«Ֆոմենկոների» զավակները երևանյան «rendez-vous»-ում


Ֆոմենկոյի հետ թե´ մանկավարժական, թե´ բեմադրական տևական ճանապարհ անցած ներկայիս գլխավոր ռեժիսոր Եվգենի Կամենկովիչի գեղարվեստական ղեկավարությամբ ամբողջացված թատերախաղերից մեկը Տուրգենևի «Գարնանային ջրերի» հիման վրա բեմ բարձրացված «Ռուս մարդը rendez-vous-ին» (ռեժիսոր` Յուրի Բուտորին) ներկայացումն էր: Դրա երևանյան բեմելը նույնպես ջերմ ընդունելության արժանացավ: Երիտասարդական տաղանդավոր, անսանձ երևակայության թռիչքով և բազմաշնորհ կերպափոխությունների նորահնար պատկերասրահով էին ներկայացնում «ֆոմոչկաները» Տուրգենևի հանրահայտ երկի իրենց արդիաշունչ մեկնաբանությունը: Երբեմն-երբեմն յուրատեսակ կրկեսային արենա էր հիշեցնում մեր ռուսական թատրոնի բեմը, բայց հանդիսախաղային խինդ ու աշխույժով ամենևին չէին խաթարվում թե գլխավոր կերպարների փոխհարաբերությունները, թե սյուժետային գծի առանցքային կապակցվածությունը: Իհարկե զգալի էին թատերական երկու սերունդների արտիստական ներուժի, հավաքական նկարագրերի տարբերությունները. ո՞ր թոռն է պապի հայելային անդրադարձը...

Հրաշալի համակարգ է գործում «ֆոմենկոների» ընտանիքում։ Ավանդույթ դարձած «փորձերի ու սխալների երեկոների» անպարփակ ընթացքում հաճախ են ի հայտ գալիս խենթավուն փորձարարության նշանակալից դրսևորումներ։ Այս վառվռուն «rendez-vous»-ի հանգույն։ Հիմնադիր ավագները դրանք խորագիտորեն ամբողջացնելու հնարքներ են հուշում «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցին» անդամագրվել ջանացող «փորձնակներին»։ Առանց շտապեցնելու, առանց կապանքելու նրանց մտքի ու երևակայության թռիչքը՝ նրբանկատորեն ավարտուն գեղարվեստաթատերական ընդհանրացման են հասցնում ամենահաջողված մտահղացումները։ Խաղացանկային 32 ներկայացումներից 5-ը հենց այսպես են ստեղծվել։ Նրանց մարդավայել ապրուստն էլ են սիրահոժար հոգում. ո՞ր կիսաքաղց արվեստագետը կարող է անմնացորդ տրվել արարչական տառապանքին... Ֆոմենկոյի թատերահավատամքը գործնականում յուրացրածներով էլ, ինչպես այս շնորհառատ «ֆոմոչկաներով», պարբերաբար համալրում են ստուդիական ավյունը այսպիսով մշտանորոգող «Արվեստանոցը...»։ Երբեմնի «կապուստնիկ»-ային նախահիմքը պահպանած, «Գարնանային ջրերի» երևանյան անսպասելի խորունկ ու թեթևասահ «…rendez-vous»-ում երբեմնի «փորձնակներն» ամենևին չէին զիջում իրենց վերակրթող թատերադպրոցի բազմափորձ ավագներին։ Թատերական գրեթե բոլոր ժանրերի հնարամիտ ու համարձակ սինթեզով էին «ֆոմոչկաները» միասնաբար բեմավորել տուրգենևյան տարազգի վտարանդիների հնամենի կեցության ու բարքերի համապատկերը։ Այդուհանդերձ, Տուրգենևի հանրահայտ երկի նրանց արդիաշունչ մեկնաբանությունը Ֆոմենկոյի գրական անհասանելի կուռք Պուշկինի անթաքույց պաշտամունքով էր ներթափանցված։ Եթե Սերաֆիմա Օգարևան տպավորվում էր իր Ջեմմայի կերպարային զարգացման անսայթաք ընթացքով, ապա Եկատերինա Սմիռնովան զարմացնում էր երկու միանգամայն տարբեր հերոսուհիների՝ Ջեմմայի կրակուբոց մոր և սիրային արտառոց արկածների հաղթական «թագուհի» Մարյա Պոլոզովայի անճանաչելի կերպափոխություններով։ Բեմական շնորհներով մասսայական տեսարաններում դերասանախմբին անկարկատ մերվում էր նաև հմայիչ Մարիա Կոզյարը՝ թատրոնի գրական մասի վարիչը։ Տղամարդ դերակատարներն էլ՝ Դմիտրի Զախարովը, Համբարձում Կաբանյանը, Միխայիլ Կռիլովը և Յուրի Բուտորինը, ակնածանք էին հարուցում նույն ներկայացման տիրույթում կերպավորած հերոսների մի ամբողջ շարքի ցայտուն տարբերակմամբ։ Երիտասարդական նախանձելի ազարտով էին «ֆոմոչկաները» միս ու արյուն հաղորդում դասական գրական գոհարի իրե՜նց մեկնաբանությանը։ Այնպես վարպետորեն էին խաղարկում նկարիչ Վլադիմիր Մաքսիմովի մտահղացած դյուրափոփոխ նորաոճ բեմակառույցը, որ ոչ մի ակնթարթ չէր թուլանում ներկայացման սրընթաց տեմպոռիթմը։ Կյանքը բոցկլտում էր բեմում, ապրեցնող լիցքերով հորդում դեպի հանդիսասրահ...

Սկսած «Էպիգրաֆից» մինչ տղամարդկանց «սրտակեր» Եկատերինա Սմիռնովա-Մարյա Պոլոզովայի անդիմադրելի կանացիությամբ գերված, սիրային արկածների կախարդական շրջապտույտում ասես ակամա խճճված Մալիշև-Դմիտրի Սանինի դեգերումների վերջին հավանական հանգրվան` Միացյալ Նահանգներ: Ավելի ստույգ` ֆրանկֆուրտյան ճամփաբաժանին անակնկալ գտնված ու ասես ակամա կորսված նրբակերտ իտալուհի Ջեմմայի (Սերաֆիմա Օգարևա) երբեմնի լուսաշող սիրո գեթ փշրանքները ժողովելու վերջին հույսով: Ակնհայտ էր նույն թատերադպրոցի բեմական անուրանալի բարեկրթությունը: Եվ վստահություն է ներշնչում բարձրաձայնելու, որ այսպիսի թատերական հերթափոխ ձևավորած արվեստանոցում երբևէ չեն մարի երկրային կյանքի 7-րդ տասնամյակի նախաշեմին Ֆոմենկոյի ողջակեզով ստեղծված թատրոնի երեկոյան լույսերը: Կատա՞կ եք կարծում` Դերասանի տան երբեմնի ինը քառակուսի մետրից ժամանակի պատնեշը ճեղքելով` դրանք այժմ համաչափ տարածվում են չորս թատերասրահներում...

«Գարնանային ջրերը» ինքնօրինակ գունեղությամբ ուժգնացրին մայիսյան թատերական հրավառությունը: «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցին» բնորոշ արտասովոր երաժշտականությանը հարիր լեզվով ասած` եթե ավագները կախարդեցին հանդիսասրահը Բեթհովենի ու Բախի նախանձելի խորագիտությամբ ու երկյուղածությամբ գործիքավորված վիրտուոզ մեկնաբանություններով, ապա երիտասարդները, հասունանալով նույն Բեթհովենի ու Բախի խորունկ ընկալմամբ, նույնքան վիրտուոզ հնչեցրին «Բիթլզներ» ու «Փինգ Ֆլոյիդ»:

Նվարդ Ասատրյան