ՄԻ ՏԱԳՆԱՊ ՑՐՎԵՑ


Ու մենք բոլորս հաճելիորեն զարմացանք: Բայց բացառիկ մի դեպքով զարմանալու փոխարեն` մշտական հավատ կարող էինք տածել մեր իրավապահների հանդեպ, եթե հանցավորության դեմ նրանց պայքարը հետևողական, արդյունքներն էլ` այս մեկի նման առարկայական լինեին: Վերջապես մեր ոստիկանությունը ժողովրդի առօրյայից մի տագնապ ցրեց. մայիս ամսից այս ու այն ունևորների տների վրա ավազակային հարձակումներ իրականացնող բանդան վնասազերծված է: Համենայնդեպս` այդպես է հավաստիացնում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տրամադրած տեղեկատվությունը: Իսկապես ծավալուն բացահայտումներ են կատարվել: Հանցախմբի անդամներից մեկը մահկանացուն կնքել է փախուստի պահին, չորսը կալանված են, չորսը` ձերբակալված: Դժվար է, իհարկե, հավատալ, որ ընդամենը այս ինն են եղել «առանձնակի հանդգնությամբ աչքի ընկնող ու լավ կազմակերպված ավազակային հարձակումների» կազմակերպիչներն ու իրականացնողները: Որքան էլ նրանց մի մասը կրկնահանցագործներ են, միևնույն է` առանց «զորավոր» տանիքի հազիվ թե կարողանային իրենց նախկին հանցագործությունների «շնորհիվ» այդքան զենք-զինամթերք, «պրեստիժ» ավտոմեքենա, ամառանոց ունենալ: Ամենակարևորը` չէին կարողանա համակողմանի տեղեկատվություն «ճանկել»` թե ո՞ւմ տուն ո՞ր ետնախորշով ներթափանցել` վստահ լինելով, որ տվյալ մեծահարուստի ունեցվածքը տանն է, որ այսինչի առանձնատան այնինչ հարկում չհրկիզվող պահարան կա... Հուսանք որ իրավապահները չեն բավարարվի 8-9 չարագործի մեկուսացմամբ: Սա խնդրի մեկ կողմն է: Կա կարևոր մեկ այլ հարցադրում. ինչո՞ւ այսքան ուշացումով: Ավելի ստույգ` ինչո՞ւ երկրի Նախագահի խստագույն պահանջից հետո միայն ոլորտի ղեկավարությունն իրար անցավ և արձանագրեց ցանկալի արդյունքը: Չէ՞ որ Հանրապետության ղեկավարի նույն պահանջկոտությունը ցանկացած պաշտոնյայի նշանակման հրամանագրով է վավերացված: Պարզապես, երևի, ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, թե վերջին շրջանի պաշտոնանկությունները և դրա հեռանկարից ոստիկանապետի խուսափելն էր այսպիսի գործնականության դրդառիթը: Մինչդեռ համակարգի հիրավի առողջացումը, ոստիկանի նոր, փոքրիշատե դրական կերպար ստեղծելը պիտի որ իր մասնագիտությունը, իր ղեկավարած բնագավառը հարգող յուրաքանչյուր պաշտոնատարի արժանապատվության խնդիրը լիներ: Ո՞վ կարող է պնդել, որ չկան ազնիվ, ջանադիր, բարեկիրթ ոստիկաններ. այդպիսիներին ճանաչելու բարեբախտությունն էլ ունենք: Բայց այնքա˜ն քիչ են նրանք: Իսկ գուցե ընդհանուր մթնոլո՞րտն է շատերին մղում կոպիտ լինել` իրենց դիմող քաղաքացիների, իրենցից արդարություն ակնկալող (ինչո՞ւ չէ` նաև պահանջող) դիրք ու ազդեցության լծակներ չունեցող մարդկանց հետ... Մայիս ամսից մեր ազգաբնակչությունը գրեթե ամեն օր վերոհիշյալ ավազակախմբի հերթական հարձակման մասին լուրերին է սպասում: Տեղին է չէ՞ ասել` վախի, անհանգստության մթնոլորտ է ձևավորվել: Սրանց հավելենք նաև սովորական մահկանացուների դեմ կատարվող բազմաթիվ ու բազմապիսի ոտնձգությունները: Այսինքն, քաղաքացիական հասարակությունը հանգիստ չի ապրում. գրեթե ամեն պահի և գրեթե ամեն ոք կարող է հղփացած մի բաշիբոզուկի ոտնձգության թիրախ կամ զոհ դառնալ: Իսկ ո՞ւր են այն հռետորաբանները, ովքեր առիթ¬անառիթ փրփուրն ի բերան` դատափետում են Բանակը: Հիմա և ընդհանրապես, խաղաղ բնակչության դեմ ոտնձգողների առիթով ինչո՞ւ կոչնակ չեն զարկում: Քաղաքացիական սպանությունները, հանցագործություններն ու պատահարները գանակոծելու համար դրամաշնորհներ չե՞ն տրվում: Թե՞ մտածում են, որ արատավոր բարքերը բանակից են հասարակություն թափանցում: Հիշեցնենք` ճիշտ հակառակը: Քաղաքացիական հիվանդ մոլուցքներն են Զինված ուժեր ներմուծվում: Հասարակության ու ոստիկանների կիսաբաց աչքերից «վրիպած» հանցանք¬զանցանքակիրները կամ նրանցով թևավորված «դեղնակտուցներն» են բանակում բոլոր չարիքների պատճառը: Ուրեմն` ո՞ւր եք, բանակատյաց խումբ¬խմբավորումներ. ձեր ձայնն ինչ¬որ լսելի չէ քաղաքացիական հասարակությունում: Բայց այս նույն հանցագործներից մեկը (կամ նրանց նմանները) վաղը¬մյուս օրը կարող են զորակոչվել և տագնապի նույն մթնոլորտն այնտեղ ստեղծել: Այնժամ սաքունցների ձայնը լա˜վ կհնչի, այնպես չէ՞...