ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉՈՒՇԱՑԱԾ


Հարկային պարտավորությունները լիարժեքորեն կատարելու` խոշոր բիզնեսին ուղղված կոչերն ու պահանջներն առայժմ կասկածելի լռությամբ են ընդունվում£ Հարկ է ենթադրել, որ գործարար վերնախավի հանդարտությունը, եթե չասենք անտարբերությունը, բոլորովին էլ համաձայնություն, գործադիրի պահանջի հետ համակերպում չի ենթադրում£ Ավելին, խոշորների դիմադրությունն անխուսափելի կարելի է համարել... Կարելի՞ է պատկերացնել մի այնպիսի իրավիճակ, երբ սթափվելու և գործունեութ յունը լիարժեքորեն օրինականացնելու կոչերին անսալով, տվյալ օլիգարխը հաջորդ առավոտ սեփական կառույց մտնի պատրաստի հանձնարարականներով` պահանջելով հետայսու ամեն ինչ անել այնպես, ինչպես վաղուց համապատասխան օրենքներում է գրված£ Հազիվ թե... Ու որքան էլ փոքր լինի հավանականությունը, բայց եթե գործարար վերնախավն անկեղծանա, ապա փոքր ու միջին բիզնեսից ոչ պակաս, ոչ ավել հոռետեսությամբ սկսելու է պնդել ու համոզել, թե վերջին տարիներին օղակը սկսել է սեղմվել նաև իր ու իր նմանների գործունեության շուրջ£ Ընդ որում, վերջիններիս պարագայում այն անցանկալի տարբերությամբ, որ եթե փոքր ու միջին բիզնեսի դեպքում դիտակետում միայն վերջիններիս գործունեությունն է, ապա գործարար վերնախավի պարագայում շատ հաճախ նաև նրանց անձն է խոշորացույցի տակ առնվում£ Դրա վերջնարդյունքում նույնիսկ իրե°նք են շահելու. սակայն դրանում նրանք փոքր¬ինչ ավելի ուշ կհամոզվեն£ Պակաս ուշագրավ չէ, որ դժգոհության տարրերով հարուստ ինքնախոստովանություններն (անկախ այն բանից, թե հատկապես ում կոկորդին է օղակն ավելի շատ սեղմվում) ինչ¬որ առումով ճշմարտությունից այնքան էլ հեռու չեն£ Ավելին, նախքան իրավիճակի վերաբերյալ գնահատականներ ներկայացնելը, նախքան խոշորների կանխատեսելի ու մոտալուտ տրտունջը լսելն էլ պարզ է, որ խնդիրը ոչ թե օրենքների տարրական պահանջները չընկալելն է, այլ այն, որ մի քանի տարի առաջ նրանց գործերը հաստատ ավելի լավ են եղել, քան հիմա£ Այսինքն, դժգոհությունն ավելի շատ ընդհանրական բնույթ ունի£ Ի վերջո ճգնաժամային տարի է հաղթահարվել, գնողունակությունն առաջվանը չէ, մրցակիցներ են ավելացել, արտարժույթի կուրսն է շարունակ տատանվել և այլն£ Սակայն հարցերն այս որքան էլ կարևոր, բայց բուն խնդրի` պարտաճանաչ հարկատու դառնալու հետ այնքան էլ չեն առնչվում£ Դժվար չէ վերհիշել, որ դեռ ոչ վաղ անցյալում գործարար վերնախավի տնտեսական գործունեության ինքնակառավարման այնպիսի մեխանիզմներ էին ստեղծվել, երբ ամեն ինչ հայեցողաբար էր որոշվում կամ, ավելի ճիշտ` ոչինչ էլ չէր որոշվում, ու գործարարներն իրենք էլ չէին հասկանում, թե հաշվապահություն կոչվածն ինչի համար է£ Կարճ ասած` անհասկանալի էր մնում պետության հետ հարկային թվաբանության նպատակահար մարության խնդիրն ընդհանրապես£ Եվ կարելի է պատկերացնել, թե ինչ «օղակի» մասին է խոսքը, երբ բարձիթողի իրավիճակին, թեկուզև փուլ առ փուլ, փոխարինելու է գալիս բոլոր օրենքների շրջանակներում տեղավորվող թափանցիկ տնտեսվարման անհրաժեշտությունը£ Այսինքն, ոչ միայն սովորական դարձած զարտուղի ճանապարհներով սեփական գրպաններում մնացած փողերից չբաժանվելու խնդիրն է այս շրջանում հայրենի օլիգարխիային տանջում, այլ նախկին ու ներկա գործելաոճի շրջանակներում առաջանալիք ակնհայտ, բայց անխուսափելի անհամամասնությունը£ Խնդիրն, իհարկե, նաև հոգեբանական կողմ ունի, ինչն էլ խոշորների վերադարձի ճանապարհին սեպի դեր է ակնհայտորեն ունենալու£ Մյուս կողմից էլ` վաղուց են եկել ժամանակները, երբ նման սեպերը շրջանցելը, դրանք չնկատելն ու անտեսելն այլևս անհնարին են դարձել£ Ու թերևս նախկին շրջանցումներն են պատճառը, որ հանրության ու պետության զարգացմանը խոչընդոտող արգելքները քանակապես ավելացել են` որակապես ստեղծելով մի այնպիսի իրավիճակ, երբ երկրորդական թվացող հարցերի կուտակումը լրջագույն գերխնդիրներ է առաջ բերել£ Ի վերջո, հատուկ ընդգծելու անհրաժեշտությունը չկա` փաստելու համար, որ ոչ միայն սեպերն են շատացել, այլ նաև դրանք ժամանակի ընթացքում խորն արմատներ են ձգել£ Սակայն իրողությունն այն է, որ օլիգարխիան օրենքներին ու իր իսկ ստանձնած պարտավորություններին ինքնակամ չի հանձնվում£ Անկախ նրանից, որ բոլորից առաջ հենց իրենք` խոշոր բիզնեսի երևելիներն են լավ գիտակցում` մի օր անպայման կիսաքաոսային գործելաոճին վերջ է տրվելու£ Սակայն խաղը, որ տվյալ դեպքում ժամանակ շահելու հաշվարկների վրա է կառուցվել, դատելով գործադիրի ղեկավարի կտրուկ հայտարարություններից` մոտ է ավարտին£ Թեև խոսքը ոչ այնքան ավարտի, այլ մի նոր սկզբի մասին է, քանի որ այն, ինչը ներկայում է փորձ արվում վերափոխել, առնվազն մեկ տասնամյակ առաջ պետք է տեղի ունեցած լիներ£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ