Անվերջ վերջ


Այս տարվա սկզբներից երևանցիներս` վարորդ-ուղևորով, մեր քաշածը մենք գիտենք: Դժվար թե գտնվի մեկը, ով անմասն է մնացել քաղաքային տրանսպորտով երթևեկելու, մեղմ ասած, անհարմարություններից, իսկ ուղիղն ասած` նյարդային տառապանքներից: Տարին ինչ սկսվել է, քաղաքում գետին ու ճանապարհ են քանդում: Բարեկարգման աշխատանքները մեզ վրա շատ թանկ նստեցին մանավանդ քաղաքի կենտրոնական փողոցներում: Այս օրերին էլ Կոմիտասի պողոտա, կամ Խանջյան փողոց` Տիգրան Մեծի խաչմերուկով բարձրանալը կամ իջնելը տեղը տեղին տառապել է նշանակում: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված մի տեղեկատվության համաձայն` հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են 24,7 տոկոսով, դժբախտ ավարտ ունեցած դեպքերը` 54,2 տոկոսով: Թե քանի տոկոսով են կազմում երթուղին շրջանցումներով իրականացնող, մեկի տեղ տասը փողոց կտրող վարորդների վնասները, սա նույնպես հաշվելու բան է: Ու եթե դեռ գետինը չոր է, ու մեզ մնում է հաշտվել ճանապարհներին ժամանակ կորցնելու հետ, ապա վայն եկել է, մեզ տարել, եթե մինչև, ասենք, Բարեկամության հրապարակի էստակադայի շինարարության ավարտը ձյուն գա: Կամոյի դպրոցի դիքը էլ բարձրանա՞լ կլինի: Օրերս տեղացած առաջին ձյունն արդեն իսկ տեսանելի դարձրեց հնարավոր դժվարությունները: Այս ողջ ընթացքում երևանցիների համար ծառացած մնաց մի հարց. ինչո՞ւ էր հարկավոր քաղաքը քանդել միանգամից և արդյոք չէ՞ր կարելի լայնածավալ այս շինարարությունը իրականացնել հատվածաբար: Ոլորտի պատասխանատուները հարցերի հարցին այսպիսի պատասխան ունեն. խնդիրը միանգամից կառուցելու մեջ չէ: Պարզապես արվել է այն, ինչը վաղուց պիտի արվեր: (Լավ, բա մեր մե՞ղքը որն է): Ըստ «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանի, մայրաքաղաքում 15 տարի ճանապարհաշինությունը սառեցված է եղել: Իսկ որպեսզի բարեկարգվող տարածքն անընդհատ շինհրապարակ չլինի, բարեկարգողները տրամաբանական և նպատակահարմար են համարում տվյալ տարածքի կամ ճանապարհի ամբողջական բարեկարգումն ու կառուցապատումն իրականացնել միանգամից: Ոլորտի պատասխանատուները նաև տեղեկացնում են, թե 2007-ի շինարարական բոլոր ծրագրերը 95 տոկոսով ավարտված են: Մնացյալ չնչին մասը վերաբերում է գետնանցումներին, ուր ընթանում են հարդարման աշխատանքներ, որոնք մոտակա օրերին կավարտվեն: Մի խոսքով, վարորդներին քիչ է մնացել նյարդայնանալու և ուղևորներին` տառապալի պտույտներ կատարելու Երևանի «թաղերուն մեջ», և Նոր տարին այս մասով կարող ենք ժամկետից շուտ սկսել: Եվ, այնուամենայնիվ, այս փափագելի ուրախության մեջ տխրելու տեղ կա մանավանդ նրանց համար, ում ամենօրյա ճանապարհն անցնում է Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ-Խանջյան հատվածով: Մենք այն «կվայելենք» նաև հաջորդ տարի: Այնպես որ, դեռ քաշելիք ունենք` և° վարորդները, և° մենք` ուղևորներս:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ