ՂԱՐԱԲԱՂԻ ԹԱՏՐՈՆԻՆ ՕԳՆԵԼ Է ՊԵՏՔ


 

Այս տարի իր հիմնադրման 80-ամյակն է պատրաստվում նշել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Ավելի ճիշտ` ոչ թե պատրաստվում է նշել, այլ պաշտոնապես լրանում է թատրոնի հիմնադրման հոբելյանը: Ուղղեցինք մեր խոսքը, որովհետև կարծես թե մոռացության է տրվել թատրոնի հոբելյանը: Իհարկե, նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հետ` այստեղ բեմադրելու Մուրացանի «Ռուզանը», սակայն հազիվ թե կարողանա Վ. Շահվերդյանը կյանքի կոչել իր բեմադրությունը, որովհետև թատրոնը զրկված է շենքից, աշխատելու տարրական պայմաններից:

Այս թատրոնի շենքը վերանորոգվել է անցած դարի 60-ական թվականներին, իսկ հետո ամբողջապես մատնվել մոռացության: Պատերազմից հետո էլ Ղարաբաղի իշխանությունները որևէ քայլ չեն կատարել` գոնե կոսմետիկ վերանորոգումների համար: Ամեն տարի հսկայական գումարներ են հավաքվում մարաթոնների ժամանակ, Հայաստանի կառավարությունն է իր պետական բյուջեից երեսուն միլիոն դոլարից ավելի գումար հատկացնում Ղարաբաղին, բայց փաստորեն թատրոնը եղել է երրորդային, անուշադրության մատնված: Շենքը հասել է ծայրահեղ վիճակի, անհնար է այնտեղ ելումուտ անելը, չկան ամենատարրական պայմանները, մինչդեռ սա համարվում է հանրապետական թատրոն, երկրի գլխավոր մշակութային օջախը:

Դեռևս մեկ տարի առաջ կառավարությունը խոստացել էր 2012-ին սկսել շենքի վերանորոգման աշխատանքները, հատկացնել 40 միլիոն դրամ` նախնական աշխատանքներ կատարելու համար: Սակայն այդ խոստումների մասին այստեղ մոռացել են` թատրոնի հարևանությամբ սկսելով մի հսկայածավալ շինարարություն` վնասելով նրա ճարտարապետական միջավայրը և թատրոնի գոյությունը դարձնելով խիստ կասկածելի:

Ստեփանակերտում մտավորականության շատ ներկայացուցիչներ մեզ հետ ցավով էին խոսում այն մասին, որ իրենք չեն ուզենա տեսնել մի թատրոնի փլուզում, որն անգամ ադրբեջանական բռնությունների պայմաններում պահպանել է մեր լեզուն, դարձել իսկական դպրոց շատերի համար: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարատ Դավթյանն էլ ցավով նշեց, որ հոբելյանական միջոցառումներ չեն նախատեսվում... Հայաստանի ազգային թատերական ստեղծագործական միավորումն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը մեկ տարի առաջ պատրաստակամություն հայտնեցին մշակելու հոբելյանական միջոցառումների ծրագիր, աջակցելու թատրոնի պատմությանը նվիրված գրքի ստեղծմանը, սակայն Ղարաբաղից որևէ նախաձեռնություն մինչև օրս չի եղել: Իսկ շենքի հիմնանորոգման հետ կապված խնդիրներն այստեղ պայմանավորում են ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Իհարկե, մենք չենք ուզում հարցնել, թե ինչպես են ծախսվում այն հսկայական օգնությունները, որոնք ուղղորդվում են Ղարաբաղ, չենք ուզում քրքրել Ղարաբաղի մշակութային ծախսերի մատյանները, բայց և չենք կարող անտարբեր լինել այս թատրոնի ճակատագրի հանդեպ: Ինչպես մեզ ասացին Ստեփանակերտում` ցանկության դեպքում իշխանությունները կարող են գտնել համապատասխան միջոցներ, հատկացումներ անել, կարող է Հայաստանի ֆինանսական աջակցությունից բաժին հանվել թատրոնին, սակայն բացակայում է ցանկությունը, բացակայում է թատրոնի հանդեպ հոգատարությունը: Իսկ թատրոնը Ղարաբաղի համար մեծագույն մշակութային արժեք է, որովհետև այն կարող է նպաստել հայեցի դաստիարակմանը, իր բեմից ներկայացնել ազգային պատմությունը, առավել ամրապնդել հայկականի դիրքերն այստեղ: Եթե փոքր-ինչ հոգատարություն լինի, ապա կարելի է նաև հանգանակություն կազմակերպել, ոտքի հանել բոլոր ունևոր ղարաբաղցիներին, ովքեր այսօր տարբեր երկրներում հսկայական հարստություններ են ձեռք բերել: Հազիվ թե նրանք մերժեն որոշակի գումարներ տրամադրել թատրոնին: Միայն թե ցանկություն է պետք:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ