Մայիսյան հոգեպարար ակորդներ


ՆՈՐԱԲԱՑ վարդերի հոգեզմայլ ծաղկունքով ներկայացան մայրաքաղաքային բոլոր համերգասրահները` միասնաբար մի տարաժանր, հանրամատչելի, բայցև նրբաճաշակ երաժշտակտավ ձևավորելով:

Դասական երաժշտության «ջրվեժը» Գաֆեսճյան մշակութային կենտրոնի վերնասլաց Միջոցառումների գողտրիկ սրահից «գահավիժեց» «Արամ Խաչատրյան» ու «Առնո Բաբաջանյան» համերգասրահներ, հորդեց դեպի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն և Ազգային պատկերասրահի Որմնանկարների լայնատարած դահլիճ... Ժիրայր Շահրիմանյանի վոկալ ստեղծագործությունների համերգ-շնորհանդեսից անցավ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի նախաշեմին հանրային քննության ներկայացող Շողեր Հովհաննիսյանի, Շուշանիկ Հովակիմյանի և Լևոն Մանասերյանի դաշնամուրային երեկոյին: Նոր թափ առավ «Երգող Հայաստան» հանրապետական 7-րդ մրցույթում հաղթող ճանաչված մանկապատանեկան երգչախմբերի զրնգուն գալա համերգով և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ռախմանինովյան «Մեռյալների կղզու» ու «Սիմֆոնիկ պարերի» տխրաթախիծ ելևէջներով: Ապա աներևույթ ուժգնացավ Ռոբերտ Ամիրխանյանի վերջին` «Սիրո կանտատի» 10 արիա-նամակ ներով, որոնց ուրույն հուզականություն էին հաղորդել Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած կամերային երգչախմբի միաձույլ «ընթերցումները»: Վերջիններս խորունկացան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» խորագրով մատուցված Դեբյուսիի ու Բախի, Շուբերտի ու Սեն-Սանսի չքնաղ մեղեդիներով, մենանվագներով` Սեդրակ Երկանյանի դաշնամուրային և Մայիս Ավետիսյանի ֆլեյտայի:

«Մայիսյան ակորդների ջրվեժը» հորձանք տվեց Որմնանկարների սրահում, Հարություն Արզումանյանի դիրիժորությամբ Հենդել ու Վիվալդի, Մոցարտ ու Ռոսինի կենդանացնող Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու շվեյցարաբնակ մեցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանի կատարողական շենշող ներուժով: Ապա վերստին ալիքվեց` «Երևանյան հեռանկարների» երկար սպասված հյուրի` Բեռլինի սիմֆոնիկ աշխարհահռչակ նվագախմբի վիրտուոզ մենահամերգով:

Մայրաքաղաքային ազդագրերի մայիսյան բովանդակության ընդհանուր տպավորությամբ` «երաժշտության ջրվեժի» հոգեպարար խայտանքը շուտով չի հանդարտվե լու: Հուրախություն մշակութային օջախներում ներաշխարհը գոտեպնդող առողջ սնունդ որոնող արվեստասեր հանրության:

Նվարդ Ասատրյան