ՄԵՐ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ


ՀՀ անկախության վերականգնման 20-ամյակի առթիվ շնորհված պատվավոր կոչումների մեջ իր բաժինն ունեցավ նաև Մարտին ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ` արժանանալով ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Ընկերներիցս մեկը, ով երաժշտության մեծ սիրահար է, զարմացած հարցրեց. - Չե՞ն շփոթել… Չէ՞ որ Վարդազարյանը շատ վաղուց է ստացել ժողովրդական արտիստի կոչում: Չէին շփոթել. մեր ժամանակների ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկը, ով, իսկապես իր երաժշտությամբ մեծ ժողովրդականություն է վայելում, այդ կոչմանն արժանանում է միայն հիմա: Ասում են, թե գնահատությունները երբեք ուշացած չեն լինում: Չհամաձայնելով հանդերձ, նշենք, որ Մարտին Վարդազարյանի դեպքում` պատվավոր կոչումը միայն դառնում է փաստի արձանագրություն: Մարտին Վարդազարյանը Հայաստանում ջազի ամենանշանավոր տարածողներից մեկի` Ցոլակ Վարդազարյանի որդին է: Ուրեմն բնավ էլ պատահական չէր, որ նա պիտի երաժշտական կրթություն ստանար` ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինն ու սկսեր իր գործունեությունը (1961-ից): Չնայած միայն 1970-ին է ավարտել Էդվարդ Միրզոյանի գլխավորած կոմպոզիտորական դասարանը, արդեն 1960-ականներին նա ճանաչում ունեցող կոմպոզիտոր էր, ում ստեղծագործությունները հնչում էին ռադիոյից, հեռուստաեթերից. երաժշտություն էր գրում ֆիլմերի և թատերական ներկայացումների համար: Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը անկյունաքա րային դարձավ մեր կինեմատոգրաֆի համար, այն սկզբնավորեց նոր շարժում, էկրան բերեց նոր հերոսի: Այս ֆիլմի գլխավոր արժանիքներից մեկը նրա երաժշտությունն էր, որի հեղինակը Մարտին Վարդազարյանն է, ով այդ ժամանակ արդեն Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր: 1966-1972 թթ. ղեկավարելով այս նվագախումբը` նա ինքնատիպ մրցակցություն էր ձևավորել Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը: Վարդազարյանի ջանքերով նվագախմբի երկացանկում ընդգրկվեցին հայ ժամանակակից կոմպոզիտորների ջազային և էստրադային ստեղծագոր ծություններ, նա կարողացավ դեպի էստրադան գրավել նաև աշուղական և ժողովրդական երգերի անզուգական կատարողներ Հովհաննես Բադալյանին և Ռուբեն Մաթևոսյանին: Ամենաբեղմնավոր համագործակցությունը Ռաիսա Մկրտչյանի հետ էր, ում համար կոմպոզիտոր Վարդազարյանը գրեց մի շարք երգեր, որոնք շատ երկար տարիներ հնչում էին ամենատարբեր բեմերից: 1990-ից մինչև օրս կոմպոզիտորը Հանրային հեռուստատեսության «Ջազ բենդի» երաժշտական խորհրդատուն է, կոնցերտմայստերը, բազմաթիվ մշակումների հեղինակ: Երևանի պատվավոր քաղաքացի և Երևանի ավագանու անդամ, այսօր արդեն` ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը երաժշտություն է գրել մոտ 100 թատերական ներկայացման համար: Իսկապես, մեծագույն ժառանգություն: 1967-ին Վարդան Աճեմյանը բեմադրեց «Աշխարհն, այո, շուռ է եկել» պիեսը` ստեղծելով մեր ժամանակների ամենազվարթ ներկայացումներից մեկը, որին յուրատեսակ շունչ էր հաղորդում Մարտին Վարդազարյանի երաժշտությունը: Նրա երաժշտարվեստն իր «գործուն ներկայությունը» հաստատեց նաև «Քաջ Նազար» բեմադրության մեջ, դուրս եկավ ներկայացման տիրույթներից և վերածվեց համերգային համարի: Այդպես` առանց նրա բազմաթիվ երգերի ու կոմպոզիցիաների դժվար է պատկերացնել մեր ժամանակների երաժշտությունը: 100-ից ավելի ներկայացումներին գումարվում են 40 ֆիլմն ու 5 մյուզիքլը… Բայց «թեթև» ժանրում ստեղծագործելուց զատ` Մարտին Վարդազարյանը նաև դասական արժեքներ է հեղինակել. Սոնատ դաշնամուրի համար` երկու մասով, Կվարտետ լարային գործիքների համար, Կոնցերտինո ֆլեյտայի և լարային նվագախմբի համար, մեկ սիմֆոնիա, «Ձոն Բարտոկին» սիմֆոնիկ պոեմը և այլն: Այս ծանրակշիռ կենսագրությանը զուգակցվում է նրա անչափ համակրելի մարդկային կերպարը, նրա անսահման հումորը, որն ամենալուրջ պահերին անգամ դառնում է ներդաշնակ, թեթևություն պարգևում մարդկանց հոգիներին: Անհնար է գտնվել Մարտին Վարդազարյանի կողքին և… չժպտալ, որովհետև նա կարողանում է զարմանալի թեթևությամբ վերաբերվել ամենաբարդ վիճակներին անգամ` ներշնչելով հույս և լավատեսություն: Այդպիսին է նաև նրա երաժշտությունը. հոգեմոտ, թեթև, կենսալի, երբեմն` հեգնանքով լի: Ուրեմն, կարելի է վստահորեն ասել, որ Մարտին Վարդազարյանը մեր երաժշտության Ֆրանսուա Ռաբլեն է` ազգային նկարագրով ու կերտվածքով:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ