ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ


ԵՐԿՈՒ օրից` հունիսի 30-ին, Գյումրիում կմեկնարկեն քաղաքն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակմանը նվիրված միջոցառումները:

Սակայն, բացի գլխավոր հրապարակի շենքերից մեկի պատին ամրացված Հովհաննես Շիրազի և Արմեն Տիգրանյանի մեծ դիմանկարներից, ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այստեղ մեծ հանդիսություն է լինելու, որ այս քաղաքը մշակութային մայրաքաղաք է դառնալու:

Ուրեմն, տոն` առանց տոնական գույների ու տրամադրության, առանց հանդիսանքայնության: Մինչդեռ, ավերների ու ցավերի, գործազրկության ու արտագաղթի պատճառած անհանգստությունների բեռան տակ կքած քաղաքում, որը Հայաստանի մշակութային հարուստ ժառանգության կրողներից է, հենց տոնականություն էր պետք: Քանզի այս միջոցառումը հրաշալի առիթ է` պաստառների տեսքով ներկայացնելու անցյալի ու ներկայի ձեռքբերումները, մեկ ամգամ ևս հիշեցնելու, որ Գյումրին արվեստների ճշմարիտ կենտրոն էր` տակավին պահպանած շատ ազդակներ:

Շատերը նման «աղքատությունը» բացատրում են այն բանով, որ դեռևս չկան համապատասխան ու խոստացված ֆինանսական միջոցները, դեռևս միջոցառման գլխավոր նախաձեռնող` ԱՊՀ միջպետական կառույցը չի հատկացրել խոստացված գումարները: Անգամ «Դուետ» փառատոնը կայացնելու համար Աճեմյանի անվան թատրոնի տնօրինությունը ստիպված է եղել բանկերից վարկեր վերցնել` հետագայում փոխհատուցելու համար... Գյումրեցի արվեստագետներն ու մտավորականները նեղսրտում են, նրանք չեն ուզում նման աղքատությամբ ու անշուքությամբ դիմավորել հյուրերին, չեն ուզում հիասթափություն պատճառել նրանց: Ուստի նրանք միանգամայն իրավացիո րեն նշում են, որ, ինչպես օլիմպիադաները, նման իրադարձությանը պետք էր նախապատրաստվել երկու-երեք տարի առաջ, հարկավոր էր ներգրավել ներդրողների, հայրենակիցների, ովքեր չէին զլանա, Գյումրի կբերեին իրենց գումարները, այստեղ կձևավորեին իրենց բիզնես հետաքրքրությունները, կկառուցեին նոր տիպի տուն-հյուրա նոցներ, ազգային սրճարան-ռեստորաններ, կիրառական արվեստի ու ժողովրդական ստեղծագործության խանութ-արհեստանոցներ, գուցեև հոգ տանեին քաղաքի մի շարք հատվածների բարեկարգման, քաղաքային տրանսպորտային միջոցների թարմացման մասին... Որևէ նախապատրաստական աշխատանք, այս առումով, չի կատարվել:

Մեզ հետ ունեցած զրույցների ժամանակ գյումրեցի արվեստագետներն իրավացիորեն դժգոհում էին, որ նման մեծամասշտաբ միջոցառումը կյանքի կոչելուց առաջ հարկավոր էր հոգ տանել, որպեսզի Գյումրին պատկերասրահ ունենա, կառուցվեր Երկրագիտական թանգարանը, տեսքի բերվեր Արմեն և Նիկողայոս Տիգրանյանների տուն-թանգարանը, վերանորոգվեին Աճեմյանի անվան մշակույթի կենտրոնը, որպեսզի քաղաքը դահլիճներ ունենար, հանդիսասրահներ ունենար, քաղաքի կենտրոնում չհառներ Ե. Սևյանի անվան մշակույթի պալատի ավերակը, Հայաստանում առաջին նկարչական դպրոցի սաները չծվարեին ավերակների մեջ:…

Իսկ Գյումրու մշակութային օջախները բազմաթիվ հոգսեր ու անհանգստություններ ունեն, քաղաքի ստեղծագործական մտավորականությունն ինքնադրսևորվելու և հանրահռչակվելու լուրջ խնդիրներ ունի: Ավելի լավ չէ՞ր ծախսվելիք գումարները հատկացվեին պատկերասրահի կառուցմանը, համերգային դահլիճների վերանորոգմանը, Գյումրիում կինոարտադրության կազմակերպմանը, վաղուց մտահղացված երաժշտական կամերային թատրոնի ստեղծմանը, քանզի այսօր քաղաքում հարյուրից անցնում է երաժշտական բարձրագույն կրթություն ստացած երաժիշտ կատարողների թիվը: Գուցե այդ ամենն էլ նպաստեր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի նվազմանը, իսկ Գյումրին զբոսաշրջության համար գայթակղիչ դարձնելուն…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ