Ա˜Յ, ԵԹԵ ՄԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ԲԵՐԵՐ...


 

Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Բաքու, որտեղ նա մասնակցել է ասիական խորագրով ինչ-որ հավաքի, և ունեցել բավական տպավորիչ մի ելույթ.` հայտարարել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ արել առաջինը ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Բաքու մեկնելն իհարկե համարձակություն է պահանջում, առավել ևս, որ Ռամիլ Սաֆարովը հիմա Բաքվում է, ընդ որում` ազատության մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես համարձակ քայլ է կատարել:

Բայց, Հայաստանի քաղաքական գործիչներին արժե խորհել այն հարցի շուրջ, թե ինչի համար են այս կամ այն նպատակով Բաքու մեկնումները: Մեկը ասիական ինչ-որ միջոցառման համար է մեկնում, մյուսները մեկնում են խորհրդարանական շրջանակի ինչ-որ հավաքի:

Իսկ Հայաստանին պե՞տք են արդյոք այդ այցերը: Կարծես թե Բաքուն կամաց-կամաց վերածվում է Հայաստանի քաղաքական գործիչների «արտագնա աշխատանքի» մի վայրի, որտեղ նրանք փորձում են հերոսանալ:

Բաքուն այն վայրը չէ, որտեղ պետք է հերոսանալ: Եթե Հայաստանի որևէ քաղաքական գործիչ, կամ այսպես ասած այր մեկնելու է այնտեղ` ապա միայն մեկ նախապայմանով` այնտեղից որևէ հայ ռազմագերի կամ ադրբեջանական բանակի մի դիպուկահար իր հետ բերելու համար: Քանի դեռ այդ երկրում և քաղաքում պահվում ու խոշտանգվում են հայ գերիներ, ու քանի դեռ այդ երկրի զինուժի դիպուկահարները կամ դիվերսանտները սպանում են հայ զինվորներին ու քաղաքացիներին, Հայաստանից որևէ այլ նպատակով Բաքու մեկնելը (առավել ևս քաղաքական այրերի համար) հերոսություն, խաղաղասիրություն կամ դիվանագիտություն չէ:

Այ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետ բերեր մի դիպուկահար, դա արդեն լիովին կփոխեր իրերի վիճակն ու այցի արժեքը: Այլապես, ժամանակը Բաքու մեկնելու վրա ծախսելու փոխարեն Հայաստանում քաղաքական գործիչները շատ ավելի օգտակար անելիք կարող են գտնել: