ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՋԱՅԼԱՄԻ ՏԵՍՔՈՎ


 

ՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ առաջ ինչեր ասես, որ չեն խոստանում մեր թեկնածուներն իրենց ընտրողներին, երևակայության ինչպիսի թռիչքներ ասես, որ չեն արձանագրում: Նրանցից հետ չի մնացել նաև թիվ 33 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով համաշխարհային գյուղատնտեսության մեջ հավանաբար նոր գյուտի հեղինակ կդառնա` Աշոցքում և Ամասիայում ջայլամի բուծում իրականացնելով: Մերձարևադարձային կլիմային վարժված ջայլամներին Աղաբաբյանը ցանկանում է բերել Հայաստան, այն էլ` ամենացուրտ գոտի, ուր տարվա վեց ամիսը ձմեռ է, իսկ ձմռանը սնդիկի սյունը հաճախ իջնում է մինչև 35 աստիճան: Բայց արի ու տես` պատգամավորացուն ոչ միայն ինքն է հավատում (՞) հյուսիսաբնակ ջայլամների գոյությանը, այլև նախընտրական գլխավոր խոստումը ջայլամաբանությունն է դարձրել:

Աշոցքի ու Ամասիայի բնակիչներն էլ ուրախացել են, որ իրենց պատգամավոր-թեկնածուի ջանքերով դառնալու են մերձարևադարձային գոտու բնակիչներ և հիմա ամեն ինչ անում են, որպեսզի ընտրեն Աշոտ Աղաբաբյանին: Կարծում ենք, որ Աշոցքն ու Ամասիան էլ կգրանցվեն աշխարհի հրաշալիքների ցուցակում, կամ առնվազն` Գինեսի ռեկորդների գրքում` երբ այստեղ կհայտնվեն ձյան մեջ վազող ու ժայռերից թռչող ջայլամներ: