ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Վլադիմիր ՄՍՐՅԱՆ. Ժողովրդական արտիստ, պետ. մցանակների դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի դրամատիկական թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի: - Վերջերս լրացավ Ձեր ծննդյան 70-ամյակը. շինորհավորում ենք: Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Երևի թե կյանքն ինքնին դժվար է: Մանավանդ` մեր մասնագիտության մեջ. առաջընթացի ճանապարհին դժվար էր հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ ու ստեղծագործել: Իսկ այսօր ստացվում է` յուրաքանչյուր մարդ կարող է դերասանությամբ զբաղվել: Դա ուղղակի անընդունելի է: Հասարակ բան է. սերիալներ ես դիտում, որոնց դերակատարները պարզապես պատահական մարդիկ են: Եթե յուրաքանչյուր մարդ իրեն կարող է թույլ տալ դեր ստանձնել, դա արդեն արվեստ չէ: Ընդհանրապես արվեստը կյանքից ինչո՞վ է տարբերվում, ինչո՞ւ բեմը մոտ մեկ մետր բարձր է, որովհետև այն կյանքի գեղագիտական վերարտադրությունն է: Արվեստը պետք է բարձր, վեհ լինի. գոնե մի քիչ տարբերվի առօրեականից: Սովորական մարդիկ խոսում, շարժվում են. դա հետաքրքիր չէ: Ես կտրականորեն դեմ չեմ սերիալներին. այնտեղ շնորհալի մարդիկ էլ կան, բայց գրական հենքը հեռու է մշակույթից: Ռեժիսորներն ու սցենարիստներն էլ չգիտես, թե ովքեր են: Գրական հարուստ ժառանգություն ունենք, որոնց մեծ մասը լավագույն սցենարներ կարող են դառնալ: Սակայն չգիտես ինչու` նախապատվությունը տրվում է էժանագին առօրեականությանը: Ես հասկանում եմ, որ իմ կոլեգաները ընտանիք են պահում: Բայց կան մարդիկ, որ չեն գնում այդ ճանապարհով, որովհետև չեն ուզում դավաճանել ճշմարիտ ավեստին: Նայում եմ ամերիկյան «Կնքահայր» ֆիլմը. իսկական մաֆիոզները սովորական` մեզ պես մարդիկ են: Հուզվել գիտեն, փխրուն հոգի ունեն, իսկ մերոնք փողոցային կոպիտ ժարգոնով, բերանը ծռելով են խոսում: Մարդուն մի գույնով չի կարելի ներկել. մարդը` մանավանդ անհատականություն ունեցողը, և° լավի, և° վատի կրողն է: Նույն վիճակն է երգի ասպարեզում: Միջակ կարողությունների տեր մարդուն երգիչ են դարձնում, այն էլ` աստղ: Ո՞ւմ է պետք այդքան շատ երգիչ-երգչուհի: Այն ժամանակ մի քանիսն էին, բայց… Հիմա հազարն են, բայց մեծամասամբ իրար նման` միատիպ են տզզում: Ստացվում է` բոլորն էլ կարող են երգե՞լ: Երգիչը պետք է առանձնանա. Պավարոտին միակն էր, Գոհար Գասպարյանը եզակի էր, Լուսինե Զաքարյանը` իր տեսակի մեջ միակն էր: Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ մենք հետամնաց երկիր ենք, մինչդեռ եվրաինտեգր ման գործընթացում ենք: Ես, որպես հայ մարդ, ինձ վատ եմ զգում. մտածելակերպով, ասելիքով փոխանակ առաջ գնանք, ե՞տ ենք գնում: Մի շրջան կար` արդեն հասնում էինք հոգևոր սովի: Տնտեսական սովը մի կերպ տանելի է, հոգևորը` ահավոր բան է: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Աշխարհում կան ընտրյալ ազգեր, բայց ինձ թվում է` ամենաընտրյալը հայն է: Հայ կուզենայի մնալ, երբեք չէի ուզենա փոխել: Սակայն մեր ազգի որոշ խնդիրներ շատ մտահոգիչ են: Այդուհանդերձ, հավատում եմ, որ աստիճանաբար բարեփոխվելու է մեր կյանքը: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Կան գաղտնիքներ, որոնց մասին երբևէ չես խոսում: Ես այդպիսի ծանր գաղտնիքներ չունեմ, որովհետև, փառք Տիրոջը, ապրել եմ ազնիվ, ոչ մի չարագործություն չեմ արել: Գաղտնիքը հենց կյանքն է, որը դեռ չեմ կարողացել լիովին բացահայտել, այդ բանալին չեմ գտել: Սկիզբը և վերջը. արդյոք կա՞ վերջը, թե՞ ոչ: Ինձ թվում է, որ չկա. ես հավատացյալ մարդ եմ և կարծում եմ, որ կա կյանք այն աշխարհում: Պետք է մաքուր ապրես, որ հետագայում նույնպես քեզ լավ զգաս: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ընդհանրապես` տիեզերքը, կյանքը, որովհետև այնքան բաներ կան, որ դեռ չեն բացահայտվել: Նաև մարդը` իր էությամբ, երևի, լրիվ բացահայտված չէ, քանի որ նրա էությունը շատ մեծ է: Ըստ երևույթին մարդը գիտակցության «պիկ»-ին դեռ չի հասել: Երևի հետագայում, երբ մարդկությունը հասնի դրան, պետք է որ անմահություն գոյություն ունենա. ինձ այդպես է թվում: - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Լավ դեպքեր կան թե° մանկությունից, թե° մեր օրերից: Ամեն քայլափոխի էլ զավեշտներ են հանդիպում, եթե, իհարկե, կարողանում ես ընկալել, գնահատել: Հիշում եմ` շատ տարիներ առաջ թատրոնում Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա թատերական մի երկ էինք բեմադրում` «Յոթ կայարաններ»: Այնպես ստացվեց, որ ներկայացումը հանձնելուց հետո արձակուրդ գնացինք, իսկ երբ վերադարձանք, այդպես էլ չկրկնեցինք հապշտապ սովորած բանաստեղծությունները: Եկավ իմ խոսքի ժամանակը. առաջին տողը արտասանեցի ու մոռացա, իսկ մենք հուշարար չունենք, ընդհանրապես մեր թատրոնում չկա այդ հաստիքը: Ես կարծում էի, որ ընկերներիցս որևէ մեկը կհուշի, բայց բոլորը շշմած ինձ էին նայում: Առաջին կարգում նստած համալսարանի մի ուսանողուհի հուշեց երկրորդ տողը, կրկնեցի, շրջվեցի և դեմքիս խնդրալից արտահայտությամբ բանաստեղծության շարունակությունն եմ հայցում: Գլուխը բացասաբար տարուբերելով մերժում է: Ավելի թախանձագին են դառնում հայացքներս: Մի խոսքով` այդ աղջիկը ամբողջ բանաստեղծությունը տող առ տող հիշեցրեց: Շնորհակալություն հայտնեցի, ասաց. «Խնդրեմ»: Ժողովուրդը ծափահարեց, աղջիկը դեմքով դեպի հանդիսատեսը կանգնեց, խոնարհվեց: Մի դեպք էլ եմ հիշում. խաղում էինք Ստինբերգ` Դյուրենմաթ: Երիտասարդ զույգ էր եկել ներկայացումը դիտելու: Ըստ երևույթին նոր էին սիրահարված. շատ էին միմյանցով տարված: Իրենց համար ներկայացումը չէր այնքան էական, որքան իրենց գրկախառնությունները, համբուրվելը, կոնֆետ ուտելը: Եվ այդ ամենը` առաջին կարգում: Մի խոսքով` իրենք իրենց տարերքի մեջ էին, բայց դա նյարդայնացնում էր: Օգտվեցի ներկայացման վերջնամասի տեսարանից, որտեղ հերոսը, սուրը հանելով, ասում է. «Կյանքում մի հմտություն է պետք. ժամանակին ինչ-որ բան ջնջել, ջնջել ու գնալ առաջ: Դո°ւրս այստեղից, դավաճան անառակներ»: Սուրս դրեցի ուղիղ այդ տղայի կոկորդին և այդ խոսքերն արտասանեցի: Խեղճը վախից զգաստացավ, ոտքերը բարձրացրեց և, երբ սուրս քաշեցի, նրանք ակնթարթորեն փախան: Համլետ էի խաղում: Դերասանների գալստյան տեսարանում թենիսի գնդակներ էին նրանք իրենց հետ բերում, և վերջում այդ գնդակները մնում էին իմ ձեռքերի մեջ: Երրորդ կարգում նստած երկու երիտասարդ տղաներ ողջ ներկայացման ընթացքում խոսելով խանգարում էին: Բարդ ներկայացում` հոգեվերլուծական գերհագեցվածություն… Հնարավոր չէր այլևս դիմանալ: Գնդակով ուղիղ այդ երիտասարդներից մեկի ճակատին հարվածեցի, և գնդակը անդրադարձով ետ ընկավ բեմ: Ժողովուրդը կարծում էր` էդպես էլ բեմադրած է: Նրանք նորից շարունակում են խանգարել, ես էլ գնդակով հարվածելու պատրաստակամություն եմ ցուցաբերում: Մի խոսքով, ամբողջ նեկայացման ընթացքում հանգիստ չթողեցի նրանց: - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ: - Ես լոռեցի եմ. Ալավերդիում եմ ծնվել: Լոռվա ամբողջ բնությունը, լանջերը, հանդերը մինչև այսօր աչքիս առջև են: Գնում էինք` մանուշակ հավաքում, ձնծաղիկի նոր դուրս գալը տեսնում: Այդ տեսարանները ինձ շատ հարազատ են, և բնության համար խենթանում եմ: Փակ տարածություններ չեմ սիրում. շունչս կտրվում է: Ալավերդուց դեպի Սանահին տանող կամրջի հետ էլ հետաքրքիր հուշեր կան. երեխա ժամանակ այդ կամրջից շատ էինք նետվում Դեբեդ գետը: Զբոսաշրջիկներ էին գալիս` Հաղպատի վանք գնացող, մոտենում, ասում էինք. «Դյադյա, 20 կոպեկ տվեք, կամրջից գետը թռնեմ» Փոքր էինք, գրեթե մորե-մերկ` վերին նեքնազգեստն էր մեզ ծածկում: Ասում էինք, կեցցե Ստալինը ու ցատկում էինք` 20 կոպեկը բռներիս մեջ սեղմած: Երկաթուղով ճակընդեղ էին տանում: Մագլցում էինք վագոններին, վերցնում մեր ուզածը, խարույկ վառում, խորովում, ուտում: Մի խոսքով` լավ էր: Իհարկե, այդ ժամանակներից անմոռանալի են ծնողներիս հետ կապված հուշերը: Նրանք Ալավերդու թատրոնի հիմնադիրներն էին: Լավ հիշում եմ իմ առաջին հանդիպումը մեծն Վահրամ Փափազյանի հետ: Եկել էր հյուրախաղերի: Ալավերդիի թատրոնում խաղում էր «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո) և Վ. Շեքսպիրի «Օթելլոն»: Ծնողներս վարպետին հրավիրել էին մեր տուն` ճաշի, ու ես դպրոցից տուն եկա, տեսնեմ` խռպոտ ձայնով մարդը նստած է: Հայրս ներկայացրեց ինձ` ասելով. «Ահա, տղաս է, դպրոցից եկավ»: Փափազյանն ասաց. «Մանչս, եկուր մոտս»: Մինչ այդ նկարս էր նայել: Ձեռքս բռնեց, նայեց երկա¯ր-երկա¯ր և շարունակեց. «Մանչս, դերասան ես դառնալու»: Այդ չեմ մոռանում. այդ խոսքերն ինձ համար ճակատագրական եղան: Հետագայում անգամ «Պագանինի» ֆիլմում էլ այդպիսի իմպրովիզ ներմուծեցի Շոպենի և Պագանինիի առաջին հանդիպման տեսարանում:

Տիգան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ