ՈՐՔԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆՈՒՅՆՔԱՆ ՀԱԳԵՑԱԾ


Սակավաթիվ այն գերատեսչություններից է ՀՀ սփյուռքի նախարարությունը, որտեղ մուտքն իսկապես ազատ է` աշխատանքային բոլոր ժամերին և բոլոր այցելուների համար: Հանգամանք, ինչը վկայությունն է այն իրողության, որ այստեղ պատրաստ են լսել իրենց դիմող յուրաքանչյուրին: Ասել է թե` որքան թափանցիկ, նույնքան հագեցած ու ծանրաբեռն է նախարարության առօրյան:

Անցյալ մայիսին ձևավորված նոր կառավարության ծրագրում սահմանվել էին նաև Սփյուռքի նախարարության գերակա խնդիրները: Եվ մեկ տարի անց, հանրային իրազեկման նպատակով նախարարի հրավիրած ասուլիսում լրագրողները հնարավորություն ունեցան լիովին հագուրդ տալ իրենց հետաքրքրասիրությանը:

Եթե հակիրճ, ապա` 2014-15 թթ. գերակա խնդիրներ են եղել. ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների համատեղ ծրագրերի ընդլայնում և զարգացում, Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում, Սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների համակարգման ծրագրի իրականացում, հայոց լեզվի տարածում և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացում, այդ թվում` նորարարական մեխանիզմների կիրառմամբ:

Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ, բնականաբար, նաև մանրամասնում է, թե ինչ աշխատանքներ են իրագործվել` խնդիրները կենսակոչելու ուղղությամբ:

Խոսուն են նախարարի ներկայացրած փաստերը` թվերի տեսքով.

- Հաշվետու ժամանակահատվածում տարբեր խնդիրներով նախարարություն են դիմել շուրջ 2200 սիրիահայ: Կացարանով ապահովելու հարցով աջակցություն է հատկացվել շուրջ 1200 ընտանիքի, առողջապահական հարցերով դիմել է շուրջ 580 մարդ, շուրջ 350 սիրիահայեր ապահովվել են աշխատանքով…

ՀՀ քաղաքացիություն է ստացել 2381 սիրիահայ: Ներդրվել է վարկավորման ծրագիր. գումարը մինչև 12.000 $, ժամկետը` մինչև 5 տարի, տոկոսադրույքը` 4 %: Հաստատվել և ֆինանսավորվել է 74 սիրիահայի գործարար ծրագիր:

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին նախատեսված 100-ի փոխարեն մասնակցել են 222 պատանիներ ու երիտասարդներ` աշխարհի 22 երկրներից: Իսկ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը համախմբել էր 1500 սփյուռքահայերի` աշխարհի 16 երկրներից:

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում` սեպտեմբերի 25-27-ը կայանալիք «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը ևս պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Արդեն իսկ ստացվել է 12 հայտ` 120 մասնակցի համար:

Ինչ վերաբերում է 2009-ից սփյուռքահայ երիտասարդներին տուն կանչող «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին` դրա կայացածության առհավատչյան դարձյալ թվերն են: Եթե մեկնարկային տարում «Արի տուն» կանչին արձանագանքել է 312 մասնակից` 14 երկրներից, ապա 2014-ին 31 երկրներից եկել էին 1071 մասնակիցներ. նրանցից 48-ը` Դիարբեքիրից ժամանած իսլամացած հայերն էին:

Ի դեպ` իսլամացած հայերի հիմնախնդիրներն ու նրանց շրջանում տարվող աշխատանքները յուրովի առանցքային են դարձել նախարարության համար: Եվ առանձնակի հետաքրքրություն առաջացրեց Հրանուշ Հակոբյանի խոսքն այդ առնչությամբ: Նա փաստեց, որ հրատապ այս թեմայի նկատմամբ ավելի ու ավելի ակտիվանում է թե´ մեր հասարակության, թե´ թուրքաբնակ իսլամացած հայերի հետաքրքրությունը:

- Փորձագետների ձևակերպումներում նշվում է, որ Թուրքիայի տարածքում ապրում են մոտ 2,5-3 մլն ծպտյալ և իսլամացած հայեր: Փաստորեն մեկ դար նրանց իրավունքները ոտնահարված են. նրանք վախենում էին ներկայանալ հայի անուն-ազգանունով, կեղծում էին իրենց ինքնությունը: Հիմա արդեն ունեն այդ հնարավորությունը: Եվ դա Ցեղասպանության 100-րդ տարելիցի նպաստավոր հետևանքներից մեկը կարելի է համարել. ոմանք արդեն հայտարարում են իրենց ով լինելը: Դա հակիրճ կարելի է ձևակերպել այսպես. Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է, որովհետև հայն ասում է, որ ինքը հայ է, հրեան ասում է, որ հրեա եմ և այլն: Այսինքն` մարդիկ վերադառնում են դեպի իրենց արմատները:

Այսօր մի շարժ է սկսվել իսլամացած հայերի շրջանում: Նրանց մեծ մասն արդեն մկրտվում, քրիստոնյա են դառնում, և սա շատ կարևոր է: Պետք է ասեմ, որ նախարարությունը նաև իսլամացած հայերի համար իրագործեց Հայաստան այցելելու ծրագիրը: Ընդ որում` ոչ միայն երիտասարդների, այլ ավելի տարիքավորներ` 20-50 տարեկան, եկան հայրենիք: Նրանք ընդունում են իրենց ինքնությունը: Խոնարհվեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, կնքվեցին: Մենք մշակութային ծրագրեր ենք իրականացնում նաև Տիգրանակերտում, Արևմտյան Հայաստանում: Եվ այդ ծրագրերին մասնակցում են հազարավոր մարդիկ: Տիգրանակերտի հետ աշխատանքի ընթացքում մեզ առաջարկ-խնդրանք-պահանջ ներկայացվեց, որպեսզի Տիգրանակերտում բացվեն հայկական դպրոցներ: Նպատակահարմար գտանք համալսարանական կրթությամբ 2 անձանց հրավիրել Երևանի պետական համալսարան, ուր նրանք սովորում են հայոց լեզու: 6 ամիս է` այստեղ են:

Հիրավի, շատ էր ասելիքը, զի կատարված գործերն են շատ և շարունակական. բոլորին անդրադառնալ հնարավոր չէ: Իսկ նախարարության գործունեության թիրախը եղել ու մնում է Սփյուռքում ազգային ոգին արթնացնելն ու բարձր պահելը:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ