ՀԷՑ-ի ախորժակը չի կարգավորվում


- Ես այսօր մտածում եմ, թե իսկապես ի՞նչ կարող է անել Ռ. Նազարյանը: Նրանց պահանջած 17 դրամն իմ պատկերացումներում չի տեղավորվում: Դա անտանելի´, չափազա´նց, ծայրահե´ղ շատ է: Համոզված եմ, որ հերթական անգամ Ռոբերտ Նազարյանը չի կարողանա հոսանքի գինը բարձրացնել 17 դրամով: Նա այս անգամ էլ կգործի նույն սցենարով, որը դարձել է սովորույթ և մամուլով ու հեռուստատեսությամբ կհայտարարի, որ ընդամենը բարձրացնում ենք օրինակ` 7,42 դրամով, իբրև թե հաշվել են: Բայց դա կլինի հերթական 100 տոկոսանոց սուտը, իսկ եթե Ռոբերտ Նազարյանն ասպետություն ունենար, կասեր` «մենք գինը վերանայել ենք, և այն պետք է ոչ թե բարձրացնել, այլ` իջեցնել, որովհետև այս-այս վերլուծությունները դա են ցույց տալիս: Մանավանդ որ` նվազել է գազի գինը»: Մեր սակագնի բարձրացման և իջեցման հիմնական գործոնը ջերմաէլեկտրակայաններն են, քանի որ ամենաթանկ էներգիան դրանք են արտադրում, որովհետև օգտագործում են բնական գազ: Ամեն մի էլեկտրակայան ունի գնագոյացման իր մեթոդաբանությունը, և, եթե շահագրգռվածություն չկա` կարելի է ցանկացած գին «ստանալ», - համոզված է Էներգետիկ-փորձագետ Էմիլ ՍԱՀԱԿՅԱՆԸ :

40 տարի էներգահամակարգում աշխատած Է. Սահակյանն իր գործունեության ընթացքում առնչվել է մի շարք` էլեկտրաէներգիայի գնագոյացման, տեխնիկական անվտանգության, էլեկտրաէներգիայի փոխանցան, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի, ՋԷԿ-երի աշխատանքի, սակագների գոյացման, կորուստների հաշվարկման, բնապահպանական խնդիրների, գազամատակարարման բնագավառների հետ: Ղեկավարել է մի շարք բաժինների աշխատանքներ և, կարելի է ասել, փայլուն տիապետում է ողջ էներգահամակարգ ասվածի անատոմիային: Սակայն, նրա դիտարկմամբ այսօր հասարակությունը պատկերացում չունի համակարգի կառուցվածքի մասին, որի պատճառով շատ հաճախ այս թեմայի շուրջ քննարկումները դառնում են ոչ իրատեսական: Իրականում ինչու է ամեն տարի հասարակությունը բախվում նման խնդրին. կա՞ արդյոք էլեկտրաէներգիայի թանկացման իրական անհրաժեշտություն: Այս և ընդհանրապես էներգահամակարգին առնչվող որոշ հարցերի շուրջ է զրույցը էներգետիկ-փորձագետ Էմիլ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

- Էներգահամակարգում իրականում ի՞նչը այնպես չէ, որի պատճառով հասարակությունն ամեն տարի կանգնում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «աղետի» առջև: Իրականում ի՞նչ սկզբունքով է շղթան գործում:

Գոյություն ունեն մի խումբ արտադրողներ` ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր, Ատոմակայան, փոքր ՀԷԿ-եր: Հոսանք արտադրողներից բացի շղթայում կան տեղափոխողներ` Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը (ԲԷՑ) և ՀայԷլեկտրացանցերը (ՀԷՑ):

Քանի որ ԲԷՑ-երում կորուստները մի կարգով ցածր են, ուստի ցանկացած երկրում, ինչպես և Հայաստանում երկար տարածությունների վրա տեղափոխումը անհրաժեշտ է կատարել բարձրավոլտ հոսանքի տեղափոխման միջոցով: Սա միջանկյալ կազմակերպություն է, որը գումար հավաքելու հետ կապ չունի: Այն զուտ տեխնիկական գործառույթ իրականացնող կազմակերպություն է, որը արտադրողից ստանում է էլեկտրաէներգիան և բաշխում հանրապետության տարածքում ու դրանից դուրս: Կան հոսանք սպառողների տարբեր խմբեր, որոնք օգտագործում են ցածր լարման էլեկտրաէներգիա. նրանց հոսանք մատակարարում է ՀԷՑ-ը: Երրորդը սպառողների խումբն է, որի մեջ մտնում են բնակչությունը, արտադրությունը, վերջին շրջանում առանձին խումբ է դարձել ջրմուղ-կոյուղին, ոռոգումը և այլն: Սա էլեկտրաէներգիա արտադրող-սպա ռող սկզբունքային սխեման է:

Իսկ ինչպե՞ս է կատարվում գնագոյացումը:

Գնագոյացումը սկսվում է արտադրողի մոտ, որտեղ արտադրված էլեկտրաէներգիայի գինը տարբեր է, և արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այստեղ կարող ենք նշել, որ արտադրողի կողմից ներկայացված գնի հաշվարկը ամենաբարդ տեխնիկական խնդիրն է, քանի որ ամեն արտադրող ունի իր ներքին բարդ տեխնոլոգիական պրոցեսները, որի արդյունքում գոյանում է սակագինը:

Ինչքա՞ն է կազմում նախնական փուլում վաճառքի ենթակա էլեկտրաէներգիայի արժեքը:

- Ամենաէժանը ՀԷԿ-ի արտադրած հոսանքն է, հետո` Ատոմակայանինը, իսկ ամենաթանկը ՋԷԿ-ի արտադրածն է: Հենց այստեղ է Հանձնաժողովի գործառույթը, որը պետք է որոշի սակագինը: Արտադրողների խումբը յուրաքանչյուրն իր ներդրումն ունի մեր կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծավալում: Եթե ՀՀ-ն սպառում է 100 տոկոս էլեկտրաէներգիա, ապա շուրջ 35 տոկոսը արտադրում է ատոմակայանը, 30 տոկոսը` ՀԷԿ-երը, մոտ 15 տոկոսն արտադրում են փոքր ՀԷԿ-երը և մնացած մոտ 20 տոկոսը արտադրում են ՋԷԿ-երը: Գնագոյացման վրա նշված արտադրողներն ազդում են համապատասխանաբար իրենց չափով: Էլեկրաէներգիայի վերջնական գնորդը Հայէլեկտ րացանցերն են, բայց մեջտեղում իր պահանջներով նստած է տեղափոխողը` ԲԷՑ-ը, որը մշտապես նույն գործառույթն է իրականացնում և դրա դիմաց ստանում է իր կայուն գումարը:

Որտե՞ղ են գոյանում կորուստներ ասվածը:

- Արտադրողից ԲԷՑ փոխանցման ժամանակ կորուստները կազմում են առավելագույնը մինչև 2 տոկոս, սակայն հիմնական կորստաբեր հանգույցը ՀԷՑ-ն է` ՀայԷլեկտ րացանցը: Այն տանում է որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա և բաշխում է սպառողներին` արտադրությանը, բնակչությանը և այլն: Նաև հավաքագրում է վաճառած էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կողմից վճարված գումարները: Հավաքա-գրած գումարից հանելով իր կողմից բաշխված հոսանքի արժեքը` ստանում է կորստի չափը: Այդ կորուստը ամբողջությամբ ներառված է հոսանքի սակագնի մեջ, այսինքն ստացվում է, որ բոլոր սպառողները վճարում են ՀԷՑ-ի կորուստների դիմաց: Այդ կորուստների նվազեցման մտահոգությունը բացակայում է, չկա, քանի որ մեր հանրապետությունում կորուստների կրճատման հարցում մտահոգված մարմին չկա:

Իսկ Էներգետիկայի նախարարությո՞ւնը:

- Էներգետիկայի նախարարությունը դրա հետ ոչ մի կապ չունի: Պարզապես ժամանակ առ ժամանակ կանչում են և պահանջում են ավելի արդյունավետ աշխատել, սակայն որևէ գործնական լծակ չունի` ՀԷՑ-ի վրա ազդելու: Սա շատ կարևոր է: Քանի որ ՀԷՑ-ը շահագրգռված չէ կորուստների նվազման հարցում, ապա կորուստների մեծությունը վերջին 7-8 տարվա ընթացքում կայուն պահպանվում է 12,5-ից 13 տոկոսի սահմաններում: Եվ կորուստների նվազեցում պահանջող, կամ` դրդող ուժ, ցավոք սրտի, չկա:

Օրենսդրորեն ազդելու լծակ նույնպե՞ս չկա:

- Չկա´: Ի դեպ, ես ինքս զբաղվել եմ նաև կորուստների հաշվարկներով, և կորուստների նորմատիվ հասկացություն ասվածը կարելի է ասել` մահաբեր է:

Ինչո՞ւ: Իրականում հնարավոր չէ՞ հաշվարկել կորուստները:

Քանի որ հանգամանքները շատ փոփոխական են` սկսած տարվա եղանակից, սպառման ռեժիմից, աշխատանքային և տոն օրերից, կայանների հզորություններից և փոխհարաբերություններից: Ուստի այդ հանգամանքների կարգավորումը հնարավոր է միայն և միայն տեսականորեն անել. այն էլ` համապատասխան մասնագետներ ունենալու դեպքում: ՀԷՑ-ը դա չի անում, որովհետև իր համար ավելորդ գլխացավանք է: Ես բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ կորուստների տոկոսի ցանկացած ստուգում տապալվելու է: Այստեղ հարկավոր է մեկ բան անել. կորուստների գոնե 50 տոկոսը ընդգրկել շահույթի մեջ, որպեսզի դա վճարի ՀԷՑ-ը, ոչ թե` սպառողները: Այդ դեպքում կորուստը կտրուկ կիջնի: Ես կարծում եմ, որ դա միակ տնտեսական լծակն է, որով կարելի է ազդել կորուստները նվազեցնելու համար: Այլ կերպ ասած` կորուստների հաշվարկումը անհույս և աննպատակ ժամանակի վատնում է:

Եթե օրենսդրորեն որևէ մի կառույց լծակ չունի ՀԷՑ-ի վրա ազդելու, ինչպե՞ս պետք է պարտադրվի, որ կորուստների կեսը վճարի ՀԷՑ-ը:

- Իմ կարծիքով` գիտակցելով, որ որոշ բնագավառներ մենաշնորհային են (գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում) և իմանալով նաև մեր առևտրականի հոգին ու քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակը` պետք է առանձնակի ուշադրության դարձնել դրա վրա:

Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագնային կարգավորումը պետական քաղաքականության տարր է, որը պետք է իրականացնի անկախ կոչվող մարմինը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Իմ կարծիքով Կարգավորող հանձնաժողովը իր ֆունկցիաները որևէ բնագավառում և մասնավորապես էլեկտրաէներգետիկական համակարգում չի կատարում, բայց գլխին «մտրակ» չկա: Որովհետև այդ գործում հասկացող և տեխնիկապես գրագետ մարդ չկա կառավարության կազմում, որ դա պահանջի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչո՞ւ շահագրգռված չէ այս հարցում:

- Պետականորեն կառուցված մեխանիզմը, որը կոչված է արգելակել, զսպել գնաճը, փաստորեն չի գործում: Եվ մենք այսօր ազգովի ուզում ենք կատարել հանձնաժողովի գործը, որը, կոպիտ ասած, հասել է հիվանդության 4-րդ աստիճանի: Հիմա արդեն նրանց զսպելը շատ դժվար կլինի: Այսօր երկարատև թողտվության պրոցեսի ավարտին մոտ ենք գտնվում:

- Իսկ ինչքա՞ն է կազմում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրած հոսանքի գինը: Ի վերջո, դրանց կառուցումն օգո՞ւտ էր մեզ, թե՞ վնաս. չէ՞ որ փոքր ՀԷԿ-երի պատճառով հիմա էլ կանգնել ենք էկոլոգիական աղետի առջև:

Ի դեպ, մենք ազգովի մեծ զոհաբերություն կատարեցինք և չդիմադրեցինք փոքր ՀԷԿ-երի կառուցմանը: Փոքր ՀԷԿ-եր կառուցելը լավ որոշում էր, բայց, ինչպես միշտ, այդ ճիշտն աշխատեց ի վնաս մեզ:

Ինչո՞ւ:

- Ես աշխատել եմ Սևան-Հրազդան կասկադում: Սևանի ջուրը պետք է գնա ոռոգման, բայց ճանապարհին ՀԷԿ կա կառուցված, որն ինչքան ուզում է, այնքան էլ ջուր է ծախսում: Որևէ կերպ կարգավորված չէ, թե ՀԷԿ-ին օրական, կամ ամսական ինչքան ջուր է թույլատրվում օգտագործել: Լոռվա փոքրիկ գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի արտադրած հոսանքի արժեքը հասնում է մինչև 40-ի: Դա նույնպես սահմանում է հանձնաժողովը: Ես կարծում եմ, որ այդ գինը սահմանելով, հանձնաժողովը պետք է ֆիքսի նաև ՀԷԿ-ի ներդրումների ետգնման ժամկետը, թե որքան ժամանակով է այդքանով գնում հոսանքը: Շատ կարևոր է հիշել, մտածել և հոգ տանել նաև հետագայի մասին, հակառակ դեպքում` ազգովի կկանգնենք նաև էկոլոգիական աղետի առջև: Ամբողջ օրը եկեղեցիներ են կառուցում ու Աստծուն են նայում, բայց ժամանակն է, որ մի քիչ էլ ներքև նայեն, չէ որ ժողովուրդն աղքատության մեջ է:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ