Ժողովրդագրական համաղետի եզրին


ԵԽ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելու մասին ԵԽԽՎ որոշումն այսօր, թերևս, այնքան կարևոր չէ, քան այն իրավիճակը, որ ստեղծվել է մեզանում` մեր իսկ մեղքով: Իսկ իրողությունն այն է, որ անկախության ձեռքբերումից հետո անցած ժամանակահատվածում երկրից արտագաղթել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Թեև վերջին տարիներին արտագաղթի հոսքը նվազել է, սակայն դադարելու միտում բնավ չունի: Չնայած պետական այրերի հավաստիացումներին, թե հնարավոր ամեն ինչ արվում է ծնելիության մակարդակի աճ ապահովելու համար, սակայն այսօր հնարավոր չէ անգամ բնակչության առկա թվի պարզ վերարտադրություն ապահովել: Արդյուն քում Հայաստանը հայտնվել է ժողովրդագրական համաղետի եզրին և այդ առումով զիջել է իր բոլոր մահմեդական հարևաններին: Թերևս, կարիք չկա մանրամասնելու, թե ինչ բացասական հետևանքներ այն կարող է ունենալ ազգային անվտանգության առումով: Այսօր ստիպված ենք ցավով արձանագրել, որ մեր երկիրը կարծես դիտարկվում է որպես աշխարհասփյուռ հայության ամառանոց, ծերանոց, աճյունասափորի ամփոփավայր, պահեստային հանգրվան: Ըստ այդմ էլ, Հայաստանում խթանվում են ներդրումները` հիմնականում զբոսաշրջության ենթակառույցների արդիականացման, զվարճանքի վայրերի, ռեստորանների ու սրճարանների ստեղծման ոլորտներում: Ընդ որում, այդ ամենը արվում է հիմնականում մայրաքաղաքում, ինչն առավել մեծացնում է բնակչության զանգվածային կենտրոնացումը Երևանում ու նրա շուրջ` դատարկելով գյուղական հեռավոր բնակավայրերը (չմոռանանք` գերազանցապես` սահմանամերձ): Նման ուղի ընտրած երկրին բնակչություն առանձնապես պետք չէ. պետք է կարոտախտով տառապող հարուստ սփյուռք և այդ կարոտախտը սպասարկող «անձնակազմ»` արտագաղթած բարեկամներից ստացվող դրամով գոյությունը մի կերպ պաշտպանող զանգվածով… Սակայն այսպիսի բեմագրով զարգացումը կենսունակ լինել չի կարող, այն էլ` մեր տարածաշրջանում: Նախ` Եղեռնից մազապուրծ Սփյուռքը, որ իր հայրենասիրական դաստիարակության ուժով այս բեմագիրը սնուցող հիմնական ակունքն է, բնական ճանապարհով աստիճանաբար ուծանում է: Հայաստանում ժողովրդագրական բացասական գործընթացներով պայմանավորված` նվազող բնակչության թվի համեմատ երկրից արտագաղթողներով սփյուռքի համալրումն էլ նվազում է: Այս ամենով հանդերձ, տարածաշր ջանում առկա գործընթացները հղի են նոր մարտահրավերներով, որոնք դիմագրավելու համար Հայաստանը կարիք ունի շատ ավելի մեծ ժողովրդագրական ներուժի, քան այսօր առկա է: Հայերի համար արտագնա աշխատանքի հիմնական երկրում` Ռուսաստանում օրեցօր ուժգնանում է ազգայնամոլության ալիքը, ինչը նոր հավելյալ խնդիրներ է առաջացնում այնտեղ բնակվող հայության համար: Այս ամենի համատեքստում հստակ ուրվագծվում է, որ ի տարբերություն այն երկրների, որոնք հաջողությամբ գոյատևում և զարգանում են որպես զբոսաշրջիկներին գրավող կղզյակներ, Հայաստանը կամ պետք է դառնա ժողովրդագրական վերարտադրության դրական ներուժով օժտված, կայացած պետություն, կամ անհետանալու է: Իսկ վերջինից խուսափելու միջոցը «թաքնված» է մեզանում հանդուրժողականության, արդարության հաստատման մեջ: Միայն այդ ճանապարհով կարող ենք հաղթահարել արդեն իշխող դարձած` մեր «ես»-ից դուրս ամեն ինչի նկատմամբ անտարբերությունը, որը բազմաթիվ չարիքների պատճառ է: Սա էլ, իր հերթին, հայաստանաբնակներիս հնարավորություն կտա հայաստանակենտրոնության գիտակցություն ձևավորել ու ամրապնդել, ինչպես նաև` տեր կանգնել սեփական պատմությանն ու մշակույթին` թե° երկրի ներսում, թե° նրա տարածքից դուրս: Այլ կերպ ասած, այս պարագայում գործ ունենք ազգային ինքնագիտակցություն կոչվածի հետ: Վերջերս Վրաստանում հայկական եկեղեցիների մասին ռադիոյով մի հաղորդման ունկնդիրը եղա: Մեկն ասում էր, թե հիմա հարկավոր չէ շատ խոսել այդ եկեղեցիների մասին, որպեսզի չփչացնենք մեր հարաբերությունները հարևան Վրաստանի հետ: Ոչ մի տրամաբանությամբ չարդարացվող նման «հարևանասիրությունը» ազգային ինքնագիտակցության պակասի հետևանք է, թերևս` ժառանգված ԽՍՀՄ կեղծ ինտերնացիոնալիզմից: Այսօր հարկավոր է ջարդել անցյալից ժառանգած այդ վնասակար, կործանարար կարծրատիպերը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ