Արմատականների մուտքը կարգելվի


 

Մոհամեդ Մերային վնասազերծելուց հետո Նիկոլա Սարկոզին մի շարք կտրուկ հայտարարություններ է կատարել` խոստանալով պատժել ծայրահեղականների ինտերնետ-կայքեր այցելողներին: Ինչպես և նրանց, ովքեր Պակիստանում և Աֆղանստանում եղել են «Ալ-Քաիդա»-ի վարժական ճամբարներում` եթե նույնիսկ նրանք Ֆրանսիայում հանցանք չեն գործել:

Առաջիկա ապրիլին Ֆրանսիայում կայանալիք կոնֆերանսին մասնակցելու հնարավորություն չեն ունենա իմամ արմատականները: Իր այս որոշման մասին հայտարարել է երկրի նախագահ Սարկոզին: Հանդիպելով միջոցառման կազմակերպիչների հետ, նա ֆրանսիական նրբանկատությամբ ակնարկել է, որ «Ուրախ չեն լինի ֆրանսիական հողում տեսնել այդ կոնգրեսին հրավիրված մի շարք անձանց»:

Իհարկե, մասնավորեցրել է իր խոսքը` նշելով կոնկրետ անուններ: Օրինակ, եգիպտոսցի աստվածաբան Յուսուֆ ալ-Քարադավին, որ սունի-մուսուլմանների շրջանում ամենաազդեցիկ դեմքերից մեկն է և հաճախ է հայտնվում «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի եթերում ու «Իսլամ Օնլայն» կայքում:

Սարկոզիի մտահոգությունը միանգամայն տեղին է. դեռևս չեն փարատվել թուլուզյան ահաբեկչության տագնապները: Ի վերջո` ազգային, պետական անվտանգության թիվ 1 պատասխանատուն ոչ միայն իրավասու, այլև պարտավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Սակայն, պարզվում է, որ նույն ալ-Քարադավիի մուտքն արգելելու պարագայում լրացուցիչ բարդություններ կան: Աստվածաբանը դիվանագիտական անձնագիր ունի, և Ֆրանսիա մեկնելու համար նրան հրավերք (վիզա) պետք չէ: Այսուհանդերձ, Սարկոզին պայմանավորվել է անձամբ Կատարի Էմիրի հետ, ում երկրում ապրում ու աշխատում է անցանկալի իմամը:

Ի դեպ, ալ-Քարադավիի այցը մերժող միակ երկիրը չէ Ֆրանսիան: 2008 թ. արգելվել է նրա մուտքը Մեծ Բրիտանիա: Այստեղ անընդունելի էր համարվել այն, որ նա խրախուսել էր պաղեստինցի ահաբեկիչ-մահապարտների գործողություններն Իսրայելում (հաղորդել է LentΖ.ru-ն):