ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿ


Երբևէ հայաստանյան քաղաքական ամառն այնքան հարուստ ու սկանդալային բացահայտումներով լի չի եղել, որքան` այս ամառը: Եվ բացահայտումներն ու կրքերն էլ սկսեցին հարստանալ ու շիկանալ հենց այն ժամանակ, երբ խորհրդարանը պատրաստվում էր արձակուրդ մեկնել, իսկ երկրի նախագահն էլ մտադրվել էր մի կարճատև հանգիստ ունենալ...

Կրքերի ու իրավիճակի սրման «մեկնարկը» Գորիսում տրվեց, որտեղ, ըստ զինդատախազ Գևորգ Կոստանյանի, արձանագրվեց «ավազակային հարձակում» չափազանց հանրահայտ ու չափազանց սկանդալային մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան վրա: Մարզպետ` նախկինում, որովհետև շուտով «Լիսկան» դիմում գրեց մարզպետի պաշտոնից ազատվելու մասին, իսկ նրա որդին ու թիկնապահ Զարզանդը հայտնվեցին կալանքի տակ` մեղադրվելով սպանության մեջ… Գորիսյան դեպքերը նախորդեցին «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգության տարելիցին:

Ու, կարծես տխուր օրինաչափությամբ, գորիսյան ողբերգության կենտրոնում ևս հայտնվեց հանրությանը չափազանց հայտնի անձը, պաշտոնյան, ում բազմաթիվ ապօրինությունների ու հանցագործությունների մասին շատ է գրվել: Դեռ վերջերս էին ծավալվել բուռն խոսակցություններ այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը, գրեթե միանձնյա որոշմամբ, Իրանական Ադրբեջանի անասնապահներին պատրաստնում էր վարձակալության տալ Սյունիքի մարզի մոտ 50 հա տարածք` այսպիսով յուրովի նպաստելով հայաստանյան հողերի նոր բռնազավթումին: Ու մինչ արդեն նախկին մարզպետը արդարանում էր, հրապարակավ խոստովանում, որ դեռ պայմանագրերը ուժի մեջ չեն մտել, դեռ հստակեցված չեն վարձակալության իրավական հիմքերը` պայթեց նոր ամպրոպը` այս անգամ սպանության տեսքով: Կատարվածն առայժմ որակենք «գորիսյան առեղծված», որովհետև կատարվածի մեջ շատ բան դեռ անհասկանալի ու անպարզ է: Իբրև գլխավոր վկայություն հանդիսացող տեսանյութում, որը, չգիտես ինչպես, հայտնվեց Սյունիքի մարզպետարանի պաշտոնյաների մոտ, ու ներկայացվեց հայաստանյան համացանցային հանրությանը` տեսանյութին «կցելով» նույն մարզպետարանի ցասումնալից գրությունը… Ըստ էության, վերազանցելով բոլոր լիազորությունները, Սյունիքի մարզպետարանն իր վրա էր վերցրել նախաքննական մարմնի գործառույթն ու հրապարակելով գլխավոր «իրեղեն ապացույցը»` մեկնաբանություններ ու նկարագրություններ էր ներկայացրել: Համաշխարհային իրավագիտությունն անմիջապես նախաքննությունը վարող մարմնին «անբավարար» կնշանակեր, կսկսեր հետաքննություն` պարզելու համար, թե ինչպես է իրեղեն ապացույցը հայտնվել տարածքային կառավարման մարմնում… Սակայն մեզ մոտ ընդամենը հռետորական հարցեր ու հայտարարություններ հնչեցին` այսպես առավել խորացնելով հանրության կասկածներն այն մասին, որ «պատերազմական գործողությունները» ղեկավարող տիկին Լորետան` մարզպետի կինը, ընդամենը թաքցնում-քողարկում է «օպերացիայի գլխավոր հրամանատարին»…

Գորիսյան իրադարձությունների աղմուկը միախառնվեց ոչ պակաս աղմկահարույց այլ իրադարձությունների, երբ Վերահսկիչ պալատը բացահայտեց պետական կառավարման համակարգում տեղ գտած թալանն ու կողոպուտը, պետական միջոցների յուրացումն ու փոշիացումը: Միլիարդավոր դրամների կորուստ, պետության հաշվին` շքեղաշուք առանձնատների ձեռքբերում արտասահմանում, կամայականություններ ու թալան: Այն ամենը, ինչը ներկայացրեց ՎՊ-ն` մեկ անգամ ևս հաստատում է, որ տարիներ շարունակ մամուլի էջերում հրապարակված նյութերը, լրագրողական դիտարկումներն անհող ու անհիմք չեն, որ ամենաթողությունը նաև տարածվել է նախարարութ յուններ ու մարզպետարաններ` այսպես աղքատացնելով երկիրը, այսպես մարդկանց մեջ մեծացնելով անվստահությունն ու հիասթափությունը: Մեր թերթն` առաջիններից մեկը, անդրադարձավ մի շարք ԾԻԳ-երի կողմից իրականացրած թալանին, սակայն ժամանակին շատերը չկամեցան ուշադրություն սևեռել, չկամեցան հանրային քննարկման նյութ դարձնել… Մեր թերթը նաև ժամանակին գրեց այսպես կոչված «գազային մանիպուլյացիաների» մասին, ու դարձյալ լռություն: Սակայն այսօր արդեն, իբրև նոր սկանդալային բացահայտում, պաշտոնապես խոսվում է այն մասին, որ ՀայՌուսգազարդը իրանական գազը միավորելով Ռուսաստանից ստացած գազին` իր սեփական սակագներն է հաստատում` այսպես հարվածելով հայաստանյան տնտեսությանը, այսպես հայաստանցուն պատճառելով չհիմնավորված ֆինանսական դժվարություններ: Իսկ այս ամենի արդյունքում, հատկապես մարզերում, օրավուր ավելանում է արտագաղթողների թիվը…

Հայաստանյան շոգ ամառը դեռ չի ավարտվել: Ընդհակառակը, առաջիկայում սպասվում են բուռն զարգացումներ, որովհետև հարուցվել են քրեական գործեր Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարաններում կատարված թալանի առթիվ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ