ՎիկիԼիկսը, աշխարհը և մենք


Վերջին ժամանակներում մեր ներքաղաքական շրջանակները հաճախ են անդրադառնում վիկիլիկսյան բացահայտումներին, նաև դրանցով պայմանավորում աշխարհում կատարվող այս կամ այն իրադարձությունը: Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա և աշխարհում առկա իրադարձութ յունների հետ վիկիլիկսյան բացահայտումների հնարավոր կապի և ազդեցությունների մասին է զրույցը Ռազմավարական և ազգային հետազոտություն ների` Հայաստանի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: - Կարելի է համարել, որ ՎիկիԼիկսի բացահայտումներով ցանկանում են տարբեր երկրների քաղաքական վերնախավերին ցույց տալ, թե ինչպիսին է Միացյալ Նահանգների վերաբերմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ: Կարելի է նաև դա որպես ճնշման ձև ընկալել, և շատերը հենց այդպես էլ` տվյալ երկրի իշխանությունների վրա որպես ճնշում են ընկալում: Հիմա միանշանակ հնարավոր չի ասել, թե այդ բացահայտումների ֆոնի վրա ի՞նչ է կատարվում իրականում քաղաքականության մեջ, որովհետև լուրջ փոփոխություններ են կատարվում աշխարհում: Ընդհանրապես պարզ չի ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը. նա շատ ավելի խիստ վերաբերմունք է ցուցաբերում անխտիր բոլորի հանդեպ, սկսած` Ռուսաստանից, Կովկասից: Ներկայում կոնկրետություն կարելի է տեսնել միայն Թուրքիայի վարքագծում, երբ հայ-թուրքական արձանագրությունները վերադարձրին խորհրդարան: Չնայած` այդ հանգամանքը միանշանակորեն մտածելու տեղ չի տալիս. չվերադարձնելն ավելի կոնկրետ վերաբերմունք կարտահայտեր: Կարող է` վերադարձրել են խորհրդարան, պարզապես ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: Վերջին տարիներին Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը` զրո խնդիր հարևանների հետ, իրականում հանգեցրեց հակառակ էֆեկտի: Այսօր բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել Թուրքիայի հարավում և արևմուտքում: Էգեյան ծովի ավազանում արդեն չեն բացառում ռազմական գործողությունները: Այս համատեքստում կարելի է ասել` Թուրքիան փորձում է մեղմացնել հարաբերությունները թիկունքում, որովհետև Հայաստանի հետ հարաբերություններն ինչ-որ առումով կապված են թուրք-ռուսական հարաբերությունների հետ: - Բայց ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանն ակնարկեց, որ Թուրքիան անտարբեր չէ Ղարաբաղի հարցում` կրկնելով, թե հարկավոր է Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի կողմից օկուպացված տարածքները: - Այո, և դա նույնպես ցույց է տալիս, որ իրականում քաղաքականության մեջ նորություն չկա, բայց կա նոր իրավիճակ: Եվ այդ նոր իրավիճակում բնական է, որ բոլորը ջանում են շատ ավելի զգույշ լինել, որպեսզի ավելի լուրջ բարդությունների առջև չկանգնեն: - Անդրադառնալով վիկիլիկսյան բացահայտումներին, նաև հիշատակենք Լ. Տեր-Պետրոսյանի և Բրայզայի զրույցը: Քաղաքագետներից ոմանց կարծիքով, Ռուսաստանը չի ների Լ. Տեր-Պետրոսյանին` որ նա հորդորել է Բրայզային` համոզել ԱՄՆ իշխանություններին, որպեսզի նրանք Ռուսաստանից խլեն Ղարաբաղի խնդրի կարգավորման նախաձեռնությունը: - Հայաստանի իշխանության խնդիրը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապելը կարծում եմ` շատ սուբյեկտիվ է: Իհարկե, Միացյալ Նահանգների իշխանություն ներն առանց ՎիկիԼիկսի էլ գիտեին, թե ինչպիսին են եղել Հայաստանում ընտրությունները: Բայց միանշանակ ասել, թե պաշտպանել են տիրող ռեժիմը, որովհետև ինչ-ինչ պլաններ ունեն` կապված հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան խնդրի հետ, դարձյալ շատ սուբյեկտիվ է: Եվ այդ սուբյեկտիվության վրա արդեն փորձում են զրույցներ ծավալել հայ-ռուսական հարաբերությունների ապագայի և կամ եվրոպա-ամերիկյան հարաբերությունների մասին: Կարծում եմ` այդ ամենը պարզապես մեր քաղաքական վերնախավի պատկերացումներն են: Ավելի շուտ, դրանք այս կամ այն քաղաքական ուժի քաղաքական գիծն է, որ Հայաստանի ընդդիմությունը կարող է բարդություններ ունենալ` կապված ՎիկիԼիկսի հրապարակումների հետ: ՎիկիԼիկսը չի, որ թույլ է տալիս հասկանալ այս կամ այն երկրին, թե Հայաստանում որ քաղաքական ուժն ինչ դիրքորոշում ունի: Բոլորն ամեն ինչ հրաշալի գիտեն: Մենք պետք է հետևենք օբյեկտիվ կատարվող գործընթացներին: - Ի դեպ, ուզում էի հարցնել, թե արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական զարգացումներում ազդեցություն կունենա օրերս Ռուսաստանում 2012-ին որպես նախագահի թեկնածու Վլ. Պուտինի առաջադրման մասին հստակեցումը: - Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա մեծ է: Տպավորություն կար, թե ամբողջ Արևմուտքը սկսելու է քարկոծել Պուտինի վերադարձը: Բայց արևմտյան երկրների պաշտոնական հայտարարություններից երևում է, որ որևէ առանձնահատուկ իրարանցում չկա: Շատերն էլ գտնում են, որ էական տարբերություն չկա, թե ով է Ռուսաստանում առաջին դեմքը, կամ Պուտինի և Մեդվեդևի քաղաքականության մեջ որևէ մեծ տարբերություն չեն տեսնում: Գտնում են, որ ամերիկյան քաղաքականության մեջ վերաբեռնումը պետք է շարունակվի: Ես համոզված եմ, որ Հայաստանում էլ նշանակություն չի ունենա, թե ինչպես կընթանան ներքաղաքական գործընթացները: - Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում ընդհանրապես չեն բացառել արտահերթ ընտրությունների հավանականությունը` թե´ խորհրդարա նական, թե´ նախագահական: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այդ առնչությամբ: - Արտահերթ ընտրություններ կարող են լինել կապված այն հարցի հետ, թե Հայաստանի գործող ռեժիմն ինչպես է ուզում վերարտադրվել, ինչ վտանգներ է տեսնում ժամկետների մեջ: Հիշենք Սահակաշվիլիի դեպքը. երբ նա տեսավ, որ ժամանակն իր դեմ է աշխատում, անմիջապես հրաժարական տվեց և նոր ընտրություններում նորից ընտրվեց: Նման բաները միշտ և ցանկացած տեղում էլ կարող են լինել: Բայց ի՞նչ նշանակություն ունի դա` որակական փոփոխությունների տեսակետից: Ինչ վերաբերում է ընդդիմության պլանավորած ձևով արտահերթ ընտրություններին, որը ժողովրդական ճնշման ազդեցությամբ լինի, ուրիշ խնդիր է: Եվ եթե ընդդիմությունը հասնի դրան, ի՞նչ որակական փոփոխությունների ակնկալիքներ ունեն: Ի՞նչ է, սպասում են, որ կլինեն նորմալ ընտրությունններ, թե՞ իշխանությունների հետ համաձայնության կգան ինչ-որ հարցերում: Չգիտեմ, դժվար է այդ մասին նախօրոք կանխատեսում անել: Ասել են` առաջիկա հանրահավաքում պարզություն կմտցվի: Դե, կլինի, կտեսնենք:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ