Առանց արյան հարստությունների վերաբաշխում չի լինում…


Հայաստանում տեղից վեր կացողը խոսում է…սոցիալական արդարությունից: Այդ մասին խոսում է նաև…վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այն բարձրաստիճան պաշտոնյան, ով ահա ավելի քան երկու տարի պաշտոնավարելուց հետո էլ իրեն նեղություն չի տալիս իր ղեկավարած Կառավարության նիստում հաստատել և շրջանառության մեջ դնել այնպիսի մի տարրական հասկացություն, ինչպիսին…նվազագույն սոցիալական զամբյուղի պարունակությունն է կամ դրա թվային արտահայտությունը: Այսինքն` այն հաշվարկը, թե մեր երկրի այսօրվա պայմաններում մեկ բնակչին հասնող դրամական եկամուտը, նպաստը, կենսաթոշակը կամ այլ աղբյուրներից ստացվող միջոցները նվազագույնը որքա՞ն պիտի լինեն, որպեսզի մարդը գոնե պահպանի իր կենսաբանական գոյությունը. ավելի կոպիտ ասած` սովից չմեռնի: Խոսքը մարդավայել ապրելու, իր մշակութային պահաջմունքները բավարարելու, գոնե օրվա թերթերը ձեռք բերելու, կոմունալ-կենցաղային օրավուր աճող ծախսերը հոգալու, ցրտից չսառչելու, ամենատարրական դեղամիջոցներ գնելու, առողջությունը պահպանելու, կրթություն ստանալու և հազար ու մի այլ բաների մասին չէ: Ընդամենը սովից չմեռնելու մասին է: Սպառողական նվազագույն զամբյուղի պարունակությունը աշխարհի բոլոր երկրներում սահմանվում են հենց այս չափանիշներից ելնելով, հաշվարկվում են սննդամթերքի այն տեսակներն ու դրանց կալորիականության աստիճանը, որոնք պետք է պահպանեն ի վերուստ մարդուն կամ քաղաքացուն տրված միակ և եզակի կյանքը£ Եթե իհարկե, մարդն այլ հոգս չունի` իր կենսաբանական գոյությունը պահպանելուց բացի: Մինչդեռ Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգվածը, հատկապես նրանք, ովքեր անգամ պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն համարվում են «աղքատներ» կամ «ծայրահեղ աղքատներ», զրկված են նույնիսկ իրենց աղքատության աստիճանը որոշող այդպիսի հաշվարկներից օգտվելու հնարավորությունից: Ինչու՞: Որովհետև եթե հայրենի Կառավարությունը շրջանառության մեջ դնի «սպառողական նվազագույն զամբյուղի» պարունակությունն ու դրա դրամական-թվային արտահայտությունը, ապա ուղղակի պարտավորված պիտի լինի իր կարոտյալ քաղաքացուն ապահովել այնպիսի նվազագույն նպաստով, թոշակով, սոցիալական օգնության այլ միջոցներով, որոնք ավելի պակաս չլինեն, քան տվյալ մարդու կյանքը պահպանելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի համար պաշտոնապես սահմանված չափն է: Ունենալ այսպիսի ողբալի իրականություն և խոսել սոցիալական արդարությունից, համաձայնեք, առնվազն անարդար է: Բայց բարոյականությունն այդ ե՞րբ է եղել որևէ հասարակության, այդ թվում նաև այսօրվա Հայաստանի հասարակության կենսագործունեությունը որոշող հանգամանք: Ի՞նչ բարոյականություն, երբ հարուստը գնալով ավելի է հարստանում, իսկ աղքատը` աղքատանում: Այսինքն, ապահով և անպաշտպան խավերի միջև ի սկզբանե գոյություն ունեցող անդունդը գնալով ոչ թե փոքրանում, այլ` մեծանում է: Գոյություն ունի երկրի սոցիալական կայունությունը որոշելու այսպիսի միջազգային մեխանիզմ. համեմատում են տվյալ հասարակության անդամների առավել ապահովված և առավել անպաշտպան խավերի 20-ական տոկոս ներկայացուցիչների ամսական եկամուտների թվային տվյալները: Եթե հարուստների ամսական եկամուտները 30 և ավելի անգամ գերազանցում են աղքատների եկամուտների չափը, այդպիսի հասարակությունը համարվում է պայթյունավտանգ: Համարյա ամենուրեք դա հանգեցնում է սոցիալական պայթյունների, ծայրահեղ թշվառության հասած զանգվածների համբերությունն սպառվում է, ծայր են առնում հեղափոխական խժդժությունները: Իհարկե, համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել որևէ սոցիալական հեղափոխություն, որևէ բունտ, որից ճնշվածները որևէ օգուտ քաղեն: Իրենք էլ, ինչ խոսք, մեծ մասամբ դա հասկանում են£ Սակայն երբ դանակը հասնում է ոսկորին` երբ մարդը տեսնում է, որ ինքը սովից մեռնում է, իսկ ուրիշները անհագուրդ հղփանում են, այլևս չի կարողանում զայրույթը զսպել և դուրս է գալիս փողոց` արդարություն պահանջելու: Իսկ այդպիսի հեղափոխականացած զանգվածների սոցիալական զայրույթն իրենց քաղաքական շահերին ծառայեցնելու անբարո նպատակներով երկրի իրադրությունը շիկացնելու դիտավորություն ունեցողների պակաս երբեք և ոչ մի տեղ չի զգացվում: Որովհետև միշտ գտնվում են հասարակությանը արդարություն հաստատելու հեքիաթներով կերակրելու հակված բախտախնդիրներ, ովքեր միշտ հանդես են գալիս ժողովրդի անունից, խոսում են թշվառների վիշտ ու կարիքից, որի վրա իրենք, մեծ հաշվով, «թքած ունեն», բայց իրադրության շիկացման մեջ ձգտում են ձեռք գցել քաղաքական իշխանությունը, վեր բարձրանալ դեպի կառավարման լծակները: Գալիս, տիրանում են այդ լծակներին, և կայծակնային արագությամբ մոռանում են իրենց երեկվա կրակոտ ճառերը, շատ հաճախ ավելի վատն են լինում, քան իրենց կողմից փնովված նախորդները և հաստատում են ավելի մեծ անարդարություններ, քան նրանք էին հաստատել, որոնց իրենք, ժողովրդի միամտությունը շահարկելով, տապալում են: Քաղաքագիտության մեջ այդ երևույթը կոչվում է «հեղափոխական իրադրություն» կամ այդպիսի իրադրության արհեստական հրահրում: Հենց այդպիսի իրադրություն հրահրվեց 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Ժողովրդի սոցիալական դժգոհությունների վրա խաղալով` երկրում իշխանության ձգտող ուժերը մարդկանց ոտքի հանեցին, հրահրեցին կամ մղեցին զանգվածային անկարգությունների, իշխանությունը կոշտ պատասխան տվեց, 10 մարդ զոհվեց… Գործնականում ոչ ոք ոչ մի դաս չի քաղել երեկվա ողբերգական դեպքերից: Իշխանությունը չի խոստովանել, որ ինքը մեղավոր էր ժողովրդի արդարացի դժգոհությունները առաջացնելու գործում, իսկ ընդդիմությունն էլ չի խոստովանել, որ ինքն ընդամենը փորձեց օգուտ քաղել այդ դժգոհություններից և օրը ցերեկով հափռել քաղաքական իշխանությունը երկրում: Մտավախություն ունեմ, որ այդ մարտավարությունը կարող է… կրկնվել: Հին դերակատարները կան ու կան, կարող են հրապարակ իջնել նաև…նորերը: Օրինակ, ԱԼՄ փակված հեռուստաըն կերության տնօրեն Տիգրան Կարապետյանը վերջին շրջանում հանրապետության մի շարք բնակավայրերում բավական բազմամարդ հանրահավաքներ էր կազմակերպում` դարձյալ խոսելով սոցիալական անարդարությունից: Ժողովրդական կուսակցության նախագահը միացել է այն ուժերին, ովքեր պահանջում են արտահերթ խորհրդարանական, իսկ փետրվարի 28-ից հետո էլ սպառնում է նաև Նախագահի արտահերթ ընտրություն պահանջել: Հերթական ընտրություններից ի՞նչ բարիք է տեսել ժողովուրդը, որ արտահերթներից տեսնի: Ցանկացած ընտրություն` հերթական, թե արտահերթ, միշտ ավելորդ քաղաքական լարվածություն է ծնում հասարակության մեջ: Այնուամենայնիվ, իշխանությունը, և առաջին հերթին` Կառավարությունն ու Վարչապետը, պետք է շնորհակալ լինեն Տիգրան Կարապետյանին` բարձրացրած աղմուկի համար: Դժգոհությունների այս ալիքի առաջը չառնելու դեպքում, Աստված մի արասցե, իրադրությունը դարձյալ կարող է շիկանալ, դուրս գալ վերահսկողությունից: Իսկ ժողովրդի դժգոհության ալիքի առաջն առնել կարելի է միայն և միմիայն դժգոհության պատճառները վերացնելով, և երբեք` դժգոհությունը խեղդելով: Իմիջիայլոց` այս նախազգուշացումը հարկ է հասցեագրել ոչ միայն Կառավարության ղեկավարին կամ նրա թիմակիցներին, այլև այսպես կոչված «օլիգարխներին»: Քաղաքագիտությունը այդ բառով բնութագրում է նրանց, ովքեր իրենց ձեռքում են կենտրոնացնում քաղաքական և տնտեսական լծակները: Գաղտնիք չէ, որ այդպիսիք Հայաստանում հիմա շատ կան: Ժողովրդի բերանում «օլիգարխը» դարձել է հայհոյական խոսք և առանց խտրականության հասցեագրվում է բոլոր մեծահարուստներին` անկախ այն բանից` տվյալ մեծահարուստը որևէ կապ ունի՞ երկրի կառավարման օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության լծակների հետ, թե՞ չունի: Ատելությունը «օլիգարխների» հանդեպ ուղղակի եռում է: Այդ ատելությունը ելք է որոնում, և վիճակը չփոխվելու դեպքում կարող է այդ ելքը գտնել… նոր պայթյունի մեջ: Իսկ դրանից ոչ ոք, այդ թվում նաև այսօրվա «օլիգարխները», ոչինչ չեն շահելու: Նոր հեղափոխական ալիքը ունեզրկելու է հին «օլիգարխներին» և նրանց արդար կամ անարդար ճանապարհով ձեռք բերած նյութական հարստությունները վերաբաշխելու է…նորերի մեջ: Իսկ հարստությունների ակնթարթային վերաբաշխման ոչ մի գործողություն դեռ երբեք առանց արյան չի եղել…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ