Ով հայ ժողովուրդ… Միավորման գործընթացն սկսված է


Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունն այլևս գոյությունի չունի: Այն միաձուլվել է ՀՌԱԿ-ին: Կուսակցությունների միավորման օրինակները Հայաստանի քաղաքական պրակտիկայում ավելի քիչ են, քան առանձնանալու: 90-ականների վերջերին կուսակցությունների մասնատման ցայտուն պատկեր ունեցանք: Մի շարք կուսակցություններ հողաթափերի նման մաս-մաս կտրտվելով-պոկվելով` յուրաքանչյուրից առաջացան մի քանիսը: Ամեն անգամ տարբեր թվերով ներկայացվող և որոշ տվյալներով 70-ի հասնող կուսակցություններից հազիվ 10-15-ն են այսօր ջրի երեսին: Մնացածը քաղաքական դաշտում որևէ դերակատարում չունի, որևէ գործունեություն չի ծավալում, և հասարակությունը մինչև իսկ անտեղյակ է դրանց գոյությանը: Տարբեր քաղաքական ուժերի միավորվելը ինքնին լավ երևույթ է, եթե դա տեղի է ունենում որոշակի սկզբունքների շուրջ, եթե կա ճշգրտված նպատակ, եթե միտված է քաղաքական դաշտի առողջացմանը, որևէ գաղափարի շուրջ համախմբվելով` այդ գաղափարի ուժեղացմանը: Նախընտրական և նույնիսկ հետընտրական շրջանում միավորվելը կարող է կարճաժամկետ լինել, եթե չունի գաղափարական հենք: Թե կոնկրետ Սամվել Բաբայանի դեպքում որն է ՀՌԱԿ-ին միաձուլվելու գաղափարական հենքը` այնքան էլ հասկանալի չէ: Այդպիսի ճշգրտումներ հրապարակավ չեն հնչել (թեև գուցե ինքը` Սամվել Բաբայանն իր համար նման ճշգրտումներ կատարել է): «Որքան էլ «Դաշինք»-ը առանձին վերցրած գրանցել է հաջողություններ, վերջնական հաջողության կարելի էր հասնել միայն ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերի համաձայնեցված փոխգործունեության շնորհիվ»,- սա է նրա ձևակերպումը: Ընդդիմադիր դաշտից փոխգործունեության առաջին քայլն արել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Ինչպես հայտնի է, «ԱՎ» նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարել է, թե միավորվելու մասին կուսակցության որոշումը սպասում է վավերացման: Իսկ թե ինչ հաջողությունների մասին է խոսում Սամվել Բաբայանը, այնքան էլ հասկանալի չէ: Նման հաջողություններ` նկատելի° հաջողություններ, գոնե հասարակությանը հայտնի չեն: Իսկ միաձուլվելու քաղաքական անհրաժեշտությունը Սամվել Բաբայանն, այնուամենայնիվ, փորձում է բացատրել. «Եթե մենք ցանկանում ենք, որ ազգային ազատական ուժերն իրենց դերակատարություններն ունենան հանրապետության աշխարհասփյուռ հայության կյանքում, պետք է մի կողմ դնեն իրենց հավակնությունները: Գործընթաց, որ վաղ թե ուշ պետք է կատարեն ոչ միայն ազգային ազատական գաղափարա խոսությունը կրող ուժերը, այլև սոցիալիստները, կոմունիստները: Դա է քաղաքական դաշտի ապաքինման դեղատոմսը»: Իսկ թերևս միավորման բուն պատճառը կամ պատճառներից մեկը սեփական անելիքների սպառած լինելն է և նոր անելիքների ու ասելիքի բացակայությունը, որի պայմաններում այլ բան չի մնում, քան միաձուլվել այլ քաղաքական ուժի: Գուցե կան նաև այլ ակնկալիքներ. դիցուք` ֆինանսական խնդիրների լուծման, և ՀՌԱԿ-ին միաձուլվելու նախընտրությունը գուցե հենց դրանով էլ պայմանավորված է: Իսկ որպես քաղաքական դիրքորոշումների շարունակություն, Սամվել Բաբայանը Նախագահի ընտրություններում կպաշտպանի «ցանկացած մեկին, որը մեր ծրագրերին համահունչ կլինի»: Իսկ համահունչ լինելը կորոշի ՀՌԱԿ հունվարյան համագումարը: