ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ


 

Հայաստանում նախընտրական իսկապես հետաքրքիր ու աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, որն այս անգամ ձեռք է բերում աշխարհաքաղաքական մեծ նշանակություն և խաղաքարտի վրա դնում Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք ընտրությունը: Քաղաքական մի դիլեմա, որն արդեն տևական ժամանակ դրված է հայաստանյան իշխանությունների առջև:

Ինչպես արդեն գիտենք` նոյեմբերի 30-ին Երևանում տեղի է ունենալու ԵԺԿ Արևելյան գործընկերության երկրորդ Վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն, ԵԺԿ նախագահ Մարթենսը, ինչպես նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Սա այնքան էլ պատահական կամ ընդամենը հերթական իրողություն չէ:

- Այդ իրադարձությունը լրացնելու է այն շղթան, որն արդեն տևական ժամանակ կազմվել և ակնհայտ է դարձնում Հայաստան-Արևմուտք հարաբերությունների աննախադեպ սերտացումը և այդ ուղղությամբ հետագա ընթացքը: Արևմուտքը կարծես թե լրջորեն տրամադրվել է Հայաստանի համար դառնալ ռուսական գերազդեցության գործնական այլընտրանք,- հայտարարում են քաղաքագետները:

Հայաստան-Արևմուտք կապերի սերտացման, նոր քաղաքական և տնտեսական ուղղությունների գերակայության համար արդեն ճշգրտվել են այն ճառագայթները, որոնք այսօր դրված են Հայաստանի առջև. Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ: Որքան էլ Մեծ Բրիտանիան բացարձակորեն հակված է դեպի Ադրբեջանն ու աչք է փակում այս երկրում տիրող իրավիճակի վրա, այնուհանդերձ հայտնի է դարձել, որ Միացյալ Թագավորության հայաստանյան դեսպանատան ջանքերով և նախաձեռնությամբ Հայաստան են գալիս մեծ թվով բրիտանացի գործարարներ` ուսումնասիրելու գործարար դաշտը, քննարկելու ներդրումային հեռանկարները, Հայաստանն ընդգրկելու բրիտանական գործարար ծրագրերի մեջ: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ վերջերս ստորագրվեց հայ-ամերիկյան հուշագիր` էներգետիկ ոլորտում գործակցության մասին: ԱՄՆ-ը վերջին շրջանում շատ է հայտարարել, որ ցանկանում է Հայաստանում մեծացնել ներդրումները, նաև ամեն ինչ անել` Հայաստան-ՆԱՏՕ գործնական կապերի ամրապնդման համար: Ուրեմն, ԵԺԿ Վեհաժողովն իսկապես կոչված է մի շարք հարցեր լուծելու և Հայաստանին վերջնականապես կողմնորոշելու դեպի Արևմուտք` նվազեցնելով ռուսական ազդեցությունները: Արևմուտքում արդեն անթաքույց խոսում են այն մասին, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար շատ հաճախ ոտնահարում է Հարավային Կովկասի երկրների շահերն ու ամեն ինչ ծառայեցնում իրեն: Պուտինյան Եվրասիական միության գաղափարը ևս միտված է Ռուսաստանի շահերի գերակայությանը: Կրեմլը այս մեծ խաղում Հայաստանը դիտարկում է ոչ իբրև հավասար գործընկեր, լիիրավ խաղացող, այլ ընդամենը ռուսական նկրտումների հենարան: Իսկ սա նշանակում է, որ ցանկացած պահի Ռուսաստանը կարող է Հայաստանի բոլոր շահերը զոհել և լուծել միայն սեփական խնդիրները:

ԵԺԿ-ն մերժեց «Բարգավաճ Հայաստանի» անդամակցության հայտը, ինչն էլ թերևս առիթ դարձավ, որ կուսակցությունը թեքվի դեպի Ռուսաստան և դառնա այլընտրանքային ուժ: Սերժ Սարգսյանն այսօր չոչնչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհանդերձ առավել գործուն է դարձրել շփումներն Արևմուտքի հետ: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն հանդիսանում է ԵԺԿ անդամ: Ռուսաստանում հենց այս իրողություններն էլ լուրջ մտահոգություն են առաջացրել, ուստի այնտեղ որոշել են, իբրև հակազդող ուժ` նախընտրական ինտրիգը ձևավորել Գագիկ Ծառուկյանի շուրջ: Եվ այստեղ ստեղծվում է չափազանց հետաքրքիր վիճակ. Ծառուկյանը հայտարարում է, որ նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին նա կասի նոյեմբերի 30-ին, այսինքն ԵԺԿ Վեհաժողովի ավարտին: Եթե ԵԺԿ Վեհաժողովում Հայաստանն ամբողջապես ընդունի Արևմուտքի հետ կապերի ամրապնդման ուղեգիծ, ապա Կրեմլը կառաջադրի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը և ամեն կերպ կսատարի նրան` օգտագործելով բազմաթիվ լծակներ: Իսկ եթե Սերժ Սարգսյանը հավատարիմ մնա կոմպլիմենտարիզմին և չհեռանա Ռուսաստանից, ապա Գագիկ Ծառուկյանն ամենայն հավանականությամբ կաջակցի Սերժ Սարգսյանին: Երբ ԲՀԿ առաջնորդը ժամանակ առաջ հայտարարեց, որ կուսակցությունը դառնում է ոչ թե ընդդիմադիր, այլ` այլընտրանքային, շատերը չհասկացան գաղափարը: Այսօր ամեն ինչ հստակվում է: ԲՀԿ-ն փաստորեն այլընտրանք է Ռուսաստանի և Արևմուտքի միջև.. 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ