Պաղեստինցիներին արգելված է


Անցյալ շաբաթվանից Իսրայելում աշխատող պաղեստինցիներն իրավունք չունեն տուն վերադառնալ իսրայելցիների հետ նույն ավտոբուսով. հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը (տեղեկացրել է «ՌԻԱ նովոստի»-ն):

- Համաձայն երեք ամսվա համար հաշվարկված պիլոտային նախագծի` Իսրայելում աշխատող պաղեստինցիները տուն կվերադառնան նույն ճանապարհով, բայց չեն կարողանա օգտվել նույն ավտոբուսից, որոնցից օգտվում են Հուդեի և Սամարիայի (Հորդանան գետի արևմտյան ափի - խմբ.) բնակիչները,- Ֆրանս-Պրես գործակալությանը հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք. 1967 թ. Իսրայելը Հորդանանից գրավել էր Արևելյան Երուսաղեմը, այդ թվում և պատմական կենտրոնը` եբրայական (հրեականության), քրիստոնեության և իսլամի սրբավայրերը: Հետագայում էլ բռնակցել էր` ողջ քաղաքը հռչակելով իր միասնական ու անտարանջատելի մայրաքաղաք: Միջազգային հանրությունը չի ճանաչում այդ բռնակցումը և պնդում է, որ 800 հազարանոց քաղաքի կարգավիճակը պետք է կարգավորվի պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունների ճանապարհով: Պաղեստինցիները հավակնում են Արևելյան Երուսաղեմում հիմնել սեփական անկախ պետությունը:

Իսկ ինչպես է ծագել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

1947 թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հանդես եկավ Հորդանան գետի արևմտյան ափին հրեական և արաբական երկու պետություն ստեղծելու որոշմամբ: 1948-ի մայիսին Հրեական ազգային խորհուրդը հռչակեց Իսրայել պետության ստեղծումը: Արաբական հատվածում պետություն չէր ստեղծվել, և այդ տարածքի հանդեպ հավակնություններ ունեին հարևան երկրները: Արաբական պետությունների ղեկավարները չհամաձայնեցին Պաղեստինը բաժանելու մասին ՄԱԿ-ի որոշման հետ: Արաբների և իսրայելցիների միջև հակասություններն էլ ի վերջո հանգեցրին 1948-49 թթ. արաբա-իսրայելական պատերազմին: