ՀԱՐՑԱԽՈՒՅԶ

Չեն հա­վա­տում


 

Թեև քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց հասարակության տրամադրությունն արդեն նախընտրական են: Շրջելով Երևանի կենտրոնական հատվածներից մեկում, փորձեցինք պարզել, թե կողմնորոշվե՞լ են մեր քաղաքացիները և պատրա՞ստ են արդյոք բարձրաձայնել այն թեկնածուի կամ քաղաքական անունը, ում օգտին կքվեարկեն գալիք խորհրդարանական ընտրություններում: Ո՞ւմ են վստահում ու ո՞ւմ հետ ավելի բարեկեցիկ կյանք կառուցելու հույսեր են կապում:

Պատկերը սպասվածից ավելի մռայլ էր, ավելի մտահոգիչ: Մեր զրուցակիցներից շատերը կարծես հենց այդ հարցին էին սպասում, որ արտահայտեն կուտակված դժգոհությունը, զայրույթը, բողոքը, հուսալքությունը: Մարդիկ, ովքեր պարզապես դադարել են հավատալ: Նրանց մեծամասնության` ընտրություններին չմասնակցելու կեցվածքն ու հաստատակամությունը առաջին հայացքից միգուցե կարող է ընկալվել որպես անտարբերություն: Սակայն նրանք ընդգծում էին, որ անտարբեր չեն. պարզապես դառը փորձով «իմաստնացած», խոստումներով «կերակրված» ընտրողն այլ կերպ մտածել չի կարող.

Ալվարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ, 74 տարեկան, թոշակառու

- Եթե անկեղծ լինեմ` ոչ մի կուսակցության չեմ ընտրելու: Փորձը ցույց է տվել` ով նստել է թախտին, անմիջապես մոռացել է ժողովրդի մասին: Արդարություն չկա, համերաշխություն չկա: Սրանք հայի թերություններն են: Մեկը մյուսի թիկունքին չի կանգնում: Համատարած անարդարություն է: Ոչ մի ուժի չեմ վստահում: Ես թոշակառու եմ, մի կերպ գոյատևում ենք` սպասելով հաջորդ թոշակին: Բայց սա է մեր երկրի վիճակը: Ես ոչինչ չեմ կարող փոխել: Մնում է հույսը դնել Աստծո վրա ու շարունակել ապրել:

- Խոսակցություններ կան, որ արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել. Ձեզ նման դեպքեր հայտնի՞ են:

- Այս տարի դեռ ընտրակաշառքի դեպքերի մասին չեմ լսել, բայց ընդհանրապես նման դեպքերը տարածված են: Այս ընտրությունները ևս բացառություն չեն լինի:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

- Ես ոչ ոքի ու ոչ մի բանի չեմ հավատում: Ձեզ եմ հարց տալիս` Դուք այսօրվա օրով ապրո՞ւմ եք, գո՞հ եք Ձեր կյանքից: Իհարկե ոչ: Ամբողջ աշխարհով շրջել եմ, այսպիսի երկիր չեմ տեսել` իհարկե բացասական իմաստով: Ես սա մեծ ցավով եմ ասում: Մարդ չկա, մարդկություն չկա: Բոլորն էլ խոստումներ են տալիս, հավատացնում են, որ ամեն ինչ կփոխվի, բայց ոչինչ չեն անում: Քանի˜ անգամ եմ ընտրել...: Իսկապես մեծ ցավ եմ ապրում, բայց կորցրել եմ հավատս: Սա իմ երկիրն է, բայց պետությունից դժգոհ եմ: Դուք գո՞հ եք: Կարծում եք ինչ-որ բան կարո՞ղ եք փոխել: Չե´ք կարող:

Թաթուլ ՍԱՐԳՍՅԱՆ, ազատամարտիկ.

- Ես ոչ մի կուսակցության ձայն չեմ տալու: Ոչ մեկի հետ գործ չունեմ: Ազատամարտիկ եմ, պատերազմի ժամանակ վիրավորվել եմ, բայց ոչ մեկի կողմից երբևէ հարգանք չեմ տեսել: Աշխատանք եմ փնտրում, ասում են` դու վիրավոր ես, քեզ աշխատանք չենք կարող տալ: Բայց ո՞ւմ համար եմ կռվել, վիրավորվել: Որ ղեկավար դառնան ու մեզ արհամարհե՞ն: Ի սեր Աստծո, երբ ես գնացի կռվելու, երբեք չեմ մտածել, որ իմ ծառայության դիմաց ինչ-որ ակնկալիքներ եմ ունենալու: Եթե հարկ լինի, այսօր էլ կրկին ես եմ գնալու կռվելու: Բայց գոնե հարգանք լիներ: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա վստահաբար ասում եմ` ինձ ոչինչ պետք չէ: Եթե նույնիսկ առաջարկեն, չեմ վերցնի: Ինչի՞ համար պիտի գումար վերցնեմ: Որ ընտրե՞մ: Երբեք:

Սյուզաննա ԱԶԻԶՅԱՆ, ուսանողուհի.

- Ճիշտն ասած` չեմ ընտրելու ոչ մեկի: Պատճառը հստակ է` պարզապես չեմ տեսնում որևէ մեկին կամ որևէ ուժ, որը հնարավորություններ ու ռեսուրսներ ունի` լուրջ բարեփոխումներ իրականացնելու: Ընտրություններին կմասնակցեմ` իմ քաղաքացիական պարտքը կատարելու համար միայն և կքվեարկեմ` բոլորին դեմ եմ:

ԱՆՈՒՇ.

- Չեմ մասնակցելու ընտրություններին, որովհետև գտնում եմ, որ ավելորդ ժամանակ եմ ծախսում: Միգուցե սխալվո՞ւմ եմ, չգիտեմ: Պարզապես չեմ հավատում որևէ մեկի: Սակայն մի բան հավելեմ: Համենայն դեպս ընդդիմության շարքերում չեմ տեսնում այն ուժը, որը կհանի մեր երկիրը ճահճից: Եթե նժարի վրա դնենք, ներկայիս իշխանություններն ավելի վստահելի են, քան ընդդիմության որոշ ներկայացուցիչներ: Տրամադրող, վստահություն ներշնչող քաղգործիչները բացակայում են:

Հայկազ ՀԱՐՏԵՆՅԱՆ, թոշակառու.

- 30 տարվա կոմունիստ եմ, և եթե կա մի կուսակցություն, ում հետ հույսեր եմ կապում, կոմկուսն է: Ընտրակաշառքի դեպքերի մասին իհարկե լսել եմ: Անձամբ ինձ դեռ չեն առաջարկել, բայց լսել եմ: Առանց կաշառքի անհնար է: Առանց կաշառքի ով պիտի ձայն տա:

Մանան ԳԱԼՍՏՅԱՆ, միջազգայնագետ

- Ես ընտրություններին կմասնակցեմ, անխոս: Բայց բոլորին դեմ եմ քվեարկելու, որովհետև առաջադրված թեկնածուներց ոչ մեկի հետ չեմ կապում իմ երկրի ապագան: Բայց ես ավելի լավատես եմ: Հավատացած եմ, որ կհայտնվի մի նոր ուժ, ավելի երիտասարդական, ավելի լայն հնարավորություններով ու հավատով` սեփական երկրի նկատմամբ: Ընտրակաշառքների մասին, այո, լսել եմ: Շրջաններում արդեն խոսակցություններ կան: Անձնագրային տվյալներ են հավաքում: Նույնիսկ խոսակցություններ կան, որ յուրաքանչյուր ձայնի դիմաց 20 հազար դրամ են խոստացել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ