ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵ´Ր, ԿԱ՞Ք, ԹԵ՞ ՉԿԱՔ 


 

ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում 24 ճյուղային կոմիտե է ընդգրկված: Այդ կոմիտեների շարքում, օրինակ, հանդիպում ենք մեքենաշինարարների և սարքաշինա րարների, թղթի արդյունաբերության աշխատողների, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի արհմիություններ և այլն:

Այսինքն, այս համակարգում տակավին խորհրդային իներցիան է իշխում. ձևականությունը չի հեռացել` հաստատելով այն ճշմարտությունը, որ Հայաստանում շատ վաղուց արհմիությունները վերածվել են անկենդան մարմինների, որոնց պատասխանատուներից շատերը ման են գալիս շքեղ ավտոմեքենաներով ու ժամանակ առ ժամանակ դրամաշնորհներ ստանում…

Հավանաբար, «Նաիրիտ» գործարանն ընդգրկված է քիմիական արդյունաբերության արհմիության աշխատողների հանրապետական կոմիտեի կազմում: Ասում ենք` հավանաբար, որովհետև այս հսկա գործարանի աշխատավորները բախտի քմահաճույքին են հանձնված. ոչ ոք չի հետաքրքրվում նրանց խնդիրներով: Օրերս գործարանի մոտ 1000 աշխատող ցույցի էր դուրս եկել` բողոքի ալիքը հասցնելով մինչև նախագահական նստավայր: Շուրջ մեկ տարի այս մարդկանց աշխատավարձերը չեն տվել, շուրջ մեկ տարի գործարանի ղեկավարները խաբում են նրանց` իրենք լող տալով իրենց ստացած միլիոնավոր դրամների մեջ: Կառավարությունում բազմաթիվ խոստումներ են տվել, բազմաթիվ անգամներ հավաստիացրել, թե բոլոր պարտքերը կփակվեն, սակայն մինչև օրս որևէ գործնական քայլ չի արվել:

Նախագահականի մոտ հավաքված մարդկանց զայրույթն այլևս անհնար էր զսպել, նրանք անգամ սպառնում էին գործարանի տնօրենին վայր նետել Դավթաշենի կամրջից, եթե հերթական անգամ խաբեն ու չվճարեն իրենց աշխատավարձերը: Նախագահի նստավայրում խոստացել էին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի մարդիկ ստանան գոնե երեք ամսվա աշխատավարձ, բայց նման խոստումից դժգոհ էին բոլոր նրանք, ովքեր այլևս չեն կարողանում լուծել իրենց կեցության հարցերը: Ամեն օր այս մարդիկ աշխատանքի են գնում, կատարում իրենց պարտականությունները, մինչդեռ ղեկավարները չեն ցանկանում վճարել: Մենք, իհարկե, գիտենք, թե որ բարձրաստիճան պաշտոնյաներն են կանգնած «Նաիրիտի» ստվերում, ովքեր են դարձել ընդհատակյա սեփականատերեր: Այս մասին խոսում էին նաև գործարանի բանվորները, նշում, որ գործարանի տնօրինությունը հովանավորվում է…