...Այնուամենայնիվ սայթաքեց


Գերմանացի հանրագիտակ Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգն ապրել է մեզանից մոտ երկու հարյուր տարի առաջ ու, բնականաբար, ՀՀՇ առաջնորդի մասին ոչինչ իմանալ չէր կարող: Բայց շատ լավ ճանաչում էր անհետևողական ու անպատասխանատու բնույթ ունեցող, սեփական մեղքերն ուրիշների միջոցով սրբագրել ջանացող պետական-քաղաքական «գործիչների» տեսակը: Սրանց մասին մի առիթով նա մեծ հումորով գրել է. «Վաղօրոք հայտնի էր, որ 1769-ի հունիսի 3-ի երեկոյան Վեներան պետք է անցնի Արևի սկավառակի վրայով: Բոլոր նախապատրաստվածները դա տեսան ճիշտ հաշվարկված ժամին: Հայտնի էր նաև, որ հունիսի 8-ի երեկոյան Պրուսիայի արքայադուստրը պետք է անցնի Հետտինգենով: Նրան տեսնել ցանկացողները զուր սպասեցին մինչև ուշ գիշեր: Արքայադուստրը հայտնվեց միայն հաջորդ օրվա առավոտյան ժամը 10-ին»: Տիեզերական օրենքները տիեզերական ճշգրտությամբ էլ գործում են, իսկ մարդկանց հնարած օրենքները գործում են ըստ այն կիրառողի բարոյականության: 2007-ի աշնանը շատ-շատերը չարաչար խաբվեցին, քանի որ տասնամյա լուռումունջ կյանքից հետո քաղաքական դաշտ վերադարձած Լ. Տեր¬Պետրոսյանին համարեցին տիեզերական փրկիչ: Նա էլ, օգտվելով հազարավոր դյուրահավատների միամտությունից, հաստատեց` թե հենց ինքն է, որ կա ամենափրկիչը: Ասաց` «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», ու անմիջապես էլ իր բոլոր հետևորդներին տարավ անխուսափելի զոհողության: Այս խաբեությունը ԼՏՊ-ն կարողացավ շարունակել ևս երկու տարի` մինչև ՀՀՇ XVI համագումարը, երբ բոլորը հասկացան, որ խաբված են: Ավելի քան տասնամյա վտարանդիությունից հոգնած, իր խաբվածությունը հավատարիմ ընկերներ Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի միջոցով խոստովանեց Վանո Սիրադեղյանը: Գռզոները մի փոքր ավելի ուշ համոզվեցին, որ խաբված են ու պարզապես արհամարհում են ԼՏՊ-ին: Նիկոլն իր ողջ ցասումը կարտահայտի երկու տարի հետո` երբ վաղաժամ-պայմանական ազատ արձակվի: Հիմա դա անելը նախ ձեռնտու չի, հետո էլ ճիշտ չի հասկացվի: Իսկ այ Կարապետ Ռուբինյանը է°լ չդիմացավ, չկարողացավ լռել: Նույնիսկ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որ աստվածացնում էր ԼՏՊ-ին, հանկարծ սթափվեց ու հայտարարեց, որ նա պարզ «քաղաքական քաղքենի» է ու խաբել է իր նման հազարավորների: Տեր¬Պետրոսյանն ինքն էլ շատ լավ հասկացել էր, որ իրենով հմայված բոլորի աչքերը կբացվեն, ուղեղների թմրությունը կանցնի, ու ամենքը կհասկանան, որ իրենց կուռքը պարզ եսասեր աֆերիստ է: Չսպասելով, որ կողքին միայն Լևոն Զուրաբյանը մնա ու քանի դեռ այլ լսողներ էլ կան, ԼՏՊ-ն շտապեց կատարել վերջին քայլը` ինչի համար վերադարձել էր քաղաքական ասպարեզ: ՀՀՇ համագումարային ելույթը բացահայտ դարձրեց, որ նրա քաղաքական վերադարձի, հասարակությանը ցնցելու, մարտիմեկյան սադրանքի ու զոհերի միակ նպատակը սեփական քաղաքական գործունեությունը սրբագրելն էր: Դրված նպատակը ԼՏՊ-ն գրեթե իրագործված էր համարել, քանի որ իրեն իշխանությունից հեռացրած Ռոբերտ Քոչարյանին կարողացավ մարտյան «հաջողված» սադրանքի միջոցով վարկաբեկել, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջոցով սպանված նրա գործընկերների հարազատներին` Արամ Սարգսյանին ու Ստեփան Դեմիրճյանին կարողացավ դարձնել իր յուրային-պատանդը, կարողացավ հասարակական-քաղաքական բարդագույն խնդիրներ առաջադրել գործող նախագահին: Այսքանից հետո էլ ո՞վ պետք է հիշեր իր չարագործությունները: Բայց վերջին քայլում «մեծ բանսարկուն» այնուամենայնիվ սայթաքեց: Հիշենք, որ ԼՏՊ-ն որոշեց վերադառնալ 2007-ի աշնանը, երբ Վանոյին վտարանդիությունից վերադարձնել երազող ՀՀՇ-ականները, հաշվի առնելով արտաքին ու ներքին քաղաքական իրավիճակը, նրան խաղի մեջ մտցնելը համարեցին ամենաիրատեսական շանսը: Բայց նրանք չգիտեին, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը չի էլ ուզում նախագահ դառնալ, իսկ իրեն մաքրելու համար պատրաստ է զոհաբերել բոլորին: Այսինքն, նա գիտեր, որ մաքրվելն անհրաժեշտ էր դարձել, այլապես իրեն կարող էին զոհաբերել: Բանն այն է, որ դեռ 2007-ի ամռանը ԼՏՊ-ն բավական փող էր «ստացել» գործող ընդդիմությունից հիասթափված «արևմտյան հեղափոխականներից»` 2008-ի փետրվարին` ճիշտ նախագահական ընտրությունների եռուն փուլում, Ղարաբաղյան շարժման 20-ամյակը հանդիսություններով նշելու համար: Սակայն շատ արագ պարզվեց, որ այս ծրագիրն անիրագործելի է, քանի որ անգամ շռայլ վարձատրության դիմաց Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը ու Ալիկ Արզումանյանը չկարողացան գոնե հազար մարդ հավաքագրել: Սա ահազանգ էր ԼՏՊ-ի համար, քանի որ նա հասկացավ, որ արդեն խաղի մեջ է ու նահանջելու դեպքում կարող է զրկվել «Սև շենքից» ու մյուս բոլոր արտոնություններից: 2007-ի սեպտեմբերի 21-ին նա կարողացավ այնպիսի իրավիճակ առաջացնել, որ ՀՀՇ-ն ծնկաչոք խնդրի: Անմիջապես էլ պատեհությունն օգտագործեց ու հայտարարեց նախագահական հավակնությունների մասին: Թե ինչ եղավ հետո, ինչպես ԼՏՊ-ն կարողացավ բոլորին քթից բռնած ման ածել, ամեն ինչ քաոսի վերածել ու ոչ մի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն չստանձնել` բոլորը գիտեն: Իսկ ՀՀՇ վերջին համագումարի ամբիոնը նա օգտագործեց հրաժեշտի ելույթի համար: Անակնկալորեն կրկնեց 1995-97 թվականներին հնչեցրած ու հետո հարյուր անգամ հերքած բոլոր ազգադավ ու պետականակործան մտքերը` հավանաբար հաշվարկվելով, որ այլևս ապահովագրել է իր անհոգ ծերությունը, իր ունեցածն էլ ոչ ոք իրենից չի խլի ու մինչև իր մահն այլևս ոչ ոք չի խոսի իր իշխանավարման տարիների տմարդությունների մասին: Այս ամենը նա արեց իրեն հավատացած հազարավոր մարդկանց կյանքի, զրկանքների ու բարոյականության հաշվին: Ու հենց նրանք են, որ ԼՏՊ-ին այս դավաճանությունն ու խաբեությունը չեն ներելու:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ