Բախումների պատճառ միշտ կգտնվի


 

Անցյալ շաբաթավերջին աֆղանական Քաբուլում ժամանակավորապես փակվեց ԱՄՆ-ի դեսպանատունը: Բառացիորեն` փակվեց ներսի կողմից, որովհետև աշխատակիցների համար վտանգավոր էր շենքից դուրս գալը: Պատճառը Բահրամի ռազմաբազայում մուսուլմանական գրքեր, այդ թվում և Ղուրանի մի քանի օրինակ այրելն էր:

Ինչպես հաղորդել է Fox News-ը` հարյուրավոր աֆղանստանցիներ փորձել են ներխուժել ամերիկյան ռազմաբազա: Տեղի ոստիկանությունը ստիպված է եղել օդում կրակոցներ արձակել` արգելելու նրանց մուտքը: Քաբուլում և արևելյան ևս 3 գավառներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ թվում և` ամերիկյան զինծառայողներ: Լրատվամիջոցների տեղեկացմամբ` այրված գրքերը երկար ժամանակ մնացել են պահեստներում, և որևէ մեկը դրանցով չի հետաքրքրվել: Այլ տեղեկություններով` կրոնական այդ հրատարակությունները հանվել են բանտի գրադարանից: Ու հանվել են այն պատճառով, որ կալանավորները (հատկապես` ծայրահեղականները) դրանց միջոցով միմյանց հաղորդագրություններ են փոխանցել` գրքերի էջերին գրություններ թողնելով:

Նախագահ Օբաման և Պենտագոնի ղեկավար Պանետան ներողություն են խնդրել աֆղանական ժողովրդից ու իշխանություններից: Երկրի նախագահ Համիդ Քարզայը, սակայն, պահանջել է մեղավորների հանրային դատ:

Իսկ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Նյուտ Գինգրիչը դատապարտեց Բարաք Օբամայի ներողությունը: Նախընտրական պոպուլիզմից, թե՞ իր հայրենակիցների հանդեպ ջերմ սիրուց մղված, թեկնածուն հայտարարել է.

- Նախագահը ներողություն խնդրեց գրքերն այրելու համար, բայց ես չնկատեցի, որ նա աֆղանական կառավարությունից ներողություն պահանջեր` աֆղան զինվորների կողմից 2 երիտասարդ ամերիկացիների սպանության համար (տեղեկացրել ՀըԽ-ն):

Հետաքրքիր է, սակայն, որ ցուցարարներն իրենց տասնյակ զոհերին մոռացած, հանրային դատ և մահապատիժ են պահանջում միայն Սուրբ գիրքն այրողներին: