ԱՆՈՐԱԿ ՊԱՆԻՐ «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ»-ԻՑ


 

«Աշտարակ-կաթ» ընկերությունը վերջին օրերին վաճառում է պանիր` 1600 դրամ գնով, ինչը նշանակում է, որ ընկերությունը ցանկանում է պանրի շուկայում դուրս թողնել մյուս արտադրողներին: Կարելի էր երկարատև և բուռն ծափահարություններով դիմավորել ընկերության այս նախաձեռնությունը, ինչը նշանակում է, որ այստեղ սկսել են հասկանալ մարքեթինգի և մրցակցության կանոնները: Բայց պարզվում է, որ «շան գլուխն» այլ տեղ է թաղված: Այսինքն, ընկերությունը ոչ թե գնում է շուկայի կարգավորմանը, մրցակցային պայմանների բարելավմանը, այլ գնորդներին մատուցում է անորակ պանիր, որն արդեն մի անգամ արտահանվել է Ռուսաստան և վերադարձվել` սպառողական շուկայում մրցակցությանը չդիմանալու պատճառով: Դժվար չէր ընկերության այս «հնարքը» գաղտնազերծել հատկապես հիմա, երբ նոր է թափ հավաքում պանրագործությունը, չի իջել 1 լիտր կաթի գինը: Հետևաբար, առկա է անազնիվ խաղը, որի մի շարք դրսևորումներ արդեն իսկ դառնում են ակնհայտ:

Վաղուց արդեն այս ընկերությունը հայաստանյան շուկայում կորցրել է իր հանդեպ վստահությունը, որովհետև գերշահույթ ստանալու նպատակով` խախտում է մի շարք կաթնամթերքի բաղադրությունները, թթվասերի մեջ օգտագործում կոկոսի յուղ: Հիմա էլ, ինչպես տեսնում ենք, շուկա է հանվել «տարած-հետ բերած» պանիրը, որը կորցրել է իր բոլոր համային հատկանիշները: Այս պանիրը պետք է խոտանվեր, թափվեր: Մինչդեռ սպառողների հաշվին հարստացած սեփականատերերը որոշել են իրենց վնասները հատուցել գնորդների հաշվին: Իսկ գնորդի առողջությունը նրանց պետք չէ: Զարմանալի է, իհարկե, որ համապատասխան կառույցները չափազանց անտարբեր վերաբերմունք են դրսևորում այս ընկերության հարցում, իսկ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններն էլ վարում են ջայլամի քաղաքականություն: Թվում էր, որ կոկոսի յուղի օգտագործումը բացահայտելուց հետո հենց այդ կազմակերպությունները պիտի դիմեին դատարաններ, միլիոնավոր դոլարների տուգանքներ պահանջեին ընկերությունից, քանի որ վտանգված է մարդկանց առողջությունը: Սակայն ոչ ոք չուզեց բարձրաձայնել, օրինական քայլերի դիմել: Սպառողներն էլ համակերպվեցին կատարվածի հետ: Իսկ մենք համոզված ենք, որ ընկերությունը շարունակում է շուկա հանել կոկոսի յուղով հարստացված թթվասերը, որովհետև «Աշտարակ -կաթի» թթվասերը թթված «սեր» է սպառողի հանդեպ: Այն ուղղակի և անուղղակի իմաստներով դառնություն է պարունակում` ջրային մասի գերակայությամբ: