Մաթեմատիկական սե՞քս


Ամերիկացի այս ուսուցիչն իր դասավանդած առարկայից ավելի կարևորել է աշակերտների սեռական կարիքները: Գուցե մտածել է, թե սեքսը նպաստում է մաթեմատիկայի յուրացմանը և դասի ժամին աշակերտներին արտոնել է դրանով զբաղվել: Ինքն էլ «հերթապահել» է, որ հանկարծ որևէ մեկը չմտնի այդ դասասենյակ ու չխանգարի կրքերին հագուրդ տվող դպրոցականներին:

Ջորջիա նահանգի Սթոուն-Մաունթին քաղաքի դպրոցներից մեկում մաթեմատիկայի 25-ամյա ուսուցիչ Քվենտին Ռայտան ձերբակալվել է անցյալ շաբաթ: Նրա «մանկավարժական նորարարությունը» բացահայտել է աշակերտներից մեկի մայրը, ով ութերորդ դասարանցի իր որդու հեռախոսի մեջ հայտնաբերել է տղայի և ուսուցչի նամակագրությունը: Ուսուցիչը հեռախոսագրությամբ տղային տեղեկացրել է, թե երբ է ազատ այն կաբինետը, որտեղ պատանին պետք է սեռահասունության գործնական պարապմունք անցկացնի:

- Աչքերիս չէի հավատում, երբ տեսա այդ հաղորդագրությունը,- ասել է մայրը լրատվամիջոցներին` չցանկանալով հայտնել իր անունը:- Դա գարշելի է, որովհետև մենք մեր երեխաներին վստահում ենք ուսուցիչներին և դպրոցի ղեկավարությանը:

Պարզվել է, որ Ռայտան անցյալ տարվա նոյեմբերից հատուկ կաբինետ է առանձնացրել դեռահասներին ու նույնիսկ անհատական «դասացուցակ» կազմել: Ավելին, նա նաև հակաբեղմնավորիչներ է մատակարարել ու անձամբ հսկել, որ «կողմնակի անձինք» մուտք չգործեն այդ սենյակ (տեղեկացրել է vesti.ru-ն):

Ինչպես հաղորդել է NBC-ն, ուսուցչին ներկայացված է անչափահասների սեռական հարաբերություններին նպաստելու մեղադրանք: