ՄՈՒՏՔՆ... ԱԶԱՏ Է


Հատկապես մայրաքաղաքում անցկացվող թանկարժեք մշակութային միջոցառումներից տասնամյակներով օտարված են մնում Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիները: Արվեստասեր հանրության անկասելի տրտունջները մեղմելու միտումով, թերևս, ժամանակ առ ժամանակ մշակութային առօրյան բազմերանգացվում է «Մուտքն ազատ է» ներարկումներով: Եվ իրենց մտավոր պաշարին ու նախասիրություններին հարիր` հոգևոր ժամանցի որոշակի հնարավորություն են ստանում ամենատարբեր խավերի հանդիսատեսը, ունկնդիրն ու այցելուն: Թող որ խայտաբղետ հանդիսասրահներում երբեմն անկանխատեսելի վարքագիծ են ի հայտ բերում «անվճար» գայթակղություններ որսացողները: Այդուհանդերձ, շատերի գեղագիտական վայելքի պապակը մասամբ հագեցվում է «Մուտքն ազատ է» միջոցառումների շարքերով: Այս առումով շռայլ էր մշակութային մայիսը` մենաներկայացումների «Արմմոնո» միջազգային 13-րդ թատերական 6-օրյա փառատոն (տնօրեն` Մարիաննա Մխիթարյան), «Թանգարանների գիշերվա» եռօրյա և «Թալալյան եղբայրների»` մինչև ամառային տապի կեսերը ձգվող միջազգային երաժշտական 6-րդ փառատոն (տնօրեն` Ջուլիետա Վարդանյան, գեղարվեստական ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյան):

Համազգային «թանգարանային հիթ-շքերթ»

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ 2005-ին կյանքի կոչված Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցութ յան նախարարության նախաձեռնած «Թանգարանների գիշեր» ծրագրի աշխարհագրությունը գրեթե անմիջապես համաշխարհային ընդգրկում ստացավ: Թանգարաններում ժողովված բազմաշերտ հավաքածուների առանձնակի գրավչության նորահաստատումը կարևորեցին նաև նորանկախ Հայաստանի իշխանությունները: Եվ փշրվեց «թանգարանային լռություն» դեռևս չարչրկվող արտահայտության կարծրատիպը:

«Թանգարանների գիշեր» ծրագրի 10-րդ հոբելյանական մեկնարկում ինքնակամ ներգրավված տասնյակ հազարավոր հայաստանցիներ, արցախցիներ ու զբոսաշրջիկներ կոնկրետ հասցեներով կազմակերպեցին իրենց մասնակցությունը մայիսի 16-18-ը երկարաձգվող «թանգարանային հիթ-շքերթին»: Ասենք, ամենաբուռն ցանկության դեպքում նույնիսկ անկարելի կլիներ նորից ու կրկին շրջել 2015-ի շքահանդեսի բոլոր հանգրվաններում:

Տարվա գլխավոր ասելիքին համահունչ` «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով միջոցառումներ էին նախաձեռնվել ոչ միայն ՀՀ և ԼՂՀ 111 թանգարան ներում, այլև արտերկրում ՀՀ մի շարք դեսպանատներում: Վերջիններս միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության 100-ամյա համապատկերը նորահաստատում էին Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով» միաժամանակյա ցուցահանդեսով: Դրա անհերքելի վկայագրե րում երևանցիները խորամուխ եղան Պանթեոնի տարածքում արժանապատվորեն «բազմած» նորակառույցում` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Ուշագրավ մի հանգամանք. օրվա և տարվա խորհրդի բովանդակային խորքի բացահայտմանը հետամուտ «ԱՎԱՆԳԱՐԴԸ» բացահայտեց «Թանգարանների գիշերվա» 112-րդ մասնակցին` «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը:

«Էդուարդ Իսաբեկյան և աշակերտներ» նորաբաց ցուցահանդեսի քսանից ավելի կտավներին և լուսանկարչական վահանակներին ուշի-ուշով ծանոթանալուց հետո ցուցասրահի երկրորդ հարկում ակամա գամվում ես Վարպետի նկարակալին տեղակայված «Կոմիտասի» առջև: Էդուարդ Իսաբեկյանի իրատեսական աշխարհընկալման դասական գունագեղ նմուշների անանցողիկ գրավչությանը վերստին հաղորդակցվելուց հետո բարեկամական զրույց ծավալեցինք նկարչի դստեր` ցուցասրահի տնօրինուհի Իրինա Իսաբեկյանի հետ: Նա էլ հենց ներողամիտ ժպիտով արձանագրեց «Էդուարդ Իսաբեկյանի»` 112-րդը չլինելու անմեղ պատճառը. չէին հասցրել նախապես գրանցվել...

«Տառակերության» ժամանակ և կարիք չկար, չնայած անակնկալ բացահայտումը լավատեսություն ներշնչեց և հուշեց, որ պաշտոնացանկում չներառված ուրիշ «կամավորականների» էլ կարելի է հանդիպել: Հարկավոր էր այս ցուցասրահի հարևանությամբ գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանից հասնել Եղիշե Չարենցի տուն-թանգարան, հավուր պատշաճի զննել փոքրիկ նկարիչների գունազարդած «Դանթեական առասպել» նորընծա ալբոմը: Չարենցի բազմամարդ տան նախաշեմին, «Վասպուրիկ» մանկապատանեկան համույթի տարազահանդերձ խամաճիկներով թատերայնացվող մեր ժողովրդական երկացանկի վերջին ակորդներով անակնկալի եկած, ինքնակամ շեղվեցինք նախապես ծրագրված «թանգարանային շրջապտույտից»:

Նորահայտ ինքնագործ խմբի կատարողական ներուժին անմիջականորեն հաղորդակցվելու ջանադրությամբ շտապեցինք Երևան քաղաքի պատմության թանգարան` ծանոթանալով «Հիշում և պահանջում եմ. վերածնունդ» ցուցահանդեսին: Ինքնաբերաբար թարմացրեցինք նաև մշտական ցուցադրության խունացած տպավորությունները` ականջալուր «ազատ մուտքի» գայթակղությամբ այստեղ հայտնված այցելուների անկաշկանդ քննարկումներին:

Մեծամասնության հետաքրքրությունների կիզակետում Ազգային պատկերասրահն էր, որի 9 հարկերում երևի թե տարին 1 անգամ է այսպիսի «լայնամասշտաբ գրոհ» արձանագրվում: Թեև, մյուսներն էլ, մեղմ ասած, ավելի «բախտավոր չեն» առօրյա բազմամարդության տեսակետից: Զարմանալի աշխուժություն էր տիրում մեր ամենահարուստ կերպարվեստակառույցի բոլոր սրահներում: Առանց «տարիքային ցենզի»... Առանձնապես չհրապուրվելով լեհ գեղանկարիչ Մացեյ Սվիշևսկու ավանգարդիստա կան «աճպարարություններով»` շատերը մանրակրկիտ զննում էին 18-րդ դարի ֆրանսիական փորագրանկարչության գողտրիկ նմուշները: Ապա. Որմնանկարների սրահից տարածվող երաժշտության հնչյունների կանչով, հայտնվում անսովոր համերգասրահում և սիրով ունկնդրում «Նարեկացի» արվեստի միության ժողովրդական նվագարան ների համույթի ու «Նարեկ» երգչախմբի ներազդու կատարումները: Ելույթների միջնարարին անպայման այցելում էին հարևան սրահ` ծանոթանալու «Պատասխան 100 տարի անց» մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքներին: Կերպարվեստասերների հավաքական կարծիքով, հաղթող ճանաչվեցին Արփինե Քերթցյանը («Երբեք չմոռացվեց»), Գագիկ Ղազարյանը («Գաղթական երաժիշտներ»), Հայկ Պետրոսյանը («Դեր Զորի հերոսը»), Նարեկ Ալեքյանը («Գաղթ»), Արմեն Զաքարյանը («Խամրած հիշողութ յուններ») և Ռաֆայել Մանուկյանը («Կոմիտաս. ժառանգություն»):

Տպավորությունները ճշգրտվեցին «թանգարանային հիթ-շքերթի» վերջնագծում` 1977-ից նշվող Թանգարանների միջազգային օրվա ընթացքում: Եվ` «Ձայն բազմաց, ձայն արդարության»... Այցելություններն առանձնակի խոնարհումով գնահատեցին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի եռօրյա հյուրընկալության փաստը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ