ՕԵԿ-Ի ՊՈՊՈՒԼԻԶՄՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 

Օրերս ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Բիշարյան Հեղինեն, ամփոփելով իր կուսակցության և խմբակցության գործունեությունը խորհրդարանում, հայտարարեց, թե «Օրինաց երկիրը» շատ լավ է աշխատել` ներկայացնելով հիսունից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մեծ մասն ընթացքի մեջ է: Այսինքն, դրանք ընդամենը ներկայացվել ու չեն... քննարկվել: Դիմելով իրեն հատուկ պոպուլիզմին` կուսակցության փոխնախագահը հերթական անգամ կամենում էր հանրությանը համոզել, թե շատ լավ են աշխատել, եղել են չափազանց ակտիվ օրենսդիրներ: Հիսուն թիվը կարող է պատկառելի համարվել, եթե այն վերաբերեր, ասենք, մի շարք ՕԵԿ-ականների, կամ էլ հենց Բիշարյան Հեղինեի վերջին տարիների նյութական ձեռքբերումներին: Եթե ասվեր, որ մի շարք կուսակցականներ հիսունից ավելի օբյեկտներ են ձեռք բերել, 50 հազար դոլարանոց ավտոմեքենա են ձեռք բերել ու էլի նման բաներ` կարելի էր ասել, որ հիսունը շատ մեծ թիվ է: Սակայն չորս տարում հիսուն օրենսդրական նախաձեռնությունը, որից մի մեծ մասն էլ չի կարևորվել` իսկապես չափազանց քիչ է: Ավելին, դա հուշում է, որ խմբակցության օգտակար գործողության գործակիցը եղել է մոտ 15 տոկոս: Ուրեմն, չարժե այդ 15 տոկոսի համար կուրծք ծեծել, դռներ բախել ու ասել, որ շա˜տ մեծ գործ են արել: Ի վերջո, եթե նախաձեռնությունները օրենք չեն դարձել, չեն նպաստել մարդկանց վիճակի բարելավմանը, իրավական հավասարությանը, սոցիալական բարեփոխումներին, ուրեմն դրանք անպտուղ մտավարժանքներ են: Եթե Բիշարյան Հեղինեն ասեր, որ այս ընթացքում մի քանի ՕԵԿ-ական Երևանում բնակարաններ են ձեռք բերել, գիտական աստիճաններ ստացել, ձեռնարկությունների տեր դարձել, կիսատ-պռատ գիտելիքներով ակադեմիաների ռեկտորներ դարձել` կասեինք, որ մեծ հաջողություններ է արձանագրել կուսակցությունը: Որպեսզի մեր մեղադրանքը մերկապարանոց չլինի` հարցնենք Բիշարյան Հեղինեին, թե ով է իր օգնականը խորհրդարանում և ով է ստանում արվեստագետների աշխատավարձը երկու անգամ գերազանցող օգնականի աշխատավարձը:

Եթե ամփոփիչ ասուլիսի ժամանակ տիկին Բիշարյանը նաև ասեր, որ կուսակցության իսկապես ինտելեկտուալ անդամներին դուրս են մղել, որպեսզի ինքն ու իր ինտելեկտուալ մակարդակն ունեցող մի քանի հոգի լավ ապրեն` նույնպես կարելի էր ձեռքբերում համարել «տեղական մասշտաբով»: Լավ կլիներ, եթե կուսակցության փոխնախագահը նաև ասեր, թե ինչո՞ւ է հրաժարական տվել ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը, ով նույնպես դարձել է Բիշարյանի խարդավանքների զոհը: Արթիկի շրջանի Հոռոմ գյուղից Երևան եկած և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինն ավարտած Բիշարյան Հեղինեն տանել չի կարողանում ՕԵԿ անդամ այն կանանց, ովքեր ավելի կիրթ ու գրագետ են, կարող են քաղաքական դաշտում հաջողություններ ունենալ: Սուսաննա Աբրահամյանը տևական ժամանակ ՕԵԿ-ում մեծ ծավալի աշխատանք է կատարել, զբաղվել կուսակցության համակողմանի քարոզչությամբ և վարկանիշի ապահովմամբ, բայց ահա Բիշարյանի ցանկությամբ նա համամասնական ցուցակում զբաղեցրել է 36-րդ տեղը` առաջին երկու տասնյակի տեղերը թողնելով Բիշարյանի ընկերուհիներին:

- Ես հասկացել եմ, որ կուսակցությունը չի գնահատել մամուլի ծառայության դերը ռազմավարական առումով: Մասնավորապես, ըստ արժանվույն չի գնահատել մամուլի խոսնակի դերը,- իր հայտարարության մեջ նշել է Սուսաննա Աբրահամյանը:

Նա հիմա պատրաստվում է հեռանալ «Օրինաց երկրից»:

Կուսակցությունում տիրող նման անառողջ մթնոլորտը, մշտական խժդժությունները, պաշտոնակռիվը, ունեցվածքի համար պայքարը հուշում են, որ տասնհինգամյա կուսակցությունն արդեն փտել ու քայքայվել է: Հետևաբար, նորից խորհրդարան գալով` այն պետք է լուրջ վնասներ հասցնի մեր քաղաքական դաշտին և հերթական անգամ խաբի ընտրողներին: Ուրեմն, կամ կուսակցությունը պետք է գնա ինքնամաքրման և շտապողաբար իր ցուցակից դուրս թողնի պատեհապաշտներին, տևական ժամանակ խորհրդարանում ոչինչ չարած ու հարկատուների հաշվին սեփական բարօրությունն ապահոված մարդկանց: Կամ էլ պիտի հրաժարվի ընտրական պայքարից և մտածի այն մասին, որ մեր ժողովուրդն այլևս չի կամենում տեսնել այնպիսի կուսակցությունների և կուսակցական գործիչների, ովքեր անձնական հաշիվներն են դարձնում առաջնային ու գլխավոր:

Լ. Մ.