«ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ» ԻՐ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ


 

Մի քանի առիթով ասել էինք, որ ընտրությունների մեկնարկը տրվելուն պես` նիրհից արթնանալու են գրանցված, բայց գրեթե գոյություն չունեցող կուսակցությունները: Եվ ահա առաջիններից մեկն «արթնացել է» «Համերաշխություն» կուսակցությունն ու համագումար հրավիրել: Եվ ոչ միայն համագումար է հրավիրել, այլև հայտարարել, որ առաջիկա ընտրություններում սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Թե ինչ է տալու ԲՀԿ-ին չհիշվող կուսակցության չնչին ձայնը` չգիտենք, բայց համոզված ենք, որ այս կուսակցության առաջնորդ Սարգիս Ավետիսյանը շուտով կհայտնվի հեռուստաէկրաններին, բոցաշունչ ճառեր կասի, ընտրարշավների ժամանակ էլ կկանգնի Գագիկ Ծառուկյանի կողքին` հիշեցնելով այն հայտնի առակը դաշտում բանող եզի ու նրա պոզին նստած ճանճի մասին… Դե, մեր հզոր կուսակցապետերից ոմանք սիրում են, որ շրջապատված լինեն արբանյակներով ու գովերգուներով: Սարգիս Ավետիսյանին էլ պետք է, որ իր անունը երևա Գագիկ Ծառուկյանի անվան կողքին` գոնե այսպես ճանաչեն: Իսկ ԲՀԿ առաջնորդն էլ մի ավտոմեքենա կամ բնակարան նվիրի` ընտրություններին իրեն սատարելու համար: