Աշխարհի բանակները


 

Հետաքրքիր երևույթ է բանակը. դրանից վախենում են, չեն ուզում այնտեղ ծառայել, պախարակում են... Բայց բոլոր պետությունները նույն այդ բանակով են իրենց ապահով զգում, դրանով սպառնում են թշնամիներին:…

Մի խոսքով` առանց զինված ուժերի անհնար է: Իսկ ի՞նչ հետաքրքիր տարբերակումներ ունեն դրանք` տարբեր պետություններում:

Կիլտը` ներքնազգեստի վրայի՞ց, թե՞ մերկ մարմնին. Շոտլանդացի տղամարդկանց ազգային հագուստը` կիլտը, կարելի է երկու ձևով էլ կրել: Բայց իսկական շոտլանդացիք, ու հատկապես զինվորներն այն պետք է հագնեն մերկ մարմնին: Նախկինում նույնիսկ հատուկ ստուգումներ էին կատարվում զորամասերում. սպան հատուկ հայելիով զննում էր զինվորների կիսաշրջազգեստի «տակը» և սպիտակեղեն հայտնաբերելու դեպքում` պարտադրում էր տեղում հանել:

Ինչո՞ւ հատկապես շագանակագույնը. Այս գույնն այսօր էլ զուգորդվում է նացիզմին` թեև նացիստների կողմից այն շատ հասարակ պատճառով է ընտրվել: Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան կորցրեց իր աֆրիկյան գաղութները, պահեստներում մեծ քանակությամբ շագանակագույն համազգեստներ մնացին, որոնք էլ էժան գնով ձեռք բերեց Ազգային-սոցիալիստական կուսակցությունը` իր գրոհային ջոկատների համար:

Կոճակ` մունդիրի թևքի երեսի կողմում. Պյոտր I-ի հրամանագրերից մեկը պահանջում էր կոճակները կարել զինվորական համազգեստի թեզանիքի դրսի կողմում: Առաջին հայացքից դա կարող է ոչ էական թվալ: Բայց ցարի նպատակն այլ էր. զինվորների մեծ մասը գյուղական միջավայրից էր, և ուտելուց հետո նրանք բերանները սրբում էին թևքով: Ու որպեսզի համազգեստը երկար պահպանվի և լինի մաքուր` Պյոտր I-ը կոճակ կարել տվեց, իսկ կոճակով բերան մաքրելը հարմար չէր:

Արտաքնոցների առատություն Պենտագոնում. Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող հոլիվուդյան ֆիլմերում կարելի է տեսնել, որ տարբեր ռասաների ամերիկյան զինվորները կռվում են կողք-կողքի: Դա իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, որովհետև ամերիկյան բանակում ռասայական խտրականությունը վերացվել է միայն 1948 թ.: Ռասայական տարանջատումը լուրջ դերակատարում ունեցավ նաև 1942 թ. Պենտագոնի կառուցման ընթացքում, և այնտեղ սևամորթների ու սպիտակամորթների համար առանձին զուգարաններ կառուցեցին: Արդյունքում շինությունն ունեցավ հարկ եղածից կրկնակի ավել արտաքնոցներ, թեև նախագահ Ռուզվելտի միջամտությամբ դրանց վրա «Սևերի համար» և «Սպիտակների համար» ցուցակներ այդպես էլ չամրացվեցին:

Էլիտար ջոկատներ` միասեռականներից. Հին Հունաստանում համասեռամոլությունն ամոթալի ու անպատվաբեր չէր համարվում: Եվ միմյանց սիրահարված տղամարդկանցից կազմավորվել էր 300 հոգիանոց էլիտար զորք` «Ֆիվի օրհնյալ ջոկատ» անվամբ: Մ. թ. ա. 338 թ. այդ ջոկատի բոլոր մարտիկները զոհվեցին Հերոնեի ճակատամարտում: Պլուտարքոսի խոսքերով` նրանցից ոչ մեկը չէր նահանջել` նախընտրելով մեռնել, քան թե խայտառակվել իր սիրեկանի (կամ` սիրուհու) աչքում:

Մահապատիժ` վիճակահանությամբ . Հին հռոմեական բանակում գոյություն ուներ մահապատժի բարձրագույն տեսակ, որը կոչվում էր դեցիմացիա. այսինքն` յուրաքանչյուր 10-րդի պատիժ: Պատժվող ստորաբաժանումը բաժանվում էր տասնյակների` անկախ աստիճանից և ծառայության ժամկետից: Յուրաքանչյուր տասնյակը վիճակ էր գցում, և ում բաժին էր ընկնում այդ վիճակը` պատժում էին մնացյալ 9-ին:

Մուսուլմանները` հիտլերյան բանակում. Ֆյուրերի զորքերում որոշ միավորումներ բաղկացած էին մուսուլմաններից: Հատկապես տարբերվում էր «Ազատ Հնդկաստան» լեգիոնը, որի զինվորների մեծամասնությունը Հնդկաստանի մուսուլմանական վայրերից և ներկայիս Պակիստանից ու Բանգլադեշից գաղթածներ էին, ովքեր Հյուսիսային Աֆրիկայում գերի էին վերցվել նացիստներից:

«Ջեռոնիմո´»` ինքնաթիռից թռչելիս . 20-րդ դարի երկրորդ կեսին Ջեռոնիմո անունով հնդկացին իր ոչ մեծ մարտական ջոկատով փառաբանվում էր հերոսությամբ ու անորսալիությամբ և մշտական գլխացավանք էր դարձել ամերիկյան ու մեքսիկական բանակների համար: 1939 թ. ստեղծված մի ֆիլմի հերոսը, թաքնվելով հետապնդումից` բարձր ժայռից նետվում է գետը` գոչելով «Ջեռոնիմո» անունը: Այդ ֆիլմով հիացած ամերիկյան օդայիններն այդուհետ որոշել են` հաջողության համար ինքնաթիռից թռչելիս գոչել «Ջեռոնիմո»: Ու այդ ավանդույթը պահպանվում է մինչ օրս: