ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՋՂԱՁԳՎԵԼ ԵՆ


 

2007-ԻՆ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ ստեղծվել է «Ռուսական աշխարհ» կազմակերպությունը, որի նպատակն է տարածել ռուսաց լեզուն, նպաստել ռուսական մշակույթի հանդեպ հետաքրքրության ձևավորմանը: Եվ ահա այս կազմակերպության կայքը տեղադրել է հաղորդագրություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի է ունեցել «Ռուսական խոսքի օրեր» միջոցառումը: Ավելին, այս կայքը Ղարաբաղը ներկայացրել է որպես ինքնուրույն վարչատարածքային միավոր` ԼՂՀ: Ադրբեջանում արդեն հայտարարություններ են հնչում, թե Պուտինը ճանաչել Է Ղարաբաղի անկախությունը, թե Ֆրանսիայի նման Ռուսաստանն էլ կողմնակալ է Ղարաբաղի հարցում:

Ադրբեջանցիները, ինչպես պարզվում է, սիրում են հաճախակի ջղաձգվել, հայտարարություններ անել, կռիվներ սարքել այլ պետությունների հետ: Սա վկայությունն է այն իրողության, որ այս երկրում շատ լավ հասկանում են` աշխարհն արդեն սկսել է այլ կերպ նայել Ղարաբաղին, իսկ ադրբեջանական խաղաթղթերը կամաց-կամաց արժեզրկվում են: Իհարկե, Բաքուն բոլոր ջանքերն է գործադրում` «Եվրատեսիլ-2012»-ը ծառայեցնելու քաղաքական քարոզչության համար և հերթական անգամ հայտարարել է, թե հայերն իրենց ցեղասպանել ու զավթել են իրենց տարածքները, ինչը խրախուսվում է աշխարհի և հատկապես Ռուսաստանի կողմից: Բայց հազիվ թե երգի մրցույթին եկածներն ուշադրություն դարձնեն Բաքվի լացուկոծին: Մրցույթն ապաքաղաքական է, այն չի պաշտպանում որևէ երկրի քաղաքական կողմնորոշումները, հետևաբար իզուր են Ադրբեջանում հիմա էլ փորձում Պուտինին մեղադրել Ղարաբաղը ճանաչելու մեջ...

Ռուսաստանի դիվանագիտությունը գործում է հստակ, այն երբեք էժանագին հնարքներ չի անում, իսկ եթե «Ռուսական աշխարհ» կազմակերպությունը նշել է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա որևէ սխալ թույլ չի տվել, քանի որ այդ պետությունն ունի իր պաշտոնական անվանումը, որը հաստատված է նրա Սահմանադրությամբ: Եվ ոչ ոք Ադրբեջանի կամքը չի հարցնում, թե ինչպես ներկայացնի կայացած պետությունը: