Եռօրյա երաժշտանվեր Հայաստանի մանուկներին


Գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի և տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի համատեղ ջանքերով, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) օր օրի ավելի պարարտ հող է գտնում ստեղծագործական դիմագիծը բազմերանգացնելու: Ասվածի նորահաստատումը մայիսի 30-ի երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «CΖrtoon Non-StoΘ» թող որ օտարահունչ, բայց հանրամատչելի երկացանկով մտահղացված նոր համերգաշարի մեկնարկն է:

ՀՊԵՆ և նրա ակտիվ գործունեությանը հետևող երաժշտասերների համար այն 2012-ից հայաստանյան բոլոր համերգասրահներում, բուհերում մեծ հետաքրքրություն առաջացրած  «Hollywood Non-StoΘ»-ի ուշագրավ զարգացումն է: Եվ հետամտում է համազգային հոգեզարթոնքի նույն նպատակը` նոր սերնդին խորունկ ընկալում և սեր պատվաստել իրական արժեքների հանդեպ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնված «CΖrtoon Non-StoΘ»  խորագիրը կրող երաժշտանախագծում ներառված են թե´ մանուկներին, թե´ մեծերին քաջածանոթ մուլտֆիլմերի մեղեդիների գործիքավորումներ: Մուլտաշխարհի մի շարք աշխարհահռչակ անուններից հյուսված («Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը», «Ալադինը» և այլն) երաժշտական ծաղկաքաղի վայելքը խոստանում են, անշուշտ, դիտարժան խորացնել տոնական անակնկալներով, համապատասխան տեսահոլովակներով ու լուսաձայնային «աճպարարություններով»:

Այնպես որ, սիրելի մանուկներ, հորդորեք մեծերին ձեզ չզրկել մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վայելելու ՀՊԵՆ «CΖrtoon Non-StoΘ»  բացառիկ համերգային ծրագիրը:

Մայիսի 31-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո տեղի ունենալիք լրացուցիչ բարեգործական համերգին հանդիսասրահում միայն ու միայն երեխաներ են գտնվելու:

Նվարդ Ասատրյան