«ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»


Հավանական է, որ երբ հանրային կյանքը բախվում է ոչ սովորական իրավիճակների, ապա իշխանությունն ինքնաբերաբար կանգ է առնում նույնքան անսովոր լուծումներ առաջարդելու անկանխատեսելի խնդրի առաջ: Տարեվերջին ծայր առած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ալիքները, որքան անհավատալի, նույնքան էլ օրինաչափ ընթացքով շուրջկալել են նաև մեր հանրապետությունը: Արդյունքում` աշխարհին համակած այս նոր գերխնդիրը շրջանցելու երբեմնի հավաստիացումները մեր պարագայում արդեն վերջնականապես հօդս են ցնդել: Այսպես, հետտոնական շաբաթներին տարօրինակ «վարք» է սկսել դրսևորել, ասենք, վաղուց և հիմնավորապես կայացած համարվող բանկային համակարգը: Այլևս կասկածից վեր է, որ դոլարի 300-307 դրամանոց փոխարժեքը ԿԲ-ին գերագույն ճիգերի գնով է հաջողվում անփոփոխ պահել: Եվ սա այն դեպքում, երբ տարվա այս հատվածը մշտապես նշանավորվում է դրամի զգալի արժևորմամբ: Ըստ երևույթին արտագնա աշխատանքի մեկնողների զգալի մասը Ամանորն ընտանիքի հետ, հայրենիքում դիմավորելու ընթացքում զգալի քանակությամբ արտարժույթ է դրամի վերածում, ինչն էլ ինքնաբերաբար ավելացնում է շրջանառվող դոլարի քանակը: Անցնող հունվարն այս իմաստով նախորդներից բնականաբար չի տարբերվել կամ քիչ է տարբերվել… Ու եթե նույնիսկ հաշվի առնենք, որ ճգնաժամ կոչվող պատուհասը հասցրել է բոլոր երկրների տնտեսություններին վնասել, և դրսում աշխատող մեր հայրենակիցներն այս անգամ ավելի համեստ նյութական ձեռքբերումներով են ամփոփել տարին: Հետևաբար, ավելի քիչ արտարժույթ է դրամի վերափոխվել, ապա դա էլ բավական հիմքեր չի տալիս դոլարի անփոփոխ «կեցվածքն» արդարացված համարելու: Արժե նկատել նաև, որ բանկային համակարգում միմյանց սերտորեն շաղկապված երկու հետաքրքիր երևույթներ էլ են արձանագրվում: Այսպես, վարկ ստանալը եթե նախկինում չափազանց դժվար էր, ապա ներկայում գրեթե անհնարին է դարձել… Սա ինքնին վկայում է կանխիկ փողի պակասի կամ առնվազն նման վտանգավոր հեռանկարի անխուսափելիության մասին: Ընդ որում, ոչինչ չի փոխվում անգամ այս դեպքում արդեն պայմանականորեն առաջադրվող ավելի բարձր տոկոսադրույքների պարագայում: Եվ հետո, հակառակ վերոնշվածին` բանկերը, ասենք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնապատկել են ընդունվող ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքները: Ու սա այն դեպքում, երբ ավանդատուն իր խնայողությունները տնօրինելու հարցում այլևս ոչ միայն բանկերի, այլ նաև պետության հարյուրտոկոսանոց երաշխավորությունն էլ ունի: Նշված պարադոքսները գուցեև մի փոքր ավելի պակաս կարևորվեին, եթե չլիներ ևս մի ուշագրավ նկատառում: Անզոր գտնվելով հանցագործությունների դեմ պայքարելիս և մատնանշելով դրանց ահագնացող չափերը` ոստիկանությունը բնակչությանը ոչ պաշտոնապես սկսել է հորդորել բնակարաններում պահվող փողը վստահել այս կամ այն բանկին: Սեփական միջոցները տնօրինելիս` խոստացվող տոկոսներն իհարկե մարդկանց չեն խանգարի, բայց սույն PR-ը իհարկե ավելի հեռահար նպատակներ է հետապնդում: Նույնիսկ ոստիկանությունում քաջ գիտակցում են, որ ճգնաժամի արդյունքում կյանքի վատթարանալիք պայմաններն ինքնաբերաբար բազմապատկելու են հանցագործություն ների առկա ցուցանիշները: Ուստիև նման քայլով փորձ է արվում միանգամից երկու հարց լուծել. ոստիկանությունն ինքնապահովագրվում է և նպաստում դրամական ճգնաժամի մեղմմանը: Այդուհանդերձ հուսալ, թե նման պարզունակ ու որոշակի շահ հետապնդող մեթոդներով հնարավոր է դիմակայել համաշխարհային ճգնաժամին, իրատեսական չի լինի: Առաջադրվելիք լուծումները որքան անսովոր, նույնքան էլ հիմնավոր պետք է լինեն: Միևնույն ժամանակ այդ լուծումներն իրենց երկար սպասեցնել չպետք է տան: