ԼԵՌՆԱՊԱՏԻ «ԱՌԱՍՊԵԼԸ»


 

Արդեն մի քանի տարի չեն դադարում կրքերը Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: Նախկինում խաղաղ ու հաշտ ապրող գյուղը խառնվել է իրար. մեկ տասնյակից ավելի գյուղացիներ անընդհատ նամակներ են գրում երկրի իշխանություններին, պահանջում ուսումնասիրություններ կատարել գյուղապետարանում, ստուգել գյուղապետի ֆինանսական գործունեությունը, պարզել բյուջեի ծախսային մասը և այլն:

Երկրի շատ գերատեսչություններ էլ բան ու գործ թողած` շտապում են Լեռնապատ, ամենատարբեր ստուգումներ իրականացնում, ապա վերադառնում ու իրենց ղեկավարներին զեկուցում, թե գյուղապետի գործունեության մեջ քրեական հետևանք պարունակող ոչինչ չկա, ամեն ինչ արվել է օրինական ճանապարհով և բացատրությամբ… Եվ այսպես` ամեն տարի: Գյուղապետն էլ իրեն զրպարտած անձանց դատի է տալիս, պատիվ պահանջում: Հիմա էլ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում է հայտնվել գյուղապետի հայցն ընդդեմ ոչ անհայտ Արթուր Սաքունցի, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում է այս գյուղում, հավաքում մի խումբ մարդկանց ու համոզում բողոք գրել գյուղապետի դեմ:

Հիմա Լեռնապատի գյուղապետի անունը հայտնի է դարձել ողջ հանրապետությունում: Եվ փոխանակ մարդիկ խոսեն հիսունից ավելի իրականացված ծրագրերի մասին, քննարկման նյութ են դարձրել գյուղապետի և մոտ մեկ տասնյակ լեռնապատցիների հակամարտությունը:

Լեռնապատի գյուղապետը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն է, մեր միակ դոկտոր գյուղապետը, ով զբաղվում է նախամաշտոցյան և միջնադարյան գրականության խնդիրներով, կատարում պատմագիտական մեծարժեք աշխատությունների թարգմանություններ: Սակայն վերջին շրջանում բանասիրության դոկտորը պարզապես գիտությամբ զբաղվելու ժամանակ չունի, որովհետև զբաղված է ամբաստանագրերը հերքելու «գործով»: Ինչպես պարզվում է, Վանո Եղիազարյանի դեմ իրականում ելել են ոչ թե գյուղացիները, այլ գյուղից մոտ 140 մետր հեռավորությամբ գտնվող հանքի սեփականատերը, ավելի ճիշտ` Լեռնապատում գտնվող երկու հանքերի տերերը: Նրանք այսօր շահերի բախում են տեսնում: Նրանցից ամեն մեկը կամենում է սնանկացնել մյուսին և տեր կանգնել նրա ունեցվածքին: Գյուղապետն էլ անընդհատ խոչընդոտում է հանքերի շահագործմանը, որովհետև ՀՀ օրենքներով արգելվում է բնակավայրերին մոտ հանքավայրեր կառուցել, իսկ այստեղ հանքի հեռավորությունն ընդամենը 140 մետր է, ինչը վտանգավոր է գյուղի ու մարդկանց համար, ինչը ստեղծում է բնապահպանական միջավայրի խախտումներ: Հանքերի սեփականատերեր Սամվել Հարությունյանն ու Արտաշես Թումանյանը կարողանում են մի շարք գյուղացիների ոտքի հանել, նրանց միջոցով պահանջել գյուղապետի հրաժարականը, քանի որ Վանո Եղիազարյանը չի կամենում կուլ գնալ սեփականատերերի ցանկություններին, չի ուզում վտանգել գյուղի ապագան: Բայց հզոր են սեփականատերերը և նրանք այսօր ոչնչի առջև կանգ չեն առնում` հանուն իրենց բիզնեսի: Ցավոք, օգտագործելով իրենց կապերն ու ծանոթությունները` նրանք շփոթության մեջ են գցել երկրի վարչապետին, ով սկսել է պաշտպանել սեփականատերերի շահերը` Լեռնապատի ավագանուց պահանջելով անվստահություն հայտնել գյուղապետին: Իսկ ավագանին այդ անվստահությունը չի հայտնում: Չի հայտնում, որովհետև գոհ է Վանո Եղիազարյանից: Գյուղապետի աշխատանքից գոհ է մնացել նաև երկրի նախագահը և միջնորդել կառավարությանը` 120 միլիոն դրամ տրամադրել գյուղի դպրոցի շինարարության համար: Գյուղապետի ջանքերով 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո անօթևան դարձած մի քանի տասնյակ լեռնապատցիների համար բնակարաններ են կառուցվել, համայնքի բյուջեի 10 տոկոսը տրվում է տարբեր դիմումատուների` որպես սոցիալական աջակցություն:

Հիմա, նախընտրական գործընթացների փուլում, Լեռնապատում նորից սկիզբ են առել հուզումները: Հանքատերերը քարոզում են մարդկանց` ձայն տալ «Բարգավաճ Հայաստանին», իսկ ահա գյուղի մոտ 88 տոկոսը պատրաստվում է քվեարկել Հանրապետականի օգտին: Ուրեմն, գյուղապետի թեման մի կարճ շրջան կմոռացվի` իր տեղը զիջելով ընտրական պայքարին: Հետո նորից գյուղապետը կդառնա «օրվա հերոս»:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ