ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԳԾԱՏԵՐԵՐԸ


 

Երևանի քաղաքապետարանը կատարեց իր խոստումն ու վերջապես մայրաքաղաքը հարստացրեց չինական ավտոբուսներով, որոնցից շատերը փոխարինելու են միկրոավտոբուսներին: Բնակիչներն ուրախացել են, հրճվել: Բայց արդեն խուլ պայքար է սկսվել գծատերերի և քաղաքապետարանի միջև, որովհետև մի շարք երթուղիներ վաղուց սեփականաշնորհած մարդիկ չեն պատրաստվում հեշտությամբ զիջել իրենց դիրքերն ու զրկվել եկամուտներից: Ասում են, որ քաղաքապետարանում որոշել են առայժմ թույլ տալ, որպեսզի միկրոավտոբուսները ևս շարունակեն իրենց գործունեությունը: Սակայն այս դեպքում արդյո՞ք հաշվի են նստել այն հանգամանքի հետ, որ առանց այն էլ գերբեռնված Երևանում այլևս անհնար կլինի երթևեկությունը, երբ մեծածավալ ավտոբուսները փողոցներում լրացուցիչ խցանումներ ստեղծեն: Բայց հավանաբար գծատերերի շահերն առավել կարևոր են, քան երթևեկության քաղաքակիրթ սկզբունքները: Ի վերջո, մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք, չենք կարող միանգամից դուրս նետել հնոտին:

Ու երևի պետք էլ չէ, որովհետև արդեն հաշվարկներ կան, թե որքան ավելի թանկ է արժենալու ավտոբուսների վառելիքը: Իսկ մեզ մոտ ընդունված կարգ է` մինչև փոխադրամիջոցը լցվի ուղևորներով` երթուղի դուրս չի գա: Ասել է թե` 10 րոպե միկրոավտոբուսին սպասելու փոխարեն հիմա մարդիկ 15-20 րոպե են սպասելու մեծածավալ ավտոբուսներին: