Բոլոր դեպքերում` առողջ եղեք


Ցանկացած պետության տնտեսության կարևորագույն ոլորտներից է առողջապահությունը: Ու նաև` ամենաթիրախայիններից մեկը: Մեզանում ավելի ճիշտ կլինի այն հիվանդաբուժություն անվանել, որովհետև առողջությունը պահպանելու մշակույթն ի սկզբանե չենք կարողանում յուրացնել: Հայ մարդը բժշկի դիմում է` միմիայն առողջական խնդիրներ ունենալիս: Մեր ժամանակներում այս անփութությունը սովորաբար «արդարացվում» է սոցիալական դժվարություններով: Բայց փաստ է նաև, որ հիրավի բուժման կարիք ունեցողները ևս խուսափում են բժշկի դիմել. անվճարունակ են:

Եվ սա լա´վ գիտեն թե´ մի կերպ գոյատևող մեր հայրենակիցները, թե´ պետական այրերը: Բարեբախտաբար` վերջիններիս շարքերում քիչ չեն մարդիկ, ովքեր փորձում են փոքրիշատե շտկել վիճակը: Իհարկե` սուղ հնարավորությունների շրջանակներում: Հայտնի ճշմարտություն է` աղքատ քաղաքացիների զգալի հատված ունեցող պետությունը չի´ կարող հարուստ լինել (հետո՞ ինչ, որ առանձին մարդիկ շարունակում են հաստափոր քսակներն իրենց համար փափուկ բարձ ու տաքուկ վերմակ դարձնել):

Մեկ շաբաթ առաջ բուժաշխատողները նշեցին իրենց մասնագիտական տոնը: Այդ առիթով զրույցի հրավիրեցինք ՀՀ առողջապահության նախարարության մեր գործընկերուհուն` նախարարի մամլո քարտուղար Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆԻՆ:

- Ցանկացած տոն ու հատկապես մասնագիտականը, ոչ միայն ոգեշնչում է, այլև ևս մեկ առիթ է, որպեսզի հետադարձ հայացքով գնահատվի, թե ինչ է արվել, որտեղ են եղել թերացումները: Ու նաև` ծրագրվեն անելիքները: Իսկ անելիքներ միշտ էլ կան. վերացնելով թերությունները` կատարելագործել եղածը, զարգացման ծրագրեր իրականացնել: Մենք անընդհատ այդ ընթացքի մեջ ենք: Պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել առողջապահության համակարգում: 1992-97թթ. ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ աշխատած տարիներին նա անմիջական մասնակցություն է ունեցել համակարգի կայացման գործում: Սակայն, կարծում եմ, բոլորովին այլ է համակարգի թիվ մեկ պատասխանատուն լինելը: Ընթացիկ խնդիրներին լուծումներ տալուն զուգընթաց, խորությամբ ուսումնասիրելով մարտահրավերները` բարեփոխումների ու զարգացման ճիշտ ծրագրեր մշակել և իրականացնել:

-Մեզանում թերևս ամենացավոտը դեղերի ոլորտն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեղերի գներն անվերջ աճում են, և դրանց որակի առնչությամբ` ավելանում է մարդկանց տագնապը...

- Դժգոհություններ իսկապես կան, բայց ոչ բոլորը գիտեն, որ գործող օրենքները լծակներ չեն ընձեռում նախարարությանը` կարգավորել դեղերի գները կամ վերահսկել այն: Այո, նախարարությունը նույնիսկ տեսչական ստուգումներ կատարելու իրավունք չունի: Ահա թե ինչու հրատապ համարվեց «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ մշակելը, որը ներառում է դեղ ներմուծողների, արտադրողների և դեղագործական ֆիրմաների հետ քննարկումների ընթացքում արված առաջարկությունները: Օրինագծում առանցքային է դեղերի գների պետական կարգավորման դրույթը: Կարևորվում է նաև դեղի կենսաշրջանառության բոլոր օղակներում` ստեղծումից (կամ ներկրումից) մինչև կիրառում, խստագույն հսկողության իրականացումը: Իսկ որպեսզի մինչ այդ օրինագծի ընդունումն ու կիրարկումը դեղերի ոլորտն անվերահսկելի չմնա, նախարարությունը մոնիթորինգներ է անցկացնում: Եվ գների բարձրացման պարագայում տեղեկացնում ենք Տնտեսական մրցակցության պաշտ-պանության պետական հանձնաժողովին:

- Մարզային բուժհիմնարկների արդիականացումը կնպաստի՞, որպեսզի մարզաբնակները չձգտեն Երևանում բուժվել:

- Կնպաստի, եթե նորոգ այդ հիվանդանոցներն ապահովվեն նեղ մասնագետներով: Իհարկե, մտահոգիչ է այն իրողությունը, որ բժշկական կադրերը խիստ անհամաչափ են բաշխված. գերհագեցում Երևանում և մեծ պահանջարկ` մարզերում, ուր թափուր է անեսթեզիոլոգների, մանկաբույժների, սրտաբանների, նյարդաբանների և այլ մասնագետների 200-ից ավելի հաստիք: Այս խնդիրը շատ երկրներում է առկա: Մեզանում դրա լուծման որոշակի մեխանիզմներ մշակվել և արդեն կիրառվում են: Սակայն, հասկանալի է, որ սա միանգամից լուծվող հարց չէ: Այդ բացը լրացնելու նպատակով 2012-ի հոկտեմբերից Երևանի բազմապրոֆիլ կլինիկաները կցվել են մարզային հիվանդանոցներին: Մայրաքաղաքի այդ կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետներն այցելում են մարզեր, տեղի բժիշկների հետ վիրահատություններ են կատարում արդի սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում, հիվանդներին հետազոտում ու անհրաժեշտ բուժում նշանակում:

Միաժամանակ, որոշակի քայլերի արդյունքում 2013-ին զգալի մեծացել է մարզերի ֆինանսավորումը:

Պայմանները բարելավվում են. հրաշալի է: Բայց բուժումը դարձյալ անմատչելի է մնում շատերի համար: Եվ թույլ տվեք ասել, որ մեզանում ոչ թե առողջապահություն կա, այլ ընդամենը հիվանդաբուժություն: Մարդիկ ի վիճակի չեն բուժվել, էլ ո՞ւր մնաց` առողջությունը պահպանել, կանխարգելել հիվանդությունը:

- Մինչ հիմա առողջապահությունը համարվել է ծախսատար համակարգ, բայց ողջ աշխարհում մոտեցումը փոխվել է: Եվրոպայում այժմ այն համարում են ներդրու մային ոլորտ: Այսինքն, շատ ավելի շահեկան է ներդրումներ կատարել առողջությունը պահպանելու համար, քան բուժման: Առողջ ապրելակերպը ոչ թե սոսկ քարոզչություն պետք է լինի, այլև կոնկրետ պայմաններ պետք է ստեղծվեն դրա համար: Փաստ է, որ նախարարությունն առողջության պահպանման, բնակչության կողմից առողջ ապրելակերպ վարելու ավանդույթ ներդնելու ուղղությամբ ծրագրային լուրջ քայլեր է նախաձեռնել: Ուղղակի սա այն ոլորտն է, որտեղ թե ներդրումների, թե իրականացվող ծրագրերի շոշափելի արդյունքները տարիների ընթացքում են նկատելի դառնում:

Վերջերս մեր նախարարի հրավերով Երևանում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Ժուժաննա Ջակաբը:

Կարևորելով նախարարության հաստատակամությունը համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործում, նա նշեց, որ մեր երկրի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերն ու մոտեցումները բխում են եվրոպական ուղեցույցներից:

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի` իմունականխարգելման ազգային մեր ծրագիրը նա լավագույնը համարեց տարածաշրջանում: Հենց դրա արդյունքում է, որ մեր հարևան երկրներում կարմրուկի մեծ բռնկումների առկայության պայմաններում մեզ մոտ հիվանդության ընդամենը 4 դեպք արձանագրվեց, այն էլ` հարևան Վրաստանից «բերված»:

Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Այսօր մենք պատվաստումներում 97 % ընդգրկում ունենք: Այդ կերպ հաջողությամբ պայքարում ենք 12 հիվանդությունների դեմ ու շուտով կներդրվի նաև 13-րդը:

Ինչ վերաբերում է մատչելիությանը, համամիտ եմ ձեզ հետ: Բայց հրաշալի ծրագրեր ունենք: Արդեն գործողության մեջ են երեխաների և ծնունդօգնության հավաստագրերը, որոնք մայրացող կանանց արտոնում են անվճար խորհրդատվություն ստանալ և ծննդաբերել: Մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումը ևս անվճար է: Մատչելիությանը մեծապես կնպաստի նաև պետական պարտադիր ապահովագրության ներդումը: Այսօր նախարարությունում հայեցակարգ է մշակվում, որպեսզի 2014-ից այն աստիճանաբար ներդրվի:

- Ամեն անձ բուժում ստանալուց հետո երախտագիտությամբ է լցվում բժշկի հանդեպ, սակայն գրեթե բոլորը միաբերան դժգոհ են համակարգից: Ինչպե՞ս եք վերաբերվում ոլորտի հասցեին հնչող քննադատությանը:

- Քանի դեռ խնդիրներ, ներդրումների անհրաժեշտություն կա, դժգոհություններ իհարկե կլինեն: Որպես լրագրող` քննադատությունն օրինաչափ եմ համարում: Սխալների, թերությունների մասին բարձրաձայնելը նույնիսկ օգտակար է:

Նախարար Դ. Դումանյանի հանձնարարությամբ թե´ կենտրոնական ապարատը, թե´ նախարարության կառուցվածքում գործող կազմակերպությունները պետք է արձագանքեն մամուլում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակման:

Վստահ եմ, որ առաջիկայում կզգացվեն այսօր սկիզբ դրվող ծրագրերի արդյունքները: Մենք ոչ աշխարհի զարգացումներից ու գլոբալ խնդիրներից ենք կտրված և ոչ էլ երկրի տնտեսության ընդհանուր մակարդակից, ու միայն առողջապահության ոլորտում արագընթաց, թռիչքային ձեռքբերումներ, բնականաբար, չենք կարող ակնկալել: