ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋ


Թերի մսագործ, ոչ լրիվ դերձակ, անկատար դաշնակահար, կիսատ¬պռատ քահանա և գիտության թեկնածու: Բացի վերջինից, մնացածը մտացածին են. գոյություն չունեն: Ոչ ոք չի ասում թերի մսագործ, դերձակի թեկնածու կամ անկատար վարսավիր: Ասում են մսագործ, դերձակ և վարսավիր: Աակայն զարմանալիորեն ասում են գիտությունների թեկնածու: «Մի խենթ քարը գցեց հորի մեջ, հազար խելոք չկարողացան այն հանել»: Գիտնական դառնալու համար մի սանդուղքը դարձավ երկու... Առաջին աստիճանով բարձրանալիս ձեռք է բերվում գիտությունների թեկնածուի աստիճան` դոցենտի կոչումով, իսկ երկրորդով` դոկտորի աստիճան` մեծ մասամբ պրոֆեսորի կոչումով: Աշխարհի քաղաքակիրթ կոչված երկրների մեծ մասում դիսերտացիան պաշտպանելուց հետո ստանում են դոկտորի աստիճան` պրոֆեսորի կոչումով` առանց միջնորդավորված թեկնածուական աստիճանի կամ դոցենտի կոչման: Օտարամոլությանը ես դեմ եմ. հատկապես այն զազրելի, գռեհիկ և տգետ օտարամոլությանը, որն այսօր տիրում է հանրապետությունում: Կարելի է վերցնել այն միտքն ու երևույթը, որն ավելի տրամաբանական է, այն առարկայականը, որի կիրառությունն ավելի եկամտաբեր է կամ խնայողական, ավելի հարմարավետ է: Եվ ընդհակառակը, քարոզել ու տարածել արտասահմանում այն հայրենականը, որն առավելություններ ունի դրսում եղածի համեմատ` նոր հայտնագործությունը, երևույթը, արտադրանքը և այլն: Ինչո՞ւ ընկճել միջազգային գիտաժողովներին մասնակցող այն գիտության թեկնածուին, որը շատ ավելի բանիմաց է, քան արտասահմանցի գործընկերները, որոնք նրա վրա նայում են, որպես կիսատ-պռատ գիտնականի` գիտության թեկնածուի..., առանց ըմբռնելու, որ այդ թեկնածուն կարող է լինել հանճարեղ կամ տաղանդավոր մի անձ...: Ըստ իս` գիտական աստիճանի նոր ձևին անցնելը պետք է ընթանա առանց քաշքշուկ հարուցող հանգամանքների, ինչպես աշխատությունների քանակը դիսերտացիայի պաշտպանությունից առաջ և հետո, աշխատատեղն ու պաշտոնը, տարիքը և այլն...: Այսինքն, անցումը պետք է կատարվի ավտոմատ կարգով, որն էլ տեղիք չի տա անազնվության կասկածների: Այս առաջարկին դեմ կլինեն. 1. Այն ակադեմիկոսներն ու դոկտորները, որոնք անցել են թեկնածուական ուղին: Այսինքն, հարցի լուծման առանցքի վրա կհարձակվի ներքին մաղձ-նախանձը, 2. Հին, քարացած ուղեղները, որոնցում նույնիսկ ալմաստե կտրիչներով էլ նոր ոչինչ չես ներմուծի, 3. Այն անձինք, որոնք կուզեն, որ հանրապետությունում քիչ լինեն դոկտորներ, որ իրենք «փայլեն» Տիեզերական անհունի մեջ...: Հա°լլա հա°...

Հասմիկ ԺԱՄԿՈՉՅԱՆ