Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով


Ավանդույթի համաձայն, հունվարի 27-ին, Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Արարողության ընթացքում Մարկոս Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով հայոց մարտունակ բանակի կարևորությանը մեր պետականության պահպանման և ամրապնդման գործում: - Մեր բանակն ամբողջությամբ ծառայություն է հայրենյաց, հոգևոր, ազգային բարձր արժեքներին: Եվ, իհարկե, այդ ծառայությունն իրենից զոհողություն է պահանջում, որը խարսխված է գիտակցված զոհողության և սիրո վրա: Եվ եթե այդ զոհողությունը չլիներ, չէր կայանա և ոչինչ: Եթե չլիներ բոլորանվեր սերը, ապա ոչ մի ձեռքբերում մեր կյանքում չէր լինի, ամեն ինչ կդառնար ձևական, և մենք չէինք ունենա մեր արժեքներով ուրախանալու և ապրելու երջանիկ հնարավորությունը: …Ուզում ենք, որ առավել զորանա հայոց պետականությունը և նրա անառիկ սահմանները պահող հայոց բանակը` ի սպասավորություն այն բարձր արժեքների, որոնց համար մեր նախնիները չեն խնայել ամենաթանկը` կյանքը, քանզի արյան գնով են ստեղծել և պահել այդ ամենը,- նշեց Սրբազան Հայրը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ: Ս. Պատարագից հետո Դիվանատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, շնորհավորելով ներկաներին առաջիկա տոնի առիթով, ամենքին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները: Այս առիթով շնորհավորական խոսք ասաց նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: