Համացանցային հեղափոխության դարաշրջան


Թուրքիան անհանգիստ է: Արդեն մի քանի շաբաթ շարունակվող քաղաքացիական անհնազանդության ալիքը պարուրել է երկիրը: Իշխանությունները կարծում են, որ այդ ալիքն արտաքին հովանավորներ ունի: Կապ կա՞ արդյոք Թուրքիայում կատարվողի և առաջիկայում այնտեղ սպասվող նախագահական ընտրությունների միջև: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ երկրում կատարվող իրադարձությունները Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի վրա: Այս ամենի մասին է Արթուր Դոխոլյանի զրույցը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:

- Հարցը կարճ ձևակերպեմ``ի՞նչ է կատարվում Թուրքիայում:

Զանգվածային այս անհնազանդությունն աննախադեպ է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ: Աննախադեպ է ամբողջ երկրով մեկ իր տարածվածությամբ ու զանգվածայնությամբ: Երկրորդը, որ թերևս ավելի կարևոր է` հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պետությանը չհաջողվեց վախի մթնոլորտի միջոցով կանգնեցնել այդ զանգվածային անհնազանդությունը: Այսինքն, թուրք պետության նկատմամբ հասարակության վախը թուլացել է:

Տեղի լրագրողները հարցազրույցներում ասում են, թե ինչ-որ տեղ համախմբման պես ինչ-որ բան է տեղի ունենում հանրության մեջ, և կարծես քաղաքացիական հասարակության ձևավորման նշաններ են ի հայտ գալիս:

- Որոշ չափով ես դրա հետ համաձայն եմ. այո, դրա նշանները կան: Եթե մենք կատարվողի ոչ թե անմիջական, այլ խորքային պատճառները քննարկենք, կտեսնենք, որ դրանք շատ ավելի լայն են: Օրինակ, Թուրքիայում վերջին տարիներին կառավարումը դարձել է ավտորիտար, վարչապետ Էրդողանն իր ձեռքում կենտրոնացրել է չափից ավելի մեծ իշխանություն: Բացի այդ, Թուրքիայում մեծ դժգոհություն կա, որ սահմանափակվում, ճնշվում է խոսքի ազատությունը: 60-ից ավելի թուրք լրագրողներ գտնվում են բանտերում, իսկ տասնյակների դեմ հարուցված են դատական հետաքննություններ: Մասնավորապես, հունիսի 1-ին, երբ տեղի էին ունենում զանգվածային ամենամեծ առաջին ընդվզումները երկրի 48 քաղաքներում, թուրքական ԶԼՄ-ները դրա մասին ոչինչ չէին հաղորդում: Միայն գիշերը հեռուստատեսությունը սկսեց տեղեկատվություն տալ Թաքսիմ հրապարակից, իսկ մինչ այդ աշխարհի լրատվական ոչ մի գործակալություն այդ մասին ոչինչ չէր հաղորդում: Ժամանակակից աշխարհում, երբ լրատվությունն արագ տարածվում է, թուրքական իշխանություններին հաջողվել էր ուղիղ մեկ օր կասեցնել լրատվության հոսքը, ինչն աննախադեպ երևույթ է ժամանակակից պատմության մեջ: Նաև փաստեր կան, որ այս ընթացքում խլացվում էր ամբողջ հրապարակի և նրա շրջակայքի հեռախոսակապը, խլացվում էր նաև համացանցը, VI FI-ը նույնպես չէր գործում: Սա խոսում է այն մասին, թե Թուրքիայի իշխանությունները որքան են խախտում տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը:

Այս ամենում արդյո՞ք դեր չեն խաղում Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրությունները :

- Հաջորդ տարի Թուրքիայում տեղի են ունենալու տեղական կառավարման մարմինների, ապա` նախագահական ընտրություններ: Վարչապետ Էրդողանը ձգտում է մինչ այդ փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ և փոխել նախագահի լիազորություններն ու նրա ընտրվելու կարգը: Նա ծրագրել է, որ նախագահը պետք է դառնա երկրի իրական ղեկավարը, պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ուղղակի ժողովրդի կողմից: Իհարկե, ամեն ինչ անում է, որպեսզի ինքն ընտրվի նախագահ: Իմ կարծիքով, այդ առումով նրա շանսերը մեծ են, ունի մեծ թվով կողմնակիցներ: Բայց վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի հասարակությունը, ժողովրդի մի զգալի հատվածը չի ընդունում նրան որպես ղեկավար, չի ընդունում կառավարման նրա ավտորիտար մեթոդները:

- Իսկ այդ ամենում բացառվո՞ւմ է դրսի ուժերի շահագրգռվածությունը. Թուրքիո իշխանությունը կարծես ակնարկում էր այդ մասին:

- Ես չեմ տեսնում դրսի ուժերի մասնակցությունը: Շատերն այս իրադարձությունները համեմատում են արաբական գարնան հետ: Բայց այստեղ կան մի քանի սկզբունքային տարբերություններ: Դրանցից մեկն այն է, որ արաբական գարնան իրադարձությունները որոշ փուլից հետո սկսեցին խրախուսվել, օժանդակվել Արևմուտքի, ԱՄՆ-ի կողմից: Այստեղ երկրի կառավարող դասը և դրսի ուժերը միասնական էին, բոլորը ձգտում էին մեկուսացնել այս շարժումը: Բազմաթիվ դեպքեր կային, երբ դրսում ապրող մեծ թվով թուրքեր վերադարձան Թուրքիա այդ օրերին: Մասնավորապես, Թաներ Աքչամը, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով, եկավ և մասնակցում էր իրադարձություններին:

Բայց երեք միլիոնանոց թուրք համայնք ունեցող Գերմանիան դադարեցրեց Եվրամիության կազմում ընդգրկվելու համար բանակցությունները Թուրքիայի հետ:

- Այո: Գերմանիայի արտգործնախարարը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի դեմ: Գերմանիայում գտնում են, որ Թուրքիան դեռ չի հասունացել Եվրամիություն մտնելու համար, և այս իրադարձությունները դրա վկայությունն են:

Այս ամենը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի վրա`` թեկուզ այնքանով, որ Թուրքիան մեր անմիջական հարևանն է:

- Ես կասեի, որ այս ամենը կարող է ազդեցություն ունենալ նախ Ադրբեջանի վրա: Թուրքիայում վախի մթնոլորտի թուլացումը կարող է Ադրբեջանում էլ տարածվել, որովհետև այնտեղ էլ տեսան, որ հարյուրամյակների ավանդույթ ունեցող թուրքական հզոր պետականությունը չկարողացավ ճնշել համաժողովրդական շարժումը: Կարծում եմ` հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին դա կարող է Ադրբեջանում իր դերը խաղալ` կառավարող ալիևների կլանի դեմ զանգվածային ընդվզումների տեսքով:

Այս իրադարձությունների արդյունքում Թուրքիան չի՞ թուլանում:

- Իհարկե կթուլանա Թուրքիայի հեղինակությունը Մերձավոր և Միջին Արևելքում: Բացի այդ, Թուրքիայի հանրության շրջանում դժգոհություն կա Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունից, որ ամեն կերպ օժանդակում է ապստամբներին: Շատերը կարծում են, որ Արևմուտքն է Անկարային դրդում այդ քայլերին, սակայն իրականում Թուրքիան ինքն է դրանում շահագրգռված: Մինչև այս վերջին իրադարձությունները թուրքական մամուլում հայտնվեցին նյութեր, որոնք վկայում են, որ Թուրքիայի որոշակի շրջանակներ շատ հեռուն գնացող հաշվարկներ են անում` կապված Մերձավոր Արևելքում ներկայիս իրադրության հետ: Թերթերից մեկում տպագրվեց նոր Թուրքիայի քարտեզը, որն ընդգրկում է Սիրիայի հյուսիսային շրջանները, Նախիջևանը, Բաթումի մարզը, Բալկաններում մի շարք տարածքներ: Շատ վտանգավոր հաշվարկներ են: Չեմ բացառում, որ այս իրադարձությունները կարող են ազդել Էրդողանի և նրա ընկերների արտաքին քաղաքականության վրա, կփորձեն շեղել թուրք հասարակության ուշադրությունը դեպի արտաքին նվաճումներ: Արդյունքում Թուրքիայի քաղաքականությունը կարող է դառնալ ավելի ավանտյուրիստական, վտանգավոր` հարևանների համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ