին նրա մասնակցությունն էր: Գուլնարան այնտեղ պետք է ցուցադրեր իր ձևավորած հագուստը: Բայց մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ճնշելու համար Իսլամ Քարիմովին մեղադրող իրավապաշտպանների պահանջով նրան թույլ չտվեցին ցուցահարթակ ելնել: Իսկ իր նորաձևությունը Քարիմովան այնուամենայնիվ ցուցադրեց. ու հենց Նյու-Յորքում, բայց` պարսկական շքեղ մի ռեստորանում: