Հիտ­լե­րը շամ­պուն է գո­վազ­դում


 

Թուրքերը նաև գովազդների միջոցով են վայրագություն քարոզում: Վայրագություն` բռնակալների կերպարն այժմեական դարձնելով: Դիցուք, օրերս ինչ-որ շամպուն է գովազդվել` Հիտլերի «շուրթերով»: Տեսահոլովակում ֆյուրերը հորդորում է, որ եթե տղամարդիկ կանացի հագուստ չեն հագնում` պետք է օգտագործեն «Բիոմեն» շամպունը:

Անցյալ շաբաթ այդ հոլովակը ոչ միայն ձանձրացրել, այլև զայրացրել է Թուրքիայում հրեական համայնքին: Եվ տեղի գլխավոր րաբունին (քահանան) տեղեկացրել է, որ դժգոհությունն է հասցեագրել գովազդի հեղինակներին:

- Մենք ցավում ենք այդպիսի խելքի կերտվածքի համար և հիշեցնում ենք հրապարակային ներողության անհրաժեշտության մասին: Հրապարակային ներողությունը կարող է հատուցել այդ գովազդով հանրության գիտակցությանը պատճառված վնասը,- նշված է ուղերձում:

Ադոլֆ Հիտլերն առաջին անգամ չէ, որ առևտրային գովազդի հերոս է դառնում: Եվ` ոչ միայն Թուրքիայում: Նացիստ բռնակալի կերպարն օգտագործվել է ուկրաինական AΗundsen օղու, գերմանական Hut Weber գլխարկների, ինչպես նաև պահպանակների, բելգիական խոհարարական շոուի գովազդներում: Իսկ 2009-ին ֆյուրերի հայրենիքում ընդդեմ ՁԻԱՀ-ի (ՍՊԻԴ) գովազդը ներկայացվել է մերկ Հիտլերի պատկերով: