Անկախությունը` գոյատևման նախապայման


Կիրակի, մայիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցվեց` նվիրված Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում մեր կռած հաղթանակների 90-ամյակին: Դրանց արդյունքում էր, որ ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այն ինչպես Հայաստանի ներկայիս` Երրորդ հանրապետությունը, անկախ էր: 88-ից այս կողմ ընկած ժամանակահատվածում հաճախ ենք առիթ ունեցել մտորելու անկախության մասին, վերստին արժևորելու այն: Այսօր, մայիսի 28-ին, թերևս, արժե անկախության թեմային անդրադառնալ ներազգային առումով: Ցանկացած ազգի պատմությունն ուսումնասիրելիս, եզրահանգումը մեկն է` պետական սահմանները ժամանակավոր են, և մնայուն արժեք են ազգի հիմնավորապես բնակեցրած տարածքները, որոնք կարող են և չհամապատասխանել այդ նույն ազգի ստեղծած պետության սահմաններին: Այսպես, հայեր բնակվում են նաև Հայաստանի Հանրապետության սահմաններնից դուրս, օրինակ, Ջավախքում : Ուշադրություն դարձնենք` Ջավախքի հայերը, ընդհանրապես վիրահայությունը, ի տարբերություն, դիցուք, ամերիկահայերի կամ ֆրանսահայերի, բնակվում են իրենց պապենական հողում` հայրենիքում: Այս պարագայում, հասկանալի է, որ մեր պետությունը չի կարող բոլոր հայրենաբնակ հայերի գոյատևումը հավասարապես ապահովել: Մեր օրերում էլ վիրահայությունը լրջագույն խնդիրներ է ունենում, որոնց լուծման համար քիչ ջանքեր չեն պահանջվում Հայստանի Հանրապետությունից: Մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանող Վրաստանում հազվադեպ չեն պատմամշակու թային հուշարձանների պատկանելիության շուրջ տարաձայնությունները, նույնիսկ դրանք սեփականացնելու նկրտումները: Այսինքն, հայաբնակ, բայց մեր պետության սահմաններից դուրս գտնվող տարածքների վերահսկումը մեզ համար դառնում է առաջնահերթություն: Այսպես. Արցախի պարագայում դե-յուրե միացման խնդիր ունենք, ինչը զուտ քաղաքական բնագավառի վերահսկման բարելավում է նշանակում, իսկ ջավախքահայության, վիրահայության պարագայում անգամ գաղափարամշակութային վերահսկողության առումով մենք զիջում ենք Վրաստանին: Ստացվում է` հայության, Հայաստանի անկախությունը կարող ենք լիակատար և կայացած համարել մեր պետական տարածքի, Արցախի և Ջավախքի տարածքների վրա Հայաստանի վերահսկողության պարագայում: Այս խնդրի մեջ խորանալու դեպքում կնկատենք, որ առաջնահերթային է դառնում ազգի ժողովրդագրական պատկերը: Այստեղ անչափ կարևոր է ազգաբնակչության միատարրությունը, տարածքում հավասարաչափ տեղաբաշխվածությունն ու քանակը: Եթե ազգաբնակչության միատարրության հարցում խնդիրներ չունենք, ապա հավասարաչափ տեղաբաշխվածությունն ու քանակը լուրջ մտահոգություն են հարուցում: Այստեղ միակ մխիթարականն այն է, թերևս, որ վերջին ժամանակներում իշխանութ յունները բարձրաձայնում են այս խնդիրների մասին: Աչքաթող չի կարելի անել, որ դեռ օսմանյան կայսրության ժամանակներից էլ առաջ թուրքերը քայքայեցին և այսօր էլ փորձում են քայքայել մեր ժողովրդագրական պատկերը: Այդ են վկայում Թուրքիայում բնակվող հայության դեմ սանձազերծվող անվերջանալի սադրանքները: Այս թեմայով, իհարկե, կարելի է ծավալվել` բերելով բազմաթիվ օրինակներ: Թերևս պարզապես նշենք` իրապես անկախ լինելու համար անհրաժեշտ է ազգային կամքի ձևավորում, ինչն իր հերթին կնպաստի ազգային նպատակների և առաջնահերթությունների հստակեցմանն ու դրանց ուղղությամբ գործնական քայլերին:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ