Երաժշտաթատերական նոր հրավառություն Շուշիի ամրոցում


Շուշիի պատմական ամրոցում սեպտեմբերի 1-ին կյանքի կկոչվի «Սպեղանի» մանկապատանեկան երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանի մտահղացած երկրորդ լայնամասշտաբ երաժշտաթատերական նախագիծը:

Շուշիի ռեալական դպրոցի բակում անցյալ աշնանը բեմավորված բաբաևյան «Արծվաբերդ» օպերայի հաջողությունից թևեր առած` Ավթանդիլյանը կրկին համախմբել է հայաստանյան կատարողական ներուժը: Այս անգամ, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ, «Արցախյան պրեմիերաների» շրջանակներում ներկայացվելու է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակը»:

Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի և Եղիշե Չարենցի պոեզիայի հիման վրա Վլադիմիր Շահնազարյանի գրած լիբրետոյով նորարար կոմպոզիտորի 1967-ին հեղինակած օպերան նույն տարում բեմ է բարձրացել մեր օպերայինում: Այն էլ` Մինաս Ավետիսյանի ձևավորմամբ և գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանի ու օպերային ռեժիսուրայի նահապետ Վահագն Բագրատունու ստեղծագործական համախոհությամբ:

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ կենսագործվող «Կրակե օղակի» նոր բեմադրության (ռեժիսոր` Մարիա Սահակյան) իրադարձային նշանակությունը անկարելի է թերագնահատել: Պատմականի և արդիականի նրբաճաշակ համադրութ յամբ շնորհաշատ նկարչուհի Աստղիկ Ստեփանյանի հեղինակած խիստ պայմանական բեմամիջավայրում, վստահ ենք, կրկին ակնահաճո և բարձրարվեստ կերպավորում կգտնի 3 երգչախմբերի ու օպերայինի սիմֆոնիկ նվագախմբի սերտ համագործակցությամբ և արդիաոճ պարային լուծումներով առանձնակի ուշագրավ դարձված «Կրակե օղակը»: Իրենց երկրպագուներին, կարծում ենք, կրկին հուսախաբ չեն անի մենակատարներ Գուրգեն Բավեյանը, Ռուզան Մանթաշյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արմեն Մարգարյանն ու Ռիմա Պիպոյանը:

Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին նվիրված մշակութային այս նորահնար հրավառությամբ, անշուշտ, է´լ ավելի առավել մարտունակ կդառնա մայր հայրենիքի և մշտապես կրակե օղակի մեջ հայտնվող Արցախի հոգևոր միասնությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ