ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Լրատվամիջոցի հոբելյան նշելը միշտ տոն է. տոն է խմբագրության աշխատողների համար, ընթերցողների համար, «Ավանգարդի» դեպքում նաև իրենց պատմական հիշողությունը չկորցրած ժամանակակիցների համար: Փորձենք թեկուզև արագ թերթել երիտասարդների շատ սիրելի թերթի էջերը, վերհիշել այն նվիրյալ ժուռնալիստներին, որոնց գրչով, ջանք ու եռանդով, սկզբունքայ նությամբ, մասնագիտական վարպետությամբ ստեղծվեց, պահպանվեց «Ավանգարդը»: «Ավանգարդում» պատահական աշխատող չի եղել, կարծես մի անտես ձեռք այնտեղ է գործուղել Վահագն Դավթյանին ու Համո Սահյանին, Արտո Խաչիկյանին ու Սուրեն Սարգսյանին, Վիկտոր Բալայանին ու Գուրգեն Առաքելյանին, Վարդգես Պետրոսյանին ու Լորիս Կրոյանին, Ռադիկ Խալաթյանին ու Լևոն Մանուկյանին, Ռաֆայել Աբալյանին ու Միքայել Ամիրբեկյանին, Անժիկ Հակոբյանին ու Գրիգոր Քեշիշյանին, Վիշտ Հակոբջանյանին ու Կարո Տոնոյանին, Արմեն Հովհաննիսյանին ու Վլադիմիր Մուրադյանին, շատ-շատերին, և արդեն մեկ տասնամյակից ավելի` Ջուլիետա Մարտիրոսյանին, որը խմբագրություն վերադարձավ` վերակենդանացնելու թերթը, պահպանելու ու հարստացնելու ավանդույթները: Սիրելի° ավանգարդցիներ, ձեզ էր վիճակված զարմանալի համերաշխ ու միակամ կոլեկտիվով շատ դժվարին խնդիրներ լուծելով, թերթի տարիքը հասցնել մինչև 85 տարեկան: Առայժմ` մինչև 85: Այլևս անհնարին է մեր մամուլը պատկերացնել առանց «Ավանգարդի». թերթ, որ իր սուրբ պարտականությունն է համարում հայոց բանակի, նրա անձնուրաց մարտիկների, հրամանատարների ներկայացումը, փառաբանումը, Արցախի հերոսամարտում կռված, ընկած հերոսների, համբուրելի մեր քաջարի տղաների մասին պատմող ակնարկների, հիշողությունների տպագրումը: Թերթ, որ երբեք չի մոռանում մշակույթի մասին, մեր երախտավորների մասին: Թերթ, որ ունենալով 85-ամյա կենսագրություն, քայլում է նորանկախ հանրապետության հետ, գոհունակությամբ արձանագրում ձեռքբերումները, ցավում անհաջողությունների համար: 85-ամյա այս երիտասարդին մաղթենք նոր ուժ ու կորով, մեծ տպաքանակ, բազմահազար ընթերցողներ: Եվ թող անցած տասնամյակների իմաստությունը թերթը դարձնի ավելի մարտունակ, ավելի սպասված ու շատ սիրելի... Կանաչ ճանապարհ ու բազում հոբելյաններ սիրելի, միշտ երիտասարդ «Ավանգարդին»: