Թատերական նոր սերունդ


Թատերական նոր սերունդ

Արցախյան  օրհասական գոտեմարտի հակամշակութային օրերին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի խենթ նվիրումով  իր ծնունդն ավետեց Համազգային թատրոնը։ Առաջին ներկայացումները  փայլուն խաղարկեց պատերազմական գոտում, «Գրադե կայանքի հուժկու հարվածների տակ։ Թվում էր, թե այլևս երբեք ոչինչ, վերահաս ոչ մի փորձություն չի կարող սասանել այսպիսի  մահագույժ գրոհներ դիմագրաված թատերակառույցը։ Թվացյալ անխոցելիությունը, սակայն, անհերքելի դարձավ, երբ տասնամյակը  չբոլորած Համազգայինից  ցիրուցան հեռացան գրեթե բոլոր կարող ուժերը։  Ցավալիորեն կփլուզվեր շատերի համար ստեղծագործական թռիչքահարթակ դարձած թատրոնը, եթե արդի հայ թատրոնի թևաթափ «Նահապետինե, որպես տնօրեն ու խիզախ զինակից նեցուկ չլիներ հրաշալի մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ  Դավիթ Հակոբյանը։ Վերջինիս եռանդուն գործունեությամբ էր, որ  «Պապիե ԵԹԿՊԻ արվեստանոցում 1999-ին հուսալի հերթափոխ կոփվեց,  և Համազգայինը  շուտով պետականի կարգավիճակ ստացավ։ Հիշարժան այդ կուրսի 20 երիտասարդներից 10-ը այժմ անվերապահորեն նվաճել են բեմ բարձրանալու իրենց իրավունքը։ Ամենևին էլ չափազանցրած չենք լինի, եթե բարձրաձայնենք, որ Համազգայինի վերածնունդի մունետիկներից է Տաթև ՂԱԶԱՐՅԱՆԸ։

  «Փոքրամարմին  հրաշք  մըե

    Իր  2 դուստրերին՝ Շուշանին ու Տաթևին, չէր էլ երազում մեծ բեմում տեսնել «Ավանգարդի համակրանքըե վաղուց ի վեր շահած «Հումորիկներիե թատերամայրը։ Պարզապես նրանք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի (ԵՊՀԹ)  կուլիսներում մեծացան։ Կլանեցին բեմում ցուցադրվող գունագեղ ներկայացումները՝  «Հազարան հավքըե, «Կոշկավոր կատունե, «Դպրոցական կատակերգությունե, «Այրվող տախտակամածինե, «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբականե...  Կամա-ակամա, համակվեցին կենդանի արվեստի կախարդանքով և մանուկ հոգիներում ծլարձակեցին ԵՊՀԹ հիմնասյուն պապից՝ ՀՀ ժողովրդական արտիստ Պարույր Սանթրոսյանից ժառանգած թատերասերմերը։

- Իմ հեքիաթային դերակատարումներից նրանց ամենից շատ տպավորվել էին «Ձյունեփայլը և 7 թզուկներըե հանդիսախաղի Ագռավս, «Արեգնազանիե Չար կախարդը։ Զարմանալիորեն տարբեր էին 2 քույրերի խառնվածքները, «խաղահրապարակներըե, - պատմում է ԵՊՀԹ դերասանուհի Արև Սանթրոսյանը։ - Դիտած ներկայացումներն ամեն մեկն իր բակային ընկերներով «վերաբեմադրելովե՝ իրենց առանձին թատերախմբերն էին կարծես ձևավորում։ Շուշանս դպրոցական տարիներին էլ ուշագրավ բեմադրություններ էր անում։ Տաթևն էլ աներևակայելի խորությամբ ընկալում-մտապահում էր բոլոր ներկայացումները, սկզբից մինչև վերջ բոլոր կերպարներով խաղում։ Մի անգամ, երբ նրան մանկապարտեզից տուն էի բերում, դաստիարակչուհին նրա պոեզիայի իմացությունը և արտասանությունը գնահատող խոսքեր չէր գտնում։ Ապշել էի՝ ուրեմն ես Շուշանի  հետ պատրաստել եմ Սևակի «Անլռելի զանգակատանե «Ղողանջ որբությանըե, Տաթևիկը,  ըստ մեզ, իր խաղով միայն տարված, ծայրից ծայր անգիր է արել... Եթե Շուշանը պարի ու լողի, գեղարվեստական մարմնամարզության գնաց, նրանից 5 տարով փոքր  Տաթևիս համար հակամշակութային ժամանակներն էին։ 88-ի երկրաշարժին հաջորդած մութ ու ցուրտ տարիներին ազգովի մտազբաղ էինք հանապազօր հացով։ ։ Շատ լավ երգում էր, բակային համերգներ կազմակերպում իր «գլխավոր դերակատարությամբե։ Որոշ ժամանակ դաշնամուրի տարա, չսիրեց։ Չստիպեցի, քանի որ մեր տնանկացած ընտանիքի դեգերուն կենցաղն էլ,  մեղմ ասած, խիստ անբարեհաճ էր նրա 4-րդ դասարանից մինչև ինստիտուտ ընդունվելը...

     Հասկանար-չհասկանար,  Տաթևիկը տարերայնորեն կարդում էր մեծ քրոջ ձեռքի բոլոր գրքերը։ Հիմա էլ մի նվիրական ջերմությամբ է մտաբերում 4-րդ դասարանում իրեն այնքան հարազատացած «Ջեյն Էյրըե։ 90-ականների «հովհարային անջատումներիե համատարած խավարը նրա համար հեքիաթների լույսով և զրնգուն ծիծաղով  լցվեց կենսախինդ մոր, ապա ռեժիսորական կամային հատկություններ դրսևորող քրոջ պատմություններով։ Համակ ուշադրությամբ մտապահում էր ոչ միայն նրանց պարապմունքները, այլև կյանքի կնճռոտ ոլորանների շուրջ ծավալած խոսքուզրույցը։ Հաջողություններից փայլատակում էր անթաքույց, տառապանքները ներքուստ վերապրում  անպատմելի խորությամբ։  Ի տարբերություն Շուշանի, երբևէ չընկրկեց, միմիայն  դերասանուհի դառնալ երազեց ու կամեցավ։  Վստահություն էին ներշնչում փայլուն հիշողությունը, հուզառատ ու տրամաբանված ասմունքը,  իմպրովիզի բնատուր ունակությունը, անսանձելի երևակայությունը և նախանձելի աշխատասիրությունը։

 -Կեցության  մռայլը ինձ ու քույրիկիս, մի տեսակ շրջանցում էր հենց հեքիաթներով, որոնցով մայրս ստվերում էր կյանքի դժվարին, մեզ ոչ ամբողջ խորքով ըմբռնելի փորձությունները, -վերհուշի թևերին դեպի մանկություն է թռչում զվարթ անմիջականությամբ կյանքի երրորդ տասնամյակում էլ շատերից տարանջատվող Տաթև Ղազարյանը։-  Համատարած մթի մեջ ծվարած երբ մուրաբա էինք ուտում, մեզ փոխանցված պայծառ հումորով ձայնում էինք. «Նանի, նանի, հա՜ց ենք ուզում...ե։ Մայրս ուրախ արձագանքում էր. «Երեխեք ջան, քի՜չ էլ կացեք, ապին գնաց հաց բերիե: Մի լավ գիրք էր մեզ համար կարդում. գրքերը մեր լավագույն բարեկամներն էին։ Եվ մենք անմիջապես  զվարթանում էինք,  մոռանում բուն հացի մասին... Շա՜տ ուշ հասկացանք, թե հորս հեռանալուց հետո ի՜նչ չարքաշ հոգսերի է հանուն մեզ դատապարտված եղել անսահման բարության խորհրդանիշ մեր «արևըե։ Հիմա երբ փորձում եմ ներքին գրաքննություն անցկացնել, հանգում եմ մի դաժան հետևության՝ իմ կյանքի 2 կարևոր տղամարդկանց՝ հորս և  ուշահաս առաջին սիրուս ասպետին, չեմ կարողանում ներել իմ հանդեպ դրսևորած տմարդի վարքագծի համար։

     Գրքերի հերոսների աշխարհում մեծանալով՝ կյանքում էլ Ռոչեստրին էր փնտրում,  Հիթ Քլիֆին, Փոքրիկ Իշխանին... Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում սովորելիս զուգահեռ տարվեց նաև դրամատիկով։ Նախաճաշի գումարը «տնտեսելովե՝ հենց  300 դրամ «կողմնակի եկամուտե էր ունենում, տոմս էր գնում և  մեն-մենակ դիտում խաղացանկային հերթական ներկայացումը։ Առանձնակի տրվելով Հրաչյա Հարությունյանի բեմական հմայքին՝ հաճախ նրան ադմինիստրատորի միջոցով  հուզառատ նամակներ էր հղում, ծաղիկներ։ Ժամանակի թատերական օվկիանի բոլոր հանգրվաններում էին ճանաչում թատերապաշտ աղջնակին։ Վերջնականապես վճռեց դերասանուհի դառնալ, երբ ներկա գտնվեց զորակոչված տղայի՝ Ռուբենի ռեժիսորական դիպլոմային աշխատանքը (Միշել Վեռնո, «Ախ, այդ դռներըե)  ղեկավարող Նիկոլայ Ծատուրյանի բեմադրական փորձերին։  8-րդ դասարանում էր, առանց թերանալու «հանրակրթական պարտականություններումե, դասերից հետո հևասպառ վազում էր ԵՊՀԹ, ուշիմ հետևում «թատերական խոհանոցիե   արտասովոր անցուդարձին։  Մանկավարժ-բեմադրիչ Սաթենիկ Մաթևոսյանի ուղղորդմամբ սկսեց լրջորեն պատրաստվել Թատերականի ընդունելության քննություններին։ Ոսկե մեդալով ավարտեց Խ. Աբովյանի անվ. դպրոցը։ Որքա՜ն էին համոզում, որ փոքր-մոքր լինելով՝ բեմական լուրջ հեռանկար չի կարող ակնկալել... Քաշվում էր իր անկյունը, կարդում ու կարդում, հայելու առջև ինքն իրեն  հղկում ու զննում որևէ տեքստ արտասանելիս։  

      Սոս Սարգսյանի արվեստանոցում ուսանելու առաջին իսկ տարիներից հեքիաթային («Կարմիր գլխարկե, «Անբան Հուռինե) փոքր դերերով  սկսեց հանդես գալ Համազգայինի բեմում։ Երբ Ճուտիկի դերակատարումից հետո մայրը մոմլաթե տոպրակում թաքցրած կակաչները կուլիսներում նրան հանձնեց, ինքն էլ զարմացավ, թե որքան փարթամացել ու գեղեցկացել էր Տաթևիկի առաջին ծաղկեփունջը։ Թատերամանկավարժի սրված բնազդով՝ խորին խորհուրդ տեսավ կատարվածի մեջ։ Եվ, երբևէ մասնագիտական հիասթափություն չապրելով, կրտսեր դուստրն էլ շուտով հուսախաբ չարեց յուրովի վերածնված մորը։   

      Դերասանի վարպետության առաջին ուսուցիչը Դավիթ Հակոբյանը եղավ։  Նրա բեմադրած «Գիշերվա սաբրը խեր էե վոդևիլում շատ հետաքրքիր դուդուկահար էր՝ տղայի շորերով, բեղերով, փորն ուռցրած նվագում էր իբր։ 2002-ին Հակոբյանի բեմավորած «Օսկան Պետրովիչը էն կինքումըե՝ պարային պլաստիկ լուծումների գերակայությամբ մտահղացված աշխույժ մի հանդիսախաղ էր, որում  համակուրսեցիների կուռ խաղընկերությամբ Խամփերի խաղաց Տաթևը։ Հաջորդ՝ Խերանյանի «Շխոնց Միհրանե պիեսի բեմադրության ներկայացումը ինստիտուտում մեծ աշխուժություն առաջացրեց։ Տաթևիկը,  զարմանալիորեն հաջող մերվեց  Մարեի տարիքին ու կերպարին։  Երբ Սոս Սարգսյանը տեսավ գլխավոր փորձը, արտասվեց. «Տաթևիկ ջան,  էս ի՜նչ  լավ խաղացիր, ապրե՜ս, դու հայտնություն դարձար ինձ համարե։ Հաջողության առաջին ալիքը բարձրացավ Մարեով, որն ամրագրվեց ուսանողական թատերափառատոնի մրցանակով։ Հայ կնոջ կերպար կերտելու առաջին հրավերը ստացավ  Զոհրաբ  Բեկ-Գասպարենցից (Աստղիկ Սիմոնյան, «44 աստիճանի վրաե)։ Բեմադրական նոր ձեռագիր, ստեղծագործական «չհամտեսվածե հաճույք, որի արդյունքում ծնվեց հայ կնոջ սրտառուչ մեկ այլ մնայուն բեմական կերպար։ Ռեժիսորներ կան, ովքեր այժմ էլ Սիրանույշով են  նկատում ու նոր դերի առաջարկ անում Տաթև Ղազարյանին։ Համազգայինի խաղացանկում հաստատված այդ 2 ներկայացումներն էլ 12 տարիների ընթացքում  որոշակի փոփոխություններ են կրել, բայց դերասանախմբի կյանքի ու բեմի փորձի հասունացմամբ  այժմ էլ շարունակում են հուզել հանդիսատեսին։

        Միացյալ Նահանգներում անցյալ հյուրախաղերին Սիրանույշ-Տաթև Ղազարյանին սփյուռքի մամուլը «փոքրամարմին հրաշք մըե որակեց՝ նորից ու կրկին կամենալով նրա մասնակցությամբ դիտել թե «44 աստիճանի վրաե, թե «Փրկության կղզիե ներկայացումները։ Վերջինս իրապես  շրջադարձային եղավ Տաթև Ղազարյանի արտիստական կենսագրության մեջ։ Սարոյանի «Ոստրեն և մարգարիտըե պատմվածքի հիման վրա ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած ներկայացման մեջ Տաթևը, իր համար անսովոր հնարքների մեկտեղմամբ,  անճանաչելիորեն վերափոխվեց։ Ստեղծագործական դժվարին, բայց  հրաշալի  պրոցես ապրեց։ Կերտելով սիրառատ պատանի Քլեյ Լարաբիի  դրամատիզմով առլեցուն կենսահաստատ կերպարը՝ նա արդի հայ թատրոնի պատմության մեջ հավելեց «տրավեստիե մի նոր անզուգական դերակատարում։ 

      Դերեր երազելու ժամանակ չունեցավ։ Պատահեց, որ մի տարվա ընթացքում  4  նոր դեր պատրաստեց։ 2005-ին Սիլվեթ խաղաց, (Էդմոն Ռոստան, «Ռոմանտիկներըե): Սաթենիկ Մաթևոսյանն էր  ֆրանսերեն բնագրով բեմադրել։ Շատ ավելի բարձր արվեստով ու հեռանկարային  ներկայացում էր, քան 2012-ին Եվրոպայում շրջագայելու փայլուն հնարավորություն ընձեռած Սեդեֆ Էշերի «Ժառանգներըե միջազգային նախագիծը...  Որևէ մեկն այն ժամանակ  միջազգային ասպարեզ հանելու, գոնե Ֆրանսիա տանելու մասին չմտահոգվեց։

      2000-ից  Համազգայինում ստանձնած  20-ից ավելի բոլոր տարաբնույթ դերերը սիրով է բեմ հանել՝ ամբողջացնելիս բացականչելով. «Ա՜յ, հենց այս դերի մասին էի երազումե։ Ազնիվ չհամարելով  սերիալները փնովելն  առանց փորձելու, մի կարճ ժամանակ ներգրավվեց հանրահայտ  «Աննաե-ում...   Շուտով հրաժարվեց, իր պրոֆեսիոնալ նկրտումներին իսկապես հարիր   չէր առավելապես սին ժողովրդականություն ապահովող ասպարեզը։

     Արդեն 5 տարի  բեմական խոսք է դասավանդում   տարածաշրջանային թիվ 1 ավագ դպրոցի թատերական բաժնում, որի հիմնական բազան «Հումորիկներնե են։ Ամեն սեպտեմբերի 1-ին առաջին դասը   անգերազանցելի մնացած Թումանյանով է  սկսում։  Չի ասմունքում,  բացում  է գիրքը, կարդում «Անուշըե, կարդում ու հոնգուր-հոնգուր արտասվում՝ արցունքներ քամելով իր սաների աչքերից նաև։

       2011-ին «Արտավազդիե արժանացավ Մարիի (Կլոդ Մանյե, «Բլեզե, բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան) կոլորիտային դերակատարման համար։ Բոլորովին վերջերս Խարմսի պատմվածքների հիման վրա Նարինե Գրիգորյանի բեմադրած «Լյու-Բոֆե խենթ փորձարարության երգիծական մանրապատումներից մի քանիսում հասունացման հայտով ներկայացան Տաթև Ղազարյանի տարատեսակ ու տարահասակ   կերպավորումները։

      Իր սերնդի դերասանների մեջ  քչերից է, ով որևէ դեր պատրաստելիս կարդում է հեղինակի բոլոր գործերը, նրա մասին մենագրություն-հետազոտությունները։ Ժամանակն է, որ  Տաթև Ղազարյանի վարպետության առաջաքայլով լրջորեն մտահոգվեն հասուն բեմադրիչները, հատուկ նրա համար որևէ բեմադրություն ձեռնարկեն։ 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ