ԻՍԿ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ


Օրերս Ալավերդի քաղաքում մեծ տոնախմբություն էր. տեղացիները նշում էին Լեռնամետալուրգիական գործարանի հիմնադրման 240-ամյակը: «Մանես-Վալեքս գրուպն» իր տոնին հրավիրել էր բազմաթիվ հյուրերի` միաժամանակ կազմակերպելով գործարանին նվիրված գրքի շնորհանդեսը: Տոնի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեժլումյանը հայտարարեց. - Մինչև 2013 թվականի վերջը կաշխատեցնենք Հայաստանի ամենամեծ տնտեսական ծրագրերից մեկը` Թեղուտի հանքավայրերը: Այսօր աշխատանքները ընթանում են մեծ թափով, և շուրջ 700 հոգի ներգրավված են այդ ծրագրում: Արդեն տեղ են հասել ծանր սարքավորումներ, որոնք օգտագործվում են բաց հանքի աշխատանքներն ընդարձակելու նպատակով: Ընթանում են փորձնական աշխատանքներ: Իսկ հիմնական աշխատանքների ժամանակ Հայաստանի արտահանման ծավալները միանգամից կավելանան 200-250 միլիոն դոլարով: Դեռ կան շատ դժվարություններ ու լուրջ խոչընդոտներ: Բայց ես համոզված եմ, որ համատեղ աշխատելով մարզի ու երկրի ղեկավարության հետ, մեր ծրագիրն առաջ կտանենք: Եվ այդ ճանապարհին անհրաժեշտ է մի քանի կարևոր քայլեր անել: Առաջինը` Ալավերդիում ծծմբաթթվի տեղամասի կառուցումը մեծ գումարների ներդրում է պահանջում, նաև ծծմբաթթվի պահանջարկի շուկայի փնտրտուքը: Ինչպես տեսնում ենք, գլխավոր տնօրենն իր խոսքում չի անդրադառնում բնապահպանական խնդիրներին, չի հիշատակում այն միջոցառումների մասին, որոնք անհրաժեշտ են շրջակա միջավայրը մաքուր պահելու և հանքօգտագործումն անվտանգ դարձնելու: Չնայած նա, այնուամենայնիվ հիշատակեց որոշ միջոցառումներ. - Արդեն գործարանի ծխնելույզը 780 մ բարձրությունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձրության վրա, որտեղ տեղադրվել է 20 մետր բարձրությամբ և 3 մետր տրամագծով ծխնելույզ,¬ ասաց պրն Մեժլումյանը: Նախկին` 100 մետր բարձրությամբ ծխնելույզի համեմատությամբ` արտանետումները տեղի են ունենալու ծովի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից: Գազերի տեղափոխումը նախկին ծխնելույզի հարթակից իրականացվելու է նոր կառուցվող մոտ 918 մետր երկարությամբ նախածխանցքով, որն էլ կնվազեցնի քաղաքի և հարակից բնակավայրերի վրա գործարանի արտանետումների ազդեցությունը: Սրանք համարվում են հիմնարար միջոցառումներ, սակայն ուսումնասիրելով դրանք` բնապահպանները եկել են այն եզրակացության, որ այդ միջոցառումները միայն մակերեսային են և չունեն բարձր օգտակարություն: Հենց այս հանգամանքն էլ այսօր լուրջ մտահոգություններ է ծնում և բնապահպաններին հարկադրում շարունակել իրենց պայքարը ոչ միայն Թեղուտը ոչնչացումից փրկելու, այլև կառուցվող ծծմբաթթվի արտադրամասի դեմ, որը նույնպես կարող է լուրջ բնապահպանական վտանգներ ներկայացնել: Ճանաչված բնապահպան Հակոբ Սանասարյանի կարծիքը բոլորովին այլ է, նա համոզված պնդում է, որ ցանկացած միջոցառում, որի մասին խոսում են ձեռնարկության սեփականատերերը, վաղուց փորձարկված է աշխարհում և չունի արդյունավետություն. հետևաբար հարկավոր է մշակել բոլորովին նոր մեթոդներ, ամեն մի քայլ համաձայնեց նել գիտնականների և բնապահպանների հետ: Հ. Սանասարյանի դիտարկումներն իսկապես անկեղծ են, նա խորապես մտահոգված է և կամենում է ամեն ինչ անել, որպեսզի Ալավերդին ու շրջակա միջավայրը չտուժեն, պահպանվեն բնական այն հարստությունները, որոնք ողջ ժողովրդինն են: Ալավերդցիներն էլ են մտահոգված, չնայած հասկանում են նաև, որ նոր աշխատատեղեր են բացվելու, լուծվելու են ֆինանսական խնդիրներ: Սակայն նրանք չեն կամենում իրենց բարօրության հաշվին վնասել բնությանը:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ